ԱԳԱՊԻ ՄԿՐՏՉՅԱՆ
Գրող, թարմանչուհի
Գերմանիա, Վիսբադեն
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳԻՐՔԸ ԼԱՎԸ ՉԼԻՆԵԼ
Օրերս հայ երիտասարդ գրող Գրիգի ֆեյսբուքյան էջը ողողված էր կեցցեների եւ շնորհավորանքների տարափով՝ գրողի ստացած մրցանակի կապակցությամբ, որտեղ գովաբանվում էր նաեւ հեղինակի «Հիսուսի կատուն» մրցանակակիր գրքի գերմաներեն թարգմանությունը: Ես նույնպես շնորհավորում եմ հեղինակին՝ Քոբուրգի Ռյուքերթի անվան գրական մրցանակին արժանանալու առթիվ, բայց ո՛չ «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանության համար:
Գերմանական Քոբուրգ քաղաքի Ֆրիդրիխ Ռյուքերթի անվան գրական մրցանակաբաշխությունն անցկացվում է 2008 թվականից, դրամական պարգեւը 7.500 եվրո է: Մրցանակը տրվում է արաբական երկրների, Իրանի, Աֆղանստանի, Թուրքիայի, Հնդկաստանի եւ այլ` արեւելյան երկրների գրողներին: Այս գրական մրցանակաբաշխությունը կրում է գերմանացի գրող, լեզվաբան եւ թարգմանիչ Ֆրիդրիխ Յոհանն Միխայել Ռյուքերթի (1788-1866) անունը: Նա համարվում է գերմանական արեւելագիտության գլխավոր հիմնադիրներից մեկը, որն իր գործունեության ընթացքում զբաղվել եւ թարգմանել է ավելի քան 40 լեզուներով: Բոլորովին վերջերս Ֆրիդրիխ Ռյուքերթի արխիվում գտնվող ձեռագրերից մեկում հայտնաբերվել են նաեւ նրանից որոշ նշումներ, որոնք թույլ են տալիս բացահայտել հայերեն սովորելու նրա փորձերը:
Անշուշտ, բոլորովին էլ զարմանալի չէ, որ ճոխ կեցցեների եւ շնորհավորանքների հեղինակներն անվերապահորեն վստահում են «Հիսուսի կատուն» գրքի թարգմանության պրոֆեսիոնալիզմին: Պատճառները, կարծում եմ, հասկանալի եւ ընդունելի են: Դե, ինչպե՞ս կարող է երկու թարգմանչի ջանքերով գերմաներեն թարգմանված եւ Շվեյցարիայում հրատարակված գիրքը լավը չլինել: Սակայն ցավով պետք է նշեմ, որ իրականում այդպես չէ: Թարգմանչուհիներ Վիբկե Ցոլմանը եւ Անահիտ Ավագյանը ո՛չ թե թարգմանել են գիրքը, այլ աղավաղել են այն՝ այդպիսով վարկաբեկելով ո՛չ միայն թարգմանչի մասնագիտության բարձր հեղինակությունը, այլեւ Գրիգին եւ հայ գրականությունը՝ արտերկրում:
Մինչ թարգմանության բուն խնդիրներին եւ թերություններին անցնելը, կցանկանայի ընթերցողին հետադարձ հայացքով ներկայացնել Ֆրիդրիխ Ռյուքերթի անվան մրցանակաբաշխություն տանող ճանապարհի մասին մի փոքրիկ տխրահռչակ պատմություն: Այդ պատմության գլխավոր հերոսներն են գերմանաբնակ հայագետ Արմենուհի Դրոսթ-Աբգարյանը, Գերմանիայի Քոբուրգ քաղաքի մշակույթի բաժինը՝ հանձինս Ռյուքերթի անվան մրցանակաբաշխության ժյուրիի չորս անդամների, որտեղ Դրոսթ-Աբգարյանը միակ հայ ներկայացուցիչն է, հայկական «Անտարես» եւ շվեյցարական «Քոլխիս» հրատարակչությունները…
«ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ» ԿԱՄ՝ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐԵԼՈՒ ՇՂԹԱՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ակամայից հիշեցի Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթի ավարտը։ Հայաստանի մասին անտեղյակ Քոբուրգ քաղաքի մշակույթի բաժինը եւ Ռյուքերթի անվան մրցանակաբաշխության խորհուրդը դիմում են Արմենուհի Դրոսթ-Աբգարյանին, Աբգարյանը դիմում է ու՞մ, դե իհա՛րկե «Անտարես» հրատարակչությանը (իսկ Հայաստանում էլ ուրիշ ի՞նչ հրատարակչություն կա՝ մի Հայաստան, մի «Անտարես»): Մինչ գրական աշխարհը կիմանար, որ Քոբուրգի Ռյուքերթի անվան մրցանակաբաշխության համար 2022 թ. ընտրվելու էր Հայաստանը, Դրոսթ-Աբգարյանը եւ «Անտարես» հրատարակչությունը եռուզեռի մեջ էին: Ընթերցողին պետք է խոստովանեմ, որ չեմ կարող որեւէ գուշակություն անել, թե ընտրությունն ինչո՞ւ հատկապես ընկավ Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի վրա: Երիտասարդ գրողն իրապես շնորհալի է եւ արժանի է գովասանքների, բայց չպետք է անտեսել նաեւ այն փաստը, որ ժամանակակից հայ գրական իրականության մեջ նա միակ շնորհալին չէ: Թող ինձ ների Գրիգը, բայց չեմ կարող չարտահայտել վրդովմունքս մրցանակաբաշխության ոչ թափանցիկ եւ անարդար գործընթացի վերաբերյալ:
Ըստ իս, ամենաանթույլատրելին եւ այո՛, ամոթալին, մրցանակաբաշխության համար թեկնածուներ ընտրելու թաքուն գործընթացն է, որը տեղի է ունեցել, այսպես ասած, «սուսուփուս», «Անտարեսի» եւ միջնորդող ու միաժամանակ ժյուրիի անդամ Արմենուհի Դրոսթ-Աբգարյանի միջեւ ներքին պայմանավորվածությամբ: Այսպիսով, շրջանցելով Ռյուքերթի անվան մրցանակաբաշխության համար սահմանված կարեւորագույն պայմաններից մեկը՝ գրական դաշտի հավասար տեղեկացվածությունը, ոտնահարվել է մյուս հայ տաղանդավոր եւ արժանի գրողների լեգիտիմ իրավունքը՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Փաստացի, նրանց զրկել են մրցանակաբաշխությանը մասնակցելու բացառիկ հնարավորությունից: Հոդվածիս հեղինակի վրդովմունքը հենց ա՛յս արատավոր գործելաոճի դեմ է ուղղված:
Քաջ հայտնի է, որ այնպիսի իրադարձություն, ինչպիսին Ռյուքերթի անվան մրցանակաբաշխությունն է, չի ծրագրվում ո՛չ մեկ օրում, ո՛չ մեկ շաբաթում, եւ ո՛չ էլ անգամ՝ մեկ տարում: Նվազագույնը՝ դեռ երկու տարի առաջ որոշվում է, թե ո՛ր երկիրն է ընտրվելու մրցանակաբաշխության համար: Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ Արմենուհի Դրոսթ-Աբգարյանը նախապես տեղյակ էր, որ 2022 թ. Հայաստանը կդառնա մրցանակաբաշխության թեկնածու երկիրը:
Այսպիսով, գործին լավ տեղյակ Դրոսթ-Աբգարյանն «Անտարես»-ի հետ միասին, վաղօրոք որոշում են նաեւ, թե ո՛ւմ է տրվելու մրցանակը: Ինչո՞ւ եմ այսպես կարծում: Թումանյանի «Անպոչ աղվեսը» հեքիաթի տրամաբանությամբ` Քոբուրգի մշակույթի բաժինը դիմում է Արմենուհի Դրոսթ-Աբգարյանին, վերջինս դիմում է իր ծանոթ «Անտարես» հրատարակչությանը, «Անտարեսը»` Շվեյցարիայում իր ծանոթ «Քոլխիս» հրատարակչությանը եւ ապա միասնական ուժերով գտնում են թարգմանչուհիներ Վիբկե Ցոլմանին եւ Անահիտ Ավագյանին:
ՉԱՐ ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ, ԲՈԼՈՐԻՑ ԳԱՂՏՆԻ
Ի՞նչ կարիք կար ավելորդ ժամանակ վատնել երկրորդական հարցերի վրա, հարկավոր էր առաջին հերթին «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանության գործընթացն արագ ավարտին հասցնել: Չէ՞ որ արդեն հայտնի էր, որ մրցանակը հանձնելու վերջնաժամկետը 2022 թ. հունվարն էր: Չզլանանք տեղեկացնել մեր ընթերցողին, որ ժյուրին մի հարցում իրեն անչափ արժանապատիվ է պահել: Խոսքը ժյուրիի ինտերնետային էջում մրցանակաբաշխության համար սահմանված shօrtlist-ի մասին է:
Ամեն ինչ ներկայացված է անթերի: Բավական է միայն գուգլում գերմաներեն փնտրել «Coburg, Rückert-Preis»՝ անմիջապես աչքիդ առջև հայտնվում է ժյուրիի անդամների լուսանկարը, որտեղ նաև Դրոսթ-Աբգարյանն է: Իսկ լուսանկարի տակ վերամբարձ տողեր`«Այսուհետեւ գերմանացի ընթերցողին ավելի շատ քանակով ներկայացնել գերմաներեն թարգմանված հայ գրականություն»:
Այնուհետեւ հայտնվում է մրցանակաբաշխության shօrtlist-ի ցուցակը` Արփի Ոսկանյան, Արմեն Շեկոյան, Գրիգոր Պըլտյան եւ Գրիգ: Հարգելի ընթերցողին տեղեկացնեմ, որ Քոբուրգի Ռյուքերթի անվան մրցանակաբաշխության կարեւորագույն պայմաններից մեկը նաեւ այն է, որ մրցույթին ներկայացված գրողի ստեղծագործությունը պետք է թարգմանված լինի գերմաներեն եւ, ուշադրությո՛ւն, վաճառվի գերմանական գրախանութներում: Հավատացնում եմ ձեզ, այս հեղինակներից եւ ո՛չ մեկի գրքերը գերմանական գրախանութներում ներկայացված չեն, էլ չեմ ասում, որ նրանցից մի քանիսն առհասարակ թարգմանված չեն գերմաներեն:
Ծանոթանալով մրցանակաբաշխության ողջ ընթացքին՝ ակամայից այն տպավորությունն ես ստանում, որ այս տխրահռչակ պատմության բոլոր հերոսները կարծես մեզ`գրական աշխարհի ներկայացուցիչներիս, անգրագետի տեղ են փորձում դնել՝ հուսալով, որ ի զորու չենք իրենց բիզնես «տրյուկները» բացահայտել: Սույն հոդվածս ապացույցն է, որ հայ գրական աշխարհը քնած չէ եւ ի զորու է դեմ դուրս գալու գրական իրականության մեջ առկա բոլոր արատավոր երեւույթներին:
Սկսենք Արփի Ոսկանյանից: Նա գերմաներեն թարգմանված ունի միայն երկու բանաստեղծություն, որը թարգմանել եմ ես, բացառված չէ, որ գուցե եւս մեկ կամ երկու այլ բանաստեղծություն ինչ-որ մի այլ տեղ նույնպես լինի:
Արմեն Շեկոյանից այդպես էլ որեւէ թարգմանություն չգտա: Եվ եթե նույնիսկ ինչ-որ մի հատված Շեկոյանի ստեղծագործություններից լինի թարգմանված, ապա դա բավական չէ նման մրցանակաբաշխության գրողին ներկայացնելու համար: Մի հարց եւս, մենք բոլորս գիտենք, որ Արմեն Շեկոյանն այլեւս մեզ հետ չէ: Չի բացառվում, որ ընտրվելուց հետո է մահացել, սակայն մեր արկածախնդիր թիմն իրեն չի կորցրել եւ նախընտրած թեկնածուին ցանկալի մրցանակին հասցնելու համար այսպես սրբապղծորեն օգտագործել է մահացած գրողի անունը: Մի՞թե սա լուրջ մոտեցում է ժյուրիի կողմից:
Իսկ թե ինչո՞ւ էր Գրիգոր Պըլտյանի թեկնածությունը դրված, այդպես էլ ինձ համար մութ մնաց: Պըլտյանը բնակվում է Ֆրանսիայում, տպագրվում է ֆրանսերեն եւ հայերեն: Գերմաներենի հետ նրա ստեղծագործությունները որեւէ առնչություն չունեն:
Հարգելի՛ ընթերցող, միգուցե այսքանով բավարարվե՞նք ներկայացնել ժյուրիի արկածախնդիր պատմությունը: Կարծում եմ՝ արդեն կռահեցիք, թե ի՛նչ մարտավարություն է թաքնված մրցանակաբաշխության shօrtlist-ի ցուցակի կոկիկ, բայց անթափանց շղարշի ետեւում: Ժյուրին, այսպիսով, թքած ունի հայ գրական աշխարհի կարծիքի վրա՝ դրանով արհամարհելով մյուս բոլոր հայ տաղանդավոր գրողներին:
ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ եՎ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄ
Shօrtlist-ի ցուցակում մեր փորձառու ժյուրին՝ հանձինս Արմենուհի Դրոսթ-Աբգարյանի, Գրիգի անվան շուրջ է հավաքել անտարեսյան «բարեկամ» գրողների անունները, որպեսզի Քոբուրգի եւ հայ գրական աշխարհի հանրությանն ի ցույց դնի, թե՝ տեսե՛ք եւ համոզվե՛ք, մենք` ժյուրիի անդամներս, ի՛նչ թափանցիկ աշխատելաոճ ունենք: Պարզ է, չէ՞, թե ինչի՞ համար էր այդ ծիծաղելի թատերական ներկայացումը: Այո՛, ճիշտ է, որպեսզի վերջում, չնայած արդեն մրցանակաբաշխությունից շա՜տ եւ շատ առաջ ընտրված ու որոշված էր մրցանակակիրը, գրական աշխարհից որեւէ մեկը չհանդգնի կասկածի տակ առնել ժյուրիի անաչառությունը: Այս ամենի դեմ հոդվածիս հեղինակը թերեւս նույնպես չէր համարձակվի ըմբոստանալ, եթե… այո՛, եթե բազում այլ եթե-ները չլինեին… Եթե մրցանակաբաշխությունը ծածուկ չանցկացվեր, եթե հնարավորություն տրվեր հայ մյուս շնորհալիներին մասնակցելու, եթե… Արմենուհի Դրոսթ-Աբգարյանը մինչեւ մրցանակաբաշխության թեկնածուներին ընտրելը իսկապես ծանոթանար ներկայացված հեղինակների գերմաներեն գրքերին, որոնք իրականում չկան, եւ եթե նա գոնե մեկ անգամ բացեր Գրիգի գրքի անփառունակ թարգմանությունը…
Ո՛չ, ներողություն, մի քիչ շտապեցի: Արմենուհի Դրոսթ-Աբգարյանը գուցե վերցրել է Գրիգի գերմաներեն թարգմանված գիրքը, գուցե նաեւ մեծագույն բավականությամբ թերթել է գրքի թարմ էջերը, այս ու այն կողմ շրջել դրանք, բայց համոզված եմ, որ նա ի զորու չէր լինի հայտնաբերել թարգմանության մեջ առկա անթիվ-անհամար թերությունները: Ապրել Գերմանիայում եւ խոսել գերմաներեն, դեռ ամենեւին չի նշանակում լինել գերմաներենի մասնագետ: Ցավոք, շատ-շատերը թարգմանական դաշտում անտեսում են այդ փաստը՝ դառնալով իրենց իսկ փառասիրության զոհը եւ այսպես վարկաբեկելով նաեւ հայ գրականությունը արտերկրում:
ՉԵՄ ԼՌԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՊԱԳԱՅՈՒՄ
Քոբուրգի Ռյուքերթի անվան մրցանակաբաշխությանը արժանացած Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի թարգմանությունը արժանի չէ դասել նույնիսկ «թարգմանված գիրք» կատեգորիային: Թող ինձ ների կրտսեր գրչընկերս, կարծիքս բոլորովին էլ ուղղված չէ Գրիգի դեմ, այլ հակառակը, գրում եմ, որովհետեւ սրտացավ եմ հայ գրականության համար: Հոդվածս միայն ու միայն ուղղված է այն արատավոր երեւույթների դեմ, որոնք այսօր առկա են հայ գրական թարգմանական դաշտում: Չեմ կարող նաեւ լռել, երբ ինքնակոչ թարգմանիչները վարկաբեկում են հայ գրականությունը իմ երկրորդ հայրենիք Գերմանիայում:
Չեմ պատրաստվում նաեւ լռել ապագայում, եթե փորձ արվի կրկին աղավաղել հայ գրականությունը գերմանալեզու դաշտում:
Յուրաքանչյուր թարգմանիչ, լինի Հայաստանում թե արտերկրում, պետք է խորապես գիտակցի, որ ձեռնարկելով թարգմանություն, ինքը դառնում է միաժամանակ մեր հայրենիքի գրական դեսպանը արտերկրում: Իսկ հայրենիքի գրական դեսպանների կոչմանը արժանի են միայն ու միայն լավագույնները:
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ
Իսկ այժմ թույլ տվեք ներկայացնել Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի թարգմանության թերությունները: Հասկանալի պատճառով, անշուշտ, անհնար է ներկայացնել ողջ գրքի թերությունները, այդ իսկ պատճառով ընտրել եմ գրքի վերնագիրը կրող պատմվածքը՝ «Հիսուսի կատուն»: Հարկ եղած դեպքում պատրաստ եմ ներկայացնել գրքի բոլոր թարգմանական մեղանչումները:
Նախապես նշեմ, որ այն բոլոր թերությունները, որոնց մասին ստորեւ կհիշատակվի, ոչ մի դեպքում չեն առնչվում թարգմանչի ստեղծագործական ազատությանը, դրանք նաեւ վրիպակներ չեն, որոնք երբեմն թույլ են տրվում տպագրության ընթացքում, երբեմն էլ, ինչո՞ւ ոչ, նաեւ մեր՝ թարգմանիչներիս կողմից եւ անխուսափելի են: Թարգմանական գործընթացը մի անվերջ եւ շարունակական ճանապարհ է, որի ընթացքում ձեռք են բերվում փորձ եւ նորանոր հմտություններ: Եվ այդ ճանապարհին թույլ տրված վրիպումները «թույլատրելի» են: Սակայն վերոհիշյալ գրքի թարգմանչուհիներ Վիբկե Ցոլմանը եւ Անահիտ Ավագյանն իրենց թարգմանությամբ հատել են թարգմանական արվեստի կարմիր գիծը: Ընդ որում, այստեղ երկուսն էլ ունեն պատասխանատվության իրենց չափաբաժինը:
Անհերքելի է, որ գերմանուհի եւ գերմաներենը որպես մայրենի լեզու տիրապետող Վիբկե Ցոլմանի անթերի թարգմանական աշխատանքը հիմնականում կախված է նրանից, թե Անահիտ Ավագյանը` բնագրի լեզվին տիրապետողը, ինչպիսի թարգմանական որակ կապահովի: Որքան ինձ հայտնի է, Վիբկե Ցոլմանը որոշ չափով գիտի հայերեն, բայց դա, իհարկե, նման պատասխանատու աշխատանքի համար բավարար չէ: Ակնհայտ է, որ Անահիտ Ավագյանը նույնպես գերմաներենին չի տիրապետում այնպես, որ ի զորու լիներ Վիբկե Ցոլմանին մատուցել անթերի նյութ: Բայց Վիբկե Ցոլմանը նույնպես իր կողմից թույլ է տվել որոշ մասնագիտական անբարեխղճություն: Անահիտ Ավագյանի թարգմանած որոշ հատվածներն անգամ պետք է որ թարգմանական փորձ ունեցող լեզվակրին տարօրինակ թվային եւ նա պետք է փորձեր դրանք ճշտել: Ցավոք, դա տեղի չի ունեցել:
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԽՈՏԱՆ
Անցնենք կոնկրետ փաստերին եւ օրինակներին: Գրքի թարգմանական թերությունները կարելի է դասակարգել մի քանի խմբի`
1. Առանցքային բառեր եւ բառակապակցություններ թարգմանվել են ոչ ճիշտ:
2.Գրողի խոսքին եւ մտքին ավելացվել են անտեղի բառեր եւ բառակապակցություններ:
3. Նախադասություններից բաց են թողնվել, այսինքն՝ չեն թարգմանվել, առանձին բառեր եւ բառակապակցություններ՝ այսպիսով աղավաղելով գրողի ստեղծագործական ոճը:
4. Պատմվածքի որոշ հատվածներում քերականական ժամանակները, ուղղակի խոսքը եւ ըղձական եղանակը թարգմանվել են թերի:
5. Պատմվածքի մեջ գրողը մի քանի հատվածներում հատուկ կրկնում է մեկ առանցքային միտք՝ նույն ձեւակերպմամբ: Թարգմանչուհիներն այն թարգմանում եւ ձեւակերպում են ամեն անգամ մեկը մյուսից տարբեր:
Նշեմ, որ վերեւում հիշատակված թարգմանական թերությունները բոլորովին չեն բխում գերմաներենի քերականական, ոճական կամ այլ լեզվական անհրաժեշտությունից:
1.Առանցքային բառեր եւ բառակապակցություններ թարգմանվել են ոչ ճիշտ:
Այսպես օրինակ` պատմվածքի մեջ մի քանի անգամ խոսվում է կին դասղեկի մասին, որը սակայն թարգմանվել է մի տեղ` der Lehrer/ուսուցիչ, արական սեռ/, մեկ այլ տեղ`ուսուցչուհի /die Lehrerin/: Երկու դեպքում էլ թարգմանությունը չի համապատասխանում բնագրին`դասղեկ /իգական սեռ/ գերմաներեն լինում է die Klassenlehrerin (էջ 50, տող 2, էջ 51, տող 11):
Բնագրում կարդում ենք`«երբ տոթ օրը…»: Թարգմանվել է`երբ մի շոգ օր (als ein heißer Tag, էջ 53, տող 2-3): Ճիշտ թարգմանությունը` als ein schwüler Tag, «Տոթ» գերմաներեն նշանակում է «schwül»:
Բնագրում կարդում ենք`«տագնապով ոտքերիս տակ եմ նայում»: Թարգմանվել է` ich sah ängstlich auf meine Füße (տագնապով ոտքերիս վրա եմ նայում): Ճիշտ թարգմանությունը` ich sah ängstlich vor meine Füße ( էջ 53, տող 1):
Բնագրում կարդում ենք` «մեր կյանքի առաջին սեպտեմբերի մեկին»: Թարգմանվել է`An unserem allerersten Schultag /մեր կյանքի ամենառաջին դպրոցական օրը/ (էջ 52, տող 16): Ճիշտ է`Am ersten September unseres Lebens…:
Բնագրում գրված է` «տղայի մազերը ամբողջությամբ սպիտակել են»: Թարգմանվել է` waren die Haare des Jungen ganz weiss geworden: (Շվեյցարիայում, ի տարբերություն Գերմանիայի, ß տառ չկա, դրան փոխարինում են ss.): «Weiss» գերմաներեն նշանակում է «սպիտակ», բայց «սպիտակ մազ» գերմաներեն բառացի չեն թարգմանում, պետք է թարգմանվի`graues Haar/graue Haare/, «grau»-ն սպիտակ գույնի հետ կապ չունի, թեև իմաստը հենց սպիտակ մազն է (էջ 53, տող 10-11):
Բնագրում կարդում ենք` «նա մի դասարան բարձր էր ինձնից»: Թարգմանվել է`er war eine Klasse über mir /Նա մի դասարան ինձանից վերեւ էր/: Ճիշտ է` er war eine Klasse höher (էջ 53, տող 16):
Բնագրում կարդում ենք`«մատները չէին հանձնվել…»: Թարգմանվել է`die Finger hatten nicht hergegeben /մատները չէին տվել/: Ճիշտ է`die Finger hatten sich nicht ergeben, «հանձնվել» գերմաներեն նշանակում է «sich ergeben» (էջ 54, տող 17):
2. Գրողի խոսքին եւ մտքին ավելացվել են անտեղի բառեր եւ բառակապակցություններ:
Բնագրում կարդում ենք` «դեռ լավ չէի հասկանում՝ ինչ է կատարվում»: Թարգմանվել է` ich verstand noch nicht so richtig, was sich hier abspielte /Ես դեռ լավ չէի հասկանում, թե այստեղ ինչ էր կատարվում/: Նախադասության մեջ «այստեղ» բառի գոյությունը ոչնչով չի կարելի արդարացնել (էջ 50, տող 12):
Բնագրում կարդում ենք`«հետո ճանապարհի կեսից ետ կանգնելն էլ անհարմար էր»: Թարգմանվել է` ausserdem war es komisch /komisch նշանակում է`տարօրինակ, ծիծաղելի, բայց ոչ անհարմար/: Ճիշտ է` ausserdem war es peinlich, «անհարմար գերմաներեն նշանակում է` peinlich (էջ 50, տող` 22):
Բնագրում կարդում ենք`«իսկ վերջինս իր գործը լավ գիտեր»: Թարգմանվել է` und die verstand ihre Arbeit gut /իսկ նա իր աշխատանքը լավ գիտեր/, (էջ 52, տող 1): Ճիշտ է` und die Letztere verstand ihre Sache gut, վերջինս`die Letztere, իր գործը`ihre Sache:
3. Առանցքային բառեր կամ բառակապակցություններ չեն թարգմանվել:
Բնագրում կարդում ենք` «բայց համատարած ծիծաղը վարակիչ էր», թարգմանվել է` aber das Lachen war ansteckend /բայց ծիծաղը վարակիչ էր/: Ճիշտ է` aber das allgemeine Lachen war ansteckend … «համատարած» գերմաներեն նշանակում է` «allgemein», (էջ 50, տող 21):
Բնագրում կարդում ենք` «հաճախ բղավելու սովորության համար», թարգմանվել է` weil sie ständig herumschrie /որովհետեւ միշտ բղավում էր/: Ճիշտ է` wegen ihrer Angewohnheit ständig herumzuschreien, (էջ 51, տող 13):
Այսպես կարելի է անվերջ օրինակներ բերել: Նշել եմ թերությունների միայն մի չնչին մասը: Իսկ թե որքա՞ն են կազմում դրանք գրքի մնացած 155 էջերում, թողնում եմ հարգելի ընթերցողի երեւակայությանը եւ դատին:
Ավարտելով հոդվածս՝ ցանկանում եմ հավելել, որ ապագայում եւս հավատարիմ եմ մնալու գրողի եւ թարգմանչի կոչմանը, սկզբունքներին եւ մասնագիտական բողոքիս ձայնը կբարձրացնեմ ընդդեմ բոլոր այն գերմաներեն թարգմանիչների, ովքեր իրենց սեփական փառասիրությունը վեր կդասեն հայ գրականության շահից: