Day:Մայիսի 24, 2024

  • «Վերջին զանգ»՝ ըստ Ազգային ժողովի

    «Վերջին զանգ»՝ ըստ Ազգային ժողովի

    Հիմնական, միջին ու ավագ դպրոցներում, ինչպես նաեւ քոլեջներում վերջինզանգյան տրամադրություններ են: Աշակերտները շնորհակալություն ու գովեստի խոսքեր են ասում սիրելի (եւ ոչ այդքան) մանկավարժներին, հիշում չարաճճիությունները, երգում, պարում, փոքր-ինչ հուզվում եւ այսպես շարունակ: Տարիների հետ փոխվում է միջոցառման միայն ձեւը. ուսուցչին (երբմեն անհարկի եւ ուռճացված) մեծարելու ցերեկույթի բովանդակությունը նույնն է արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի…

    Սիրելի ուսուցչին, տվյալ պարագայում՝ կուսառաջնորդին գովաբանելու մոտ մեկուկես ժամանոց արար նաեւ խորհրդարանում էր կազմակերպվել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, որ, երեւում էր, իրենց վերջին զանգին փայելել են ուսուցչին մեծարելու բնատուր շնորհով, մեկը մյուսին հերթ չտալով, գովում ու գովում էին Նիկոլ Փաշինյանին:

    Ազգային ժողովի «Վերջին զանգի» ցերեկույթը Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին էր: Թե՛ հարցեր տվողն էին իրենք, թե՛՝ պատասխանողը: Պարզապես ոչ թե հարցեր էին, այլ դիֆերամբներ՝ «դասղեկ Փաշինյանին»:

    Պատմական ելույթ», «պատմական հարցազրույց», «Հայաստանի համար պատմական ժամանակներ» եւ նմանատիպ այլ «պատմական» բնորոշումները հենց նրանը՝ մեր երկրի եւ մեր օրերի «պատմական» ղեկավարինն էին, որ, իջնելով Օլիմպոսի գագաթից, այս անգամ իրեն ոչ թե աստվածների, այլ պատմական ֆիգուրի՝ Պապ թագավորի հետ էր համեմատում: Ըստ նրա՝ 374 թ-ից՝ Պապի մահվանից հետո, Հայաստանը սխալ ճանապարհով է գնում, ու հիմա իր գլխավոր առաքելություն է համարում կասեցնել «պատմական Հայաստանի» դարերի ընթացքն ու «իրական Հայաստանը» «պապական» հունին վերադարձնել:

    Հ.Գ.- Ի գիտություն «շրջանավարտ» ՔՊ-ականների՝ նման իրավիճակներում խորհրդային դպրոցների հոկտեմբերիկներն ու պիոները խրոխտ ձայնով եւ հպարտ կեցվածքով կարդում էին ժողովուրդների հոր ներբողը:

    «Այսքան ուրախ կյանքը մեզ

    Լենին պապիկն է տվել…»

    ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

  •  Օղի թորելու տատիս բանաձեւն ու մեր փրկությունը

     Օղի թորելու տատիս բանաձեւն ու մեր փրկությունը

    «Առաջնորդ չկա», «մարդիկ թմբիրի մեջ են», «երկիր ենք կորցնում». արտահայտությունները մեր խոսույթում գերակշռում են 2020-ի պատերազմից հետո: Ի՞նչն է պատճառը, որ մկրատվող հայրենիքի ցավն անգամ մեզ չի միաբանում: Պատճառն, ըստ իս, սիրո պակասն ու համընդհանուր ատելությունն է:

    «Սիրո եւ հանդուրժողականության հեղափոխության» միֆը կոտրվեց 2018-ի քաղաքական վերադասավորումներից կարճ ժամանակ անց: Միմյանց չհանդուրժելու անդառնալի մոլուցքը պատուհասում է մեզ ամեն օր ու ժամ՝ գնալով ավելի ահագնորեն: Սեւուսպիտակի բաժանարար ալիքը մտել է ամուսինների մատի եւ մատանու արանքը, ծնողին զավակի դեմ հանել:

    Բարոյականության կարմիր գիծ վաղուց չի մնացել: Մանիպուլյացիաներն ու էմոցիաները ստվերել են բանականությունը, տարբերվող տեսակետ ունեցողին ամենվերջին բառերով վիրավորելը՝ դարձել աքսիոմ:

    Ինչպե՞ս կամ ո՞վ կարող է թոթափել ուրվական- ատելության ալիքը: Հաստատ ո՛չ այն հասարակությունը, որ ողջ-առողջ մարդու համար փողոցում սեւ ժապավեն է կախում կամ տան առջեւ ծաղկեպսակ, դագաղ դնում: Ատելությանը սիրով հաղթելու բանաձեւ գուցե ունի միայն բնությունը:

    «Գետը պարզվում է մինչեւ վերջ պղտորվելուց հետո». ժողովրդական խոսքն ինձ տատիս կենսափորձն է հիշեցնում: Երբ ուզում էր հասկանալ՝ օղու լափը հասունացե՞լ է ու կարո՞ղ է թորել, կողմնորոշվում էր թթված լինելու աստիճանով: «Լա՜վ թթվել է, պատրաստ է»,- ասում էր: Եթե ուշացներ մեկ-երկու օր, «լափը կկտրեր», օղի դուրս չէր գա:

    Տատիս իմաստնությունն այսօր հուշում է, որ հասարակության զուլալվելու պահը հասունացել է՝ դեռ վաղուց: Կա՛մ թեժ կրակից մաքուր սպիրտ դուրս կգա, որ կախտահանի բարոյալքված ամեն ինչ ու ամենքին, կա՛մ էլ՝ օղու`  ժամկետանց շաղախի պես մենք էլ կկտրվենք`այս կանաչ, մեծ աշխարհից:

    ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

  • Իրանի դժբախտ պատահարին ԶԼՄ միջազգային արձագանքներից

    Իրանի դժբախտ պատահարին ԶԼՄ միջազգային արձագանքներից

    Աշխարհի լրատվամիջոցներն այս օրերին լի են Իրանում նախագահական ուղղաթիռի կործանման վերաբերյալ հրապարակումներով ու վերլուծություններով: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ կործանվեց ուղղաթիռն ու զոհվեցին երկրի նախագահը, արտգործնախարարն ու այնտեղ գտնվող մյուս անձինք, ի՞նչ է լինելու սրանից հետո եւ այլն: Հասկանալիորեն այս է քննարկվող հարցերի շրջանակը:

    Ռուսական լրատվամիջոցներից «Լենտա.ռու»-ն, օրինակ, վկայակոչելով իրանական Կարմիր մահիկի ընկերության ղեկավարի հաղորդումը, տեղեկացնում է, որ ուղղաթիռն անկման պահին ամբողջովին այրվել է, հետեւաբար եւ բոլորը զոհվել են: Ապա, նկատի ունենալով «ում էր ձեռնտու» սկզբունքով ԶԼՄ-ներում անմիջապես դեպի ԱՄՆ-ն ու Իսրայելն ուղղված կասկածի սլաքները, բերում է մասնավորապես ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի ընդամենը մի քանի օր առաջ կրկնած խոսքերը: «Վտանգը, որ Իրանը եւ նրա վստահված անձինք ներկայացնում են Իսրայելին, տարածաշրջանային կայունության ու ամերիկյան շահերի համար, ակնհայտ է»,- այն ժամանակ ասել էր նա:

    Կասկածներն, իհարկե, շատ ավելի ընդգրկուն են, կապված հատկապես Իսրայել-Իրան վերջին ռազմական փոխհարվածների հետ: Սակայն, ինչպես նկատում է ՌԻԱ լրատվական գործակալության թղթակիցը, Թեհրանում անգամ ակնարկ չեն անում ահաբեկչության մասին, որովհետեւ համոզված են, որ կատարվածը ողբերգական պատահականություն է: Արտաքին հետքն իհարկե՝ կա, բայց կապված է Արեւմուտքի այն պատժամիջոցների հետ, որոնց ենթարկված է Իրանի Իսլամական Հանրապետությունը փաստորեն իր գոյության բոլոր 45 տարիների ընթացքում: Պատժամիջոցները ներառում են շատ ուղղություններ, այդ թվում՝ կապված ավիատեխնիկայի եւ դրա պահեստամասերի գնումների հետ:  

    Քաթարական «Ալ-Ջազիրա»-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ վերջին տասը տարիների ընթացքում Իրանում տեղի են ունեցել ավիացիոն մի քանի պատահարներ՝ մարդատար ինքնաթիռները դուրս են սահել թռիչքուղուց, օդանավերից մեկը կործանվել է՝ բախվելով Դինար լեռանը, հայտնի են նաեւ իրանցի պաշտոնյաներ տեղափոխող ուղղաթիռների վթարի այլ դեպքեր: 2023 թվականի փետրվարին Իրանի սպորտի եւ երիտասարդության նախարար Համիդ Սաջադիին տեղափոխող ուղղաթիռը կործանվեց երկրի հարավում՝ Քերմանի նահանգի Բաֆթ քաղաքում: Սաջադին եւ մի քանի այլ իրանցի պաշտոնյաներ վիրավորվեցին, իսկ նրա խորհրդական Իսմայիլ Ահմադին զոհվեց:

    «Իրան էյր» օդագնացության ընկերության օդաչու Խուշնակ Շահբազին «Ալ-Ջազիրա»-ի հետ զրույցում ասել է, թե Իրանը նախկինում հարյուրավոր մարդատար ինքնաթիռների գնման համաձայնություններ էր կնքել, բայց Իրանի հետ կնքված միջուկային գործարքից 2018 թվականին՝ Դոնալդ Թրամփի վարչակարգի օրոք ԱՄՆ-ի դուրս գալն ու Իրանի օդային փոխադրումների ոլորտի դեմ պատժամիջոցների վերականգնումն ամեն ինչ փչացրին: Ամերիկյան պատժամիջոցները նաեւ երրորդ երկրներին թույլ չեն տալիս իրենց վաճառել պահեստամասեր, որոնք անհրաժեշտ են իրանական հնացած օդանավերի նորոգման ու վերականգնման համար:

    Իրանի կրոնապետական   ռեժիմը իրականում գլխավորում է ոչ թե նախագահի դերը կատարողը, այլ բարձրագույն հոգեւոր առաջնորդը, նկատել է տալիս չեխական «Ֆորում 24»-ը: Եվ այն, որ ավելի ժամանակակից ուղղաթիռներ չեն հատկացվել պետության ֆորմալ ղեկավարի անվտանգության համար, խոսում է միայն իրանական իշխանության հիերարխիայում նախագահի դիրքի, այլ ոչ թե Ռաիսիի դեմ չարամիտ մտադրության մասին:   

    «Իրանական ավիապարկը ամբողջ ռեժիմի մարմնավորումն է»,- բրիտանական «Ֆայնենշըլ թայմս»-ի հոդվածում ասում է Սենթ Էնդրյուսի համալսարանի Իրանագիտության ինստիտուտի հիմնադիր Ալի Անսարին:  «Այն հին է, այս ինքնաթիռներն ու ուղղաթիռները չեն կարող թռչել, բայց կատարում են թռիչքներ մինչեւ հաջորդ վթարը»:

    Լրատվամիջոցի վկայությամբ, Իրանի ռազմաօդային ուժերի համակազմի զգալի մասը նույնիսկ քաղաքացիական օդային նավատորմից հին է:

    Բայց խնդիրն, ըստ ամենայնի, երկրի օդանավերի միայն հնությունը չէ եւ ստացվում է՝ նույնիսկ այնքան էլ հնությունը չէ: Նույն հոդվածի հեղինակի պնդմամբ՝ ամերիկյան այդ «Բելլ 212» մակնիշի ուղղաթիռները, որոնցից մեկով թռել էր նախագահ Ռաիսին, հնությամբ հանդերձ, հայտնի են իրենց հուսալիությամբ: Դրանք, օգտագործված լինելով դեռ Վիետնամյան պատերազմում, այժմ էլ իրենց օդային ծառայությունն են  մատուցում աշխարհի շատ երկրներում: Այսօր դրանք օգտագործում են Ավստրիայի օդուժում, Ճապոնիայի առափնյա պահպանությունում, Թաիլանդի ոստիկանությունում եւ ԱՄՆ-ի հրշեջ ծառայությունում: Իսկ յուրաքանչյուր նման դժբախտ դեպքում, ասվում է հոդվածում,  հարկավոր է ուշադրոթյուն դարձնել շահագործման պայմաններին: «Եղանակն ու ճիշտ սպասարկումը ցուցակում առաջին տեղում են»:

    Պետական գործիչների հետ տեղի ունեցող «տարօրինակ դժբախտությունների» մասին խորհրդածություն է հրապարակել խորվաթական «Գեոպոլիտիկա.նյուզ»-ը: «Մի՞թե Պուտինի ընկերը լինելն այսուհետեւ կյանքի համար վտանգավոր է»,- հենց  վերնագրում կասկած է հայտնում հոդվածի հեղինակը:

    ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

  • Աշակերտների եւ հատկապես ուսուցիչների «բացական»՝ քաղաքական խոշորացույցի տակ

    Աշակերտների եւ հատկապես ուսուցիչների «բացական»՝ քաղաքական խոշորացույցի տակ

    Այս օրերին հանրապետության բոլոր դպրոցներում խիստ հետեւում են «ներկա-բացականերին»: Անգամ ամենահեռավոր գյուղի տարրական օղակի երեխաների բացակաների հարցը հասնում է մինչեւ մարզպետարան: Գերատեսչության ղեկավարները՝ տնօրենից, վերջինս էլ՝ ուսուցչից պատասխան է պահանջում՝ ինչո՞վ է պայմանավորված աշակերտի բացակայությունը եւ արդո՞ք այն հարգելի է:

    Առավել քան «աններելի» է ուսուցիչների բացակայությունը: «Եթե նախկինում դիմում էինք տնօրենին, եւ անձնական որեւէ հարցով մի քանի ժամ բացակայում, ապա հիմա դա բացառվում է: Պետք է դիմում-բացատրագիր գրենք, կամ եթե հիվանդանոց ենք գնում, «բժկի թուղթ» բերենք,- ասում է «Ազգ»-ի՝ մանկավարժ զրուցակիցն ու ավելացնում,- Մի քանի դեպք է եղել, երբ ուսուցիչները մասնակցել են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, ինչը հասել է մինչեւ մարզպետարան, նախարարություն: Գուցե դրանից հետո են որոշել՝ առավել ուշադիր լինել քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշում ունեցող մանկավարժների նկատմամբ»:

    Մեր զրուցակիցը նշում նաեւ, որ «վերեւները», աչքները չորս արած, հետեւում են, որ աշակերտները սահմանված դասաժամերից րոպե առաջ տուն չգնան՝ մինչեւ վերջին վայրկյանը մասնակցելով ընդհուպ «Աշխատանքի ուսուցման»-ը կամ «Դասղեկական ժամ»-ին:

    ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

  • Խաչվող ճանապարհներ…

    Խաչվող ճանապարհներ…

    «Դեմքերը, ախ, բութ են այնպես` կարծես շինված են տապարով»:

    Եղիշե Չարենց 

    Չեմ հիշում այսպիսի մայիս, ինչ որ շատ է ցուրտ, նայում ես դուրս, շուրջը կանաչ է բոլոր, նայում ես եղանակին, օդի սառնությունից մրսում ես:

    Սիրտդ սառչում է, չգիտես անզորությունից, ցավից, տարակուսանքից, թե՞ զարմանքից, ափսոսանքից: Չնայած շատ բաներ տեսնելուն`արհավիրք ու պատերազմ, բազում բազում  կորուստներ, բայց սա  մի ուրիշ,  անհասկանալի, անծանոթ զգացում է:

    Վահագնը` հրապարակային մեր պայքարի ակտիվ մասնակիցներից,  անկոտրում կամքի տեր, խելացի,  խարիզմատիկ անձնավորություն, Կիրանց գյուղի լանդշաֆտային չքնաղ մի լուսանկար էր հրապարակել կից գրությամբ. «Էսպիսի կանաչ ոչ մի տեղ չեմ տեսել»: Ամենաքիչը  նկարիչ պիտի լինես, որ զգաս  կանաչի այդ կենարար, երանավետ շունչը, շատ հագեցած ու շատ հարուստ, աստիճանաբար մուգից բաց երանգափոխվող, հաջորդաբար կրկնվող: Տեսնես ինչի՞ց է, որ այդքան սիրուն ու քաղցր է,  հողի հինավուրց էներգիա՞ն է զուգել սքանչելի կանաչով դաշտավայրը, թե՞ կորցնելու ափսոսանքն է մեջներս խոսում: Ինչ հեշտ ենք հաշտվում կորստի մտքի հետ, չէ՞: 

    Փորձենք անձնավորել հողի կորստի գաղափարը, կտեսնենք որ մեկ մետր հողի, մի կտոր սեփական գույքի համար իրար կոչնչացնեն մարդիկ, բայց երկրի` շերտ  շերտ, մաս  մաս կորուստը նմանների համար ոչինչ է, մինչեւ դա հասնի սեփական դռանը: Թեեւ նմանների համար միջոցների խտրություն  չկա…

    Մեկ ամիս առաջ էր երեւի, անցնում էի Մաշտոցի պողոտայի վերին հատվածներով, Վիլյամ Սարոյանի արձանի մոտ ոտքերս ինքնաբերաբար կանգ առան, աչքերիս առաջ  պահի մեջ քաղաքը փոխվեց, միտքս կտրվեց իրականությունից, մշուշվեց, ոնց չարագուշակ տեսիլք` Սարոյանի արձանի փոխարեն աչքիս հանկարծ երեւաց  թուրք գրողի արձան, շուրջն անծանոթ լեզվի հնչյուններով լցվեց, տառեր, բառեր թափառող` ինձ անհասկանալի, խորթ: Քարացա արձանից ավելի, ամեն ինչ կանգ առավ մի պահ, հետո ուշքի եկա, մտքերս կարգի բերեցի:

    Մաս  մաս կորցնելով` չենք նկատելու ոնց կհայտնվենք ամբողջի կորստի դեմ  հանդիման, ու կկորցնենք ինքնություն, իրավունք ու արժանապատվություն, կդառնանք ոչինչ, ոչնչություն: 
    Կիրանցի կնոջ արցունքն ու ձայնը կխառնվի, կձուլվի այն  չքնաղ կանաչին, արդար աշխատանքով սարքած հասարակ, բայց իր համար աշխարհի ամենաթանկ տունը կմնա իր արյան հիշողություններում: Որովհետեւ այդ պարզ տունն ու  հողակտորը նրա համար կադաստրի վկայականով սեփականություն չի սոսկ, Հայրենի՛ք է, իսկ  Հայրենիքը վաճառքի չի հանվում, գին չունի: 

    Ոնց  Արցախի տները մնացին անտերացած, մնացին որպես հիշողություն:

    – Հետ ենք բերելու»,- ասում ենք ու  կասենք երկար, ինչպես Արեւմտյան Հայաստանի համար ենք ասում, ու շատ երկար կճոճվեն մեր երազներն օդում: Որովհետեւ  հիմա հայ մարդուն, հայ այդ կնոջը կիրանցի, որ կորցնում է իր տունն ու իր հողը, իր տանից հանում է հայ ոստիկանը, հիմա հայերն  են փակում մեր ճանապարհները, շրջափակում, չեն թողնում մտնեն գյուղ, գնան տուն` ո՛չ պատգամավորին, ո՛չ սրբազանին, ո՛չ լրագրողի, ո՛չ բնակչի, որեւէ մեկին, որը պայքարի է ելել, որը չի հանձնվում, դեմ է հողատվության միակողմանի այս գործարքին,  այս` «ոչինչ մեզ- ամեն ինչ նրանց»-ին: Սրբազանն ասում է` հոգեբանական ծայրահեղ հուսահատ վիճակում են մարդիկ, ուրվականային բնակավայրի է նման, բնակիչները քաշվել, ծվարել են իրենց տներում, «առանց մեռել սուգ է մեր գյուղում»,- ասում են: Փաստորեն գյուղը կամավոր լքելու իմիտացիա են ստեղծում:

    Հայ երիտասարդին փողոցում հայ ոստիկանը  հետապնդում է Հայաստանի դրոշը ձեռքին ունենալու համար, հայ մարդն իր երկրում պատժվում է  իր հողը, տունը պաշտպանելու համար: Լսված բա՞ն է:

    Հեգնա՞նք է, պատի՞ժ, ստորացման ի՜նչ աստիճան, այսչափ նահանջ. ավելիով հնարավոր չէ նվաստանալ: Այսպես է կատարվում երկրի նվաճումը ներսից: 

    Հիմա պարզ է, չէ՞, թե ինչո՞ւ ենք այսքան փոքրացրել մեր հայրենիքը, սահմանները մոռացել ու մոլորվել,  որովհետեւ անկարեկից, անսեր ու անտարբեր ենք, անկեղծ չենք ո՛չ ինքներս մեզ հետ, ո՛չ ուրիշների: Որովհետեւ կորցնելուց հետո ենք միայն գլխներիս տալիս. լավ  ողբալ գիտենք,  լացակումած ոտանավոր ու երգեր գրել գիտենք, մխիթարվելով տուրիստական այցերով` Վան ու Աղթամար (Արարատի մասին էլ չասած, հնար լիներ, մեր տեսադաշտից կփակեին սարը), գուցե շուտով Սեւան ու Տաթեւ էլ… Ախ ու վախով նորից  կասենք` հետ ենք բերելու, մինչդեռ բառերն օդում կհեգնեն մեզ: Երեւի ճիշտ էր ֆիլմի հերոսը, թե թափառական հոգի ունենք. օտար ափերում փող ու երջանկություն կփնտրենք, երբեմն կկարոտենք, երբեմն ` նույնիսկ անկեղծ, կասենք` ի՜նչ երկիր ունեինք, է՜, ի՜նչ հայրենիք, իսկը դրախտավայր…

    Եվ ինչո՞ւ է մեզ հետ այսպես պատահում միշտ: Նաեւ այն պատճառով, որ գնահատել  չգիտենք մեր իրական արժեքավորին ու իրական արժեքները, չենք էլ ճանաչում,  չենք ուզում  տեսնել լավին, իրապես տաղանդավորին, չենք սիրում ու չենք փնտրում ճշմարտություն եւ ազնվություն, կարիքը չենք զգում դրա, շատ  հեշտ վարժվում ենք կեղծիքին ու սիրում դա: Այսպես երեւի հեշտ է ապրելը: Բայց դա խաբուսիկ է, դրա արձագանքը, պատասխանը ուշ թե շուտ լինելու է… Ու սա, այս ընտրությունը` ստի ու երեսպաշտության, մեզ այսպես տանում է ներքեւ, տանում դեպի անդունդ, փոս ու ավելի, ավելի  խորացնում, մինչեւ կործանում:

    Բայց մի՞թե վերջապես  արթնանում ենք, կանաչի զովությունի՞ց Տավուշի, թե՞ ինքնապաշտպանական բնազդն է  սառցակալած մեր ուղեղներն ասեղնահարում: 

    Միայն թե նորից հին, նեխած լափ չգցեն մեր առաջ, արթնացումը մահ չդարձնեն: Այս մտքի անզորությունից լաց լինել ես ուզում, հետո հասկանում, որ դա նահանջ է` հակացուցված:

    …Մայիսը, չեմ հիշում, որ այսքան սառն ու թաց եղած լիներ, տոների այս ամիսը,  գարնան վերջինը:  Կարծես պատմության դասագրքի էջեր թերթելիս լինեմ,  մեր պատմության տասներորդ դարից այս կողմ` վերջին թագավորության կամ պետականության  անկումից հետոյի, երբ ով ասես չեկավ  ու չանցավ մեր վրայով. անտեր մնացած ու ընչազուրկ ժողովուրդ, ինչեր ապրեց մինչեւ 1918-ի հաղթական Մայիսը ու հետո էլ… որովհետեւ պատմությունը (կյանքը) սիրում է կրկնվել, եթե դասեր չեն առնում: Իսկ մենք ծույլ ենք դաս առնելու մեջ…

    Միակ հաստատուն կառույցը հայ հանրային կյանքի Եկեղեցին մնաց փաստորեն, որ հոգեւոր ծառայությունը զուգակցեց հայապահպանման կարեւոր գործին, որքանով կարողացավ դարձավ հույս ու ապավեն այդ դժվարին, տեւականորեն ամենազուրկ ժամանակներում: 1915 ից հետո ձեւավորված սփյուռքահայ գաղութներում եկեղեցու շուրջ չեղա՞վ սկզբնական համախմբումը տարագիր հայության: Հիմա ոչնչացվում է ամեն ինչ, չի եղել, չկա պատմություն, չի եղել պատմական Հայաստան, իրական Հայաստանի հետ կապ չունի, քանդվում, ավերվում է ամեն ինչ: Աբսո՜ւրդ, ուղեղի մորմոք, զառանցանք:

    Այսօր` քաղաքի Սուրբ Աննա եկեղեցին մի տեսակ ամրոցի է նմանվել: Մարդիկ կարծես պաշտպանված  են զգում այս վայրում: Անհայրենիք մարդկանց համար տեղ  պիտի չլինի այստեղ: Շատ հուսով ենք, ավելի շուտ ուզում ենք,  որ այս Շարժումը իսկապես ազնիվ լինի, ինչպես հռչակել են` հայրենափրկության ու վերածննդի: Որ, ինչպես Շարժման  առաջնորդն ասաց, նոր գինին հին տակառներում չլցվի… Որովհետեւ մեծ խորհուրդ կա  այս ամենի մեջ` ճանապարհի, հավաքավայրի, Եկեղեցու, եւ այստեղ հնչած ամեն խոսք` դատապարտված է խիստ պատասխանատվության: Այստեղ հսկող աչքը ուրիշ է, մթնոլորտն է ուրիշ,  ուրիշ զորություն ունի`  ներքին հզոր տեսողության, կեղծիքը մարդու չպիտի անցնի այստեղ. առաջին հարվածը հենց իրեն` կեղծիքը կրողին է վերադառնալու: 

    Աղոթքի բառեր ենք լսում այստեղից, լույսը ծնվում է նախ ներսից…

    Բայց լավ կլիներ ` ամեն երեկո նույն ժամին զանգերն էլ երկար հնչեին Եկեղեցու…:

    ՄԵԼԱՆՅԱ  ԲԱԴԱԼՅԱՆ 

  • Բնության եւ մարդու ներդաշնությունը Լորիկ Մինասյանի արվեստում

    Բնության եւ մարդու ներդաշնությունը Լորիկ Մինասյանի արվեստում

    Գեղանկարիչ Լորիկ Մինասյանի՝ օրերս բացված անհատական ցուցահանդեսը խորագրված է «Մարդու եւ բնության ներդաշնակությունը»: Տեղեկացված լինելով Լորիկի արվեստից՝ այս խորագիրը կվերաձեւակերպեի՝ «Աստծո որոնումը մարդու եւ բնության ներդաշնությամբ»: Իհարկե, ցուցադրված շուրջ քառասունհինգ կտավները հայոց բնության հանդեպ սիրո արտահայտություն են՝ արվեստային բարձրորակ կատարումներով, գունային հանդարտ թախծությունից մինչեւ վառ երանգների խտությամբ, ընդգծուն նուրբ – քնարական տրամադրությամբ, Սյունյաց սոսիների պուրակի խորհրդավորությամբ, հայկական լեռնաշխարհի խստությունը մեղմող՝ խաղաղորեն տարածված բնակավայրերի վրձնումով, ժայռերից, ասես, խոյացող, բնությանը նույնքան ներդաշն մեր հինավուրց ձեռակերտ տաճարների պատկերներով:

    Հայաստանի բնության թանգարանում ցուցադրված նրա կտավները նաեւ ճանաչողական նշանակություն ունեն այցելուների համար, քանի որ Լ. Մինասյանի արվեստը հնարավորություն է մտովի շրջելու Հայաստանի տարբեր վայրերում, ճանաչելու մեր երկիրը՝ իր հազարումի գույնով, հազարումի լեռ ու ծերպով, լեռների փեշերին, լեռների պաշտպանությանն ապավինած գյուղակներով, կենդանի աղոթքներ դարձած վանքերով…

    Լորիկ Մինասյան «Խուստուփ»

    Քառասունհինգ գործը բավարար չէ Լորիկի արվեստի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար, բայց եւ ակնարկ է, թե ի՛նչ կերպ է ստեղծագործում, ի՛նչ ձեռագիր ունի, ինչի՛ց է խոսում եւ խորհում, ինչպիսին են նրա երազները, եւ ինչ նոր միտումներ են ուրվագծվում իր նկարչությունում: «Հաղպատ» եւ «Տաթեւ», «Հալիձոր» եւ «Վահանավանք», «Դադիվանք» եւ «Այրիվանք»,- այս եւ մնացյալ վանքանկարները մեր միջնադարյան ճարտարապետական կոթողների զուտ գեղանկարչական արձանագրումներ չեն, այլ բնապաշտության ու հայրենանվիրության արտահայտություններ, որոնց հիմքում նկարչի ներքին ապրումն ու Աստծո որոնումն է:

    Լորիկը նաեւ քանդակագործ է: Ենթադրում եմ՝ իր ձգտումը դեպի քանդակագործություն բխում է իր ծագումից: Ծագումով Սյունյաց աշխարհից է՝ շիկահողեցի. նրա նախնիները բրուտագործներ են եղել, եւ հավանաբար արյան հիշողությունն է նաեւ մղել իրեն դեպի արվեստը: Լորիկի առաջին նշանակալից գործերից է 1990-ին իր ավագ եղբոր՝ գեղանկարիչ եւ քանդակագործ Բորիկ Մինասյանի համահեղինակությամբ ստեղծված «Մուսա» հարթաքանդակը, որ պահպանվում է Կապանի պատկերասրահում: Քաջարանում է կանգնեցված քաղաքի 50-ամյակի առթիվ Լորիկ Մինասյանի եւ Գեւորգ Մշեցու համահեղինակությամբ ստեղծված քանդակը: Քաջարանի «Կենաց ծառ»-ի հեղինակը դարձյալ Լորիկն է: Ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող կոթողի մրցույթի հաղթողն է, Արցախյան առաջին պատերազմի զոհվածների հիշատակին ձոնված հուշակոթող – խաչքարի համահեղինակ եւ այլն: Բայց ամենից առավել կարեւորում է այն փաստը, որ հեղինակել է Կապան քաղաքի զինանշանը: Խորին հարգանքով եւ երախտագիտությամբ է տալիս իր ուսուցիչների՝ Լեւոն Կոջոյանի եւ Ղուկաս Չուբարյանի անունները, որոնց ուսանել եւ որոնցից արվեստային եւ մարդկայնության դասեր է քաղել: 

    Լորիկ Մինասյան «Սուրբ Հռիփսիմե վանքը»

    Հայկական պետ. մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետում ուսանելու շրջանը Լորիկի համար ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման տարիներ էին: Հետագայում դասավանդեց Կապանի արվեստի դպրոցում, որպես մեթոդիստ՝ աշխատեց Կապանի Ժամանակակից արվեստի թանգարանում, որպես դիզայներ՝ ՀՀ Գիտությունների ակադեմիայի Կապանի մասնաճյուղի փորձարարական գործարանում: Միաժամանակ նկարում էր, մասնակցում ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներով հանդես գալիս Սիսիան, Գորիս եւ Կապան քաղաքներում (2014, 2015, 2019 թվականներին), Մոսկվայում (2017 թ.), 2012 թ. Գարեգին Նժդեհի 125-ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսում լավագույնն է ճանաչվում նրա «Խուստուփի գարունը» կտավը:
     
    Լ. Մինասյանի վրձնած լեռնագագաթների մեջ առանձնանում է «Խուստուփ»-ը: Նրանում հորիզոնին մերձ լեռն այնքա՜ն վեհություն ու հզորություն է իրենից արձակում, այնքա՜ն վստահ հանդարտությամբ է փռված նրա փեշերի տակ գյուղակը, եւ այնքա՜ն լայնակուրծ ես շնչում այն դիտելիս: Կողքին Դադիվանքը պատկերող կտավն է, «ծերը»՝ կանաչի մեջ խրված, մեր հավերժ անկորույսը, մե՛րը: Մի քանի շաբաթ առաջ էր, որ Գորիսում նկարչական սիմպոզիումի մասնակիցների հետ վրձնեց եւս մի ժայռանկար: Ու՞մ ծանոթ չէ Գորիսից դեպի Խնձորեսկ ճանապարհին դարերից հողմավար – ցցուն ժայռախումբը, եւ սիմպոզիումի մասնակից յուրաքանչյուր նկարիչ իր ձեռագրակերպով եւ գունաբաշխումներով է պատկերել այն: Բայց Լորիկը մի անսպասելի կերպար է ներմուծել իր բնանկարում: Վառ գունախաղով ժայռերի ֆոնին եւ ներքո՝ մարդկային բնակավայրից վեր՝ թեւող երկնավորն է՝ հրեշտակը:

    Լորիկ Մինասյան. բնանկար

    Բնանկարներից բացի Լորիկը հոգեւոր թեմաներով շատ կտավներ ունի. դա ուղղակի սրբանկարչություն չէ, այլ հեղինակային գեղանկարչական մտածումներ են, խոկումներ: Որտեղի՞ց է բխում աստվածայինի որոնման իր ջանքը: Անկեղծանում է՝ իր կյանքի ծանր, ողբերգական մի պահի, ծնկի եկած իր արվեստանոցում, դիմել է Երկնքին, խնդրել արձագանքելու իր փնտրումին: Եվ այդ ժամանակ իր ճակատին լույս է բացվել, լույս, որ, իր զգացողությամբ, Սուրբ հոգին էր, որ սեր էր, կյանքի աղբյուր: «Այդ պահից էր, որ սկսեցի ճանաչել Աստծուն, ճանաչել մարդուն…»,- ասում է նկարիչը:

    Հոգեւոր թեմաներով նկարչության շարքին եմ դասում Լորիկ Մինասյանի «Կուսանաց վանք»-ը. Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքն է՝ թեթեւ մշուշոտ օրվա թախծության մեջ… Այդ կտավի տպավորությամբ եմ գրում բանաստեղծական տողս. 

    Մոխրակապտաթույր միգամածության թավիշ-դյութանքով

    Ասես շուրջանակ ճառագայթում է վանքը Կուսանաց,

    Մինչ մայրամուտի պայծառ – լուսարար պատարագումով

    Հաշտության խոսքով Անտեսն է ասես՝ իբրեւ հուշարար:

    Միտքս մինչ այս պահ սերտած աղոթքի բառը մոռացած՝

    Նոր սաղմոսների կնդրուկաբուրվառ հունչն է որոնում՝

    Մերձավոր դաշտի գունափոխ խոտի ալեհերությամբ,

    Չոր ավշե ճյուղքով ծառի մերկացյալ անօգությունով…

    ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

  • Իմաստաբանական բառարան 

    Ուռայի մոգականությունը

    Այս անգամ հաղթանակը երաշխավորող հայկական «ուռան» մեզ չփրկեց: Պատերազմի ժամանակ երկմտանքով արտասանած մեր «ուռայի» ցածր տեմբրը   չկարողացավ  խլացնել թշնամու ականջը: Դա էր պատճառը, որ  կորցրեցինք  հնգանիշ  բնական թվերով արտահայտված հայկական պետականությանը «հակադրվող»  Հայրենիքի մի մասը:   Հիմա էլ մեր սրտերի մեջ կորուսյալ մեծ Հայրենիքը սահմանագծելու մասին ենք մտածում եւ խորհում, որ միգուցե  բանակի կանոնադրության մեջ «Ուռա»-ն   «Կեցցե»-ով փոխարինելու դեպքում մեզ կհաջովղի ավելի բարձր տեմբրով  առոգանել մեր հոգու  ճիչը:

    Խորհրդային բանակից «ուռան»  փոխառված լինելու փաստը, համաձայն եմ, անհերքելի է, բայց այդ կոչականի ոռւսերեն ծագումը խիստ կասկածելի եմ համարում: Չգիտեմ էլ,  ոգեշնչող այդ   բացականչությունը որտեղի՞ց է գալիս: Բայց հաստատ գիտեմ,  Ռուսիայից չի գալիս:

    «Ուռա» բառի ծագումնաբանության ու իմաստային փոփոխությունների մասին  որոշ աղբյուրներից գիտենք, որ այն առաջացել է  սանսկրիտերեն «haur» բառից, որն  «արեգակ» իմաստն է արտահայտում: Հայտնի է նաեւ, որ հայերեն «ՀՈՒՐ» բառը դրա ժառանգներից է:  Այն նաեւ օշարակի տեսակ է, որն   ըստ զրադաշտականների սուրբ գրքի,  մատուցվել է միայն առաքինի մարդկանց:

    Ըստ «Դեհխոդա» հանրագիտարանային բառարանի, «հուռան» ավեստերեն ծագում ունի,  եւ հնում իրանցիները հաղթանակների ու տոնակատարությունների  ժամանակ այդ հիացական բացականչությունով  արտահայտել են իրենց ցնծությունն ու հրճվանքը:
     Նույն արմատից առաջացած «հուռան», համաձայն վկայակոչված աղբյուրի,   քրդերեն  նշանակում է «աղմուկ-աղաղակ», իսկ ավեստերեն՝  «ոգելից ըմպելիք»:

     «Ուռայի» եւ արեւմտյան բարքերի  մասին է աղաղակում դանիացի գեղանկարիչ  Պեդեր Սեւերին Կրոյերի՝ 1888 թվականին վրձնած  «Հիպ-հիպ հուռա» (ռուսերեն՝ гип-гип-ура) խորագրով կտավը, որտեղ պատկերված է դանիական Սկագեն քաղաքում  գինարբուքի ժամանակ   «ուռա» բացականչող  մի խումբ դանիացի նկարիչների հավաքույթը:

    ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

  • Լարա Արաբյան. սեփական ձայնով՝ կանադական մշակութային խճանկարում

    Լարա Արաբյան. սեփական ձայնով՝ կանադական մշակութային խճանկարում

    ԵՐԵՎԱՆ-ԹՈՐՈՆԹՈ – Լարա Արաբյանը (Արապեան) եռալեզու դերասանուհի, բեմադրիչ եւ գրող է, որը մինչ Կանադայում հաստատվելն աշխատել է Նյու Յորքում եւ Փարիզում:  Ծնվել է Բեյրութում, նախնիները Կիլիկիայից են (Սիս) եւ Տիգրանակերտից: Դերասանական ուսումը ստացել է Բանֆ-Սիթադել արհեստավարժ թատերական ծրագրում: Աշխատել է Կանադայի տարբեր թատերախմբերում, հանդես եկել «Փլատակներ», «Բեռնարդա Ալբայի տունը», «Մենություններ», «Արծաթե նետ», «Արյունոտ հարսանիք», «Փխրուն ափին», «Բեռնարկղը» եւ այլ բեմադրություններում: Մասնակցել է 18 կինո եւ հեռուստատեսային նախագծերի: Որպես գրող՝ եղել է Բանֆի թատերագիրների միավորման եւ «Նայթվուդ» թատրոնի «Write from the Hip» ծրագրի անդամ: Նրա վերջին՝ «Համոզմունքներ» պիեսի համաշխարհային առաջնախաղը կայացել է անցյալ աշնանը Ֆրանսիայի «Les Ze՛brures» փառատոնում: Երկու անգամ առաջադրվել է «Դորա» գրական մրցանակին: Դասախոսում է Ջորջ Բրաուն եւ Շերիդան քոլեջներում:

    Սիրելի՛ Լարա, ի՞նչ դժվարություններ է հաղթահարել լիբանանահայ աղջիկը Կանադայի մշակութային խճանկարում իր տեղը գտնելու համար:

    -Անշուշտ, այստեղ հասնելու ճանապարհը հեշտ չէր: Երբ ես նոր էի սկսում (ու դեռ իմ մանուկ ժամանակ), կինոյում չկային հայ կանանց օրինակներ, որոնց կարող էի մատնանշել, բացառությամբ, իհարկե, Շերի, բայց նա բոլորովին այլ աշխարհից էր թվում: Այն հայ համայնքներում, որտեղ մեծացել եմ, հիմնականում՝ Թորոնթոյում եւ Օթթավայում, դերասան լինելու գաղափարը բոլորովին օտար էր: Հայ արվեստը, որին առնչվում էինք, միշտ անցյալինն էր` ավանդական պարեր կամ համերգներ: Բացի այդ, թվում էր նաեւ, որ դերասան լինելու վրա խարան կար, հատկապես իգական սեռի համար դա կարծես անպատվաբեր, անվայել ապրելակերպ էր: Ես շատ ուրախ եմ, որ ամեն ինչ իսկապես փոխվել է: Թորոնթոյի համայնքում այժմ կա ակտիվ ներգրավվածություն եւ նույնիսկ խրախուսանք՝ խորամուխ լինելու արվեստների մեջ եւ դարձնելու դրանք գործիք՝ մեր ինքնության բացահայտման եւ հաստատման համար: Հուզիչ է դա տեսնել, եւ ես այնքա՜ն հպարտ ու խոնարհ եմ՝ լինելով դրա մի մասնիկը: Ես սկսում եմ դառնալ հայ սկսնակ երիտասարդ արվեստագետների շփման կետը, եւ դա ինձ դուր է գալիս: Եվ ուրախությամբ ասում եմ, որ այժմ մեծ սեր եւ աջակցություն եմ զգում համայնքի կողմից:

    Քո ֆիլմագրությունից պարզ է դառնում, որ հիմնականում կերպավորել ես արաբ եւ հայ հերոսուհիների: Ինչպե՞ս ես վերաբերվում այդ իրողությանը:

    -Կանադական մշակույթի մեծ խճանկարում իմ տեղը գտնելու համար՝ դա նույնպես էվոլյուցիա էր: Շատ երկար ժամանակ ինձ համարում էին սոսկ «էկզոտիկ», «էթնիկ» (բառացիորեն ինձ այս խոսքերն են ասել ոլորտի մարդիկ), հետեւաբար, ինձ առաջարկում էին նեղ շրջանակի դերեր, հատկապես կինոյի եւ հեռուստատեսության աշխարհում: Տարիների ընթացքում ինքս ինձ ստիպեցի լինել շատ համառ դերասան՝ ստեղծելու համար մի տարածություն, որտեղ իմ ձայնը կարող էին լսել եւ հաշվի առնել: Եվ, իհարկե, իմ փորձառությունը որպես BIPOC («սեւ, բնիկ, գունավոր») դերասանուհի ամենեւին էլ եզակի չէր: Հանգամանքները բարելավվել են, փոխվել են վերջին տարիներին, բայց դեռ ճանապարհ ունենք անցնելու:

    Ես միշտ ուրախ եմ եղել «ներկայացնել» իմ ժողովրդին եւ իմ ավելի լայն համայնքն ու մշակույթը, բայց երկար ժամանակ դա միակ բանն էր, որն ինձ «թույլատրում» էին անել, իսկ Կանադայի նման երկրում դա ոչ մի իմաստ չուներ: Շատ հիասթափեցնող էր, որ աշխատանք ունենալու համար միշտ պետք է կերպարը խաղալ որոշ առոգանությամբ կամ գլխաշոր կապած: Այս մասին ես խոսում եմ իմ«Սիրանույշ» մենաներկայացման մեջ, որը 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի առաջին քառորդի հայ բեմի ականավոր դերասանուհու մասին է: Մեր տանը կատակում էին հաճախ՝ «Այս դերդ գլխաշորո՞վ է լինելու, թե՞ առանց»: Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ իմ արմատները, բայց հիասթափեցնող է, երբ սահմանափակվում ես՝ ցույց տալով քո միայն մեկ մասը: Էլ չենք խոսում այն մասին, որ այդ կարգի կերպարները հաճախ լինում էին «ահաբեկիչներ» կամ տրավմատիկ փախստականներ կամ գաղթականներ: Իհարկե, այդ մարդիկ գոյություն ունեն իրական կյանքում, բայց եթե դա միակ պատկերացումն է, որը տեսնում ենք, մինչդեռ մենք բաց ենք թողնում նրանցից շատերի մարդկայնությունը: Դա այնքան նվաստացնող է: Եվ դա հաճախ է լինում BIPOC դերերի հետ:

    Ես բախտ եմ ունեցել արաբուհիների իմ վերջին մի քանի դերերով մարմնավորել զվարճալի, բարդ, սիրող մարդկանց, որոնք նման են բոլորին: Նկատի ունեմ, որ նրանք չեն որոշարկվում սոսկ «ուրիշ մեկը» լինելով: Դա իսկապես ուրախություն է եւ արտոնություն:

    Ուրախ եմ նաեւ հայտնել, որ ավելի ու ավելի շատ եմ կերտում առանց հատուկ առոգանության խոսող կամ որոշակի  հայ կամ արաբ կերպարներ: Վերջապե՛ս: Ուզում եմ նաեւ ասել, թե որքա՜ն կարեւոր է, որ մարդիկ իրենց տեսնեն «եռաչափ» ձեւով: Մեր համայնքի մարդիկ, հատկապես կանայք, «Սիրանույշը» դիտելուց հետո գալիս էին ինձ մոտ եւ պատմում իրենց զգացողությունները: Անծանոթ մարդիկ արտասվում էին, խնդրում գրկել ինձ կամ խոսել իրենց պայքարի մասին, որովհետեւ բեմում տեսնում էին մի հայ կնոջ, որի հետ կարող էին նույնականանալ: Դա շատ հուզիչ փորձառություն էր թե՛ նրանց, թե՛ ինձ համար:

    Լա՛րա, բացի անգլերեն եւ ֆրանսերեն գրելուց, կարո՞ղ ես պիեսներ գրել նաեւ հայերեն: Հրաշալի կլիներ, քանի որ արեւմտահայերեն պիեսներ գրող հեղինակները քիչ են:

    -Դա հիանալի մարտահրավեր է, եւ ես ունեմ որոշ գաղափարներ, որոնք եռում են այս պահին: «Սիրանույշ»-ում կան հայերեն երկար հատվածներ, բայց դրանք հիմնականում կազմված են հայտնի պիեսներից: Կցանկանայի պիես գրել այն հայերենով, որը հաճախ խոսում են Թորոնթոյում, որը միախառնված է իմ մանկության հայերենին (որն արդեն խառնված էր արաբերենի, թուրքերենի եւ ֆրանսերենի հետ) եւ անգլերենին: Հայեցակարգը, թե որտեղ է լեզուն ապրում մեր մեջ, եւ թե ինչպես ենք մենք տարբերվում յուրաքանչյուր լեզվով, որով խոսում ենք, մի բան է, որը տարիներ շարունակ հիացրել է ինձ: Ես գիտեմ, որ ես այլ մարդ եմ, երբ խոսում եմ հայերեն եւ ուրիշը՝ երբ խոսում եմ այլ լեզվով: Հայերենը նստած է իմ խորքում, այն իմ սովորած առաջին լեզուն է:

    Շերիդան քոլեջում դու ղեկավարում ես «Մեծացնելով ոսպնյակը» թրեյնինգների եւ իրազեկման շարքը, որը նվիրված է պատմականորեն լուսանցքում հայտնված ձայներին: Այնտեղ ներառե՞լ ես հայկական ձայներ: Չէ՞ որ մեր ձայները նույնպես լուսանցքայնացված են:

    -«Մեծացնելով ոսպնյակը» կենտրոնացնում է պատմականորեն լուսանցքում հայտնված ձայներին բոլոր տեսանկյուններից՝ էթնիկ, ռասայական, LGBTQ+, ֆեմինիստական, նյարդաբազմազան (նեյրոդիվերգենտ): Շատ եմ աշխատել՝ համոզված լինելու համար, որ ներկայացված են բոլոր խմբերը: Ես իսկապես հավատում եմ, որ երբ բարձրացնում ենք այլոց, մենք նույնպես բարձրանում ենք, ուստի, թեեւ սա կոնկրետ հայկական նախաձեռնություն չէ, այն բացարձակապես օգուտ է տվել մեր համայնքին: Այնուամենայնիվ, կա մի բոնուս. քանի որ ես եմ այդ դասախոսությունների շարքի ղեկավարը, խոսում եմ իմ սեփական փորձի մասին, եւ ուսանողները տեղեկանում են նաեւ մեր պատմությանը:

    Լա՛րա, մենք ծանոթացանք 2008 թվականին, երբ դու եկել էիր մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Հայաստան այցդ քո արմատներին «փարվելու» գործողությո՞ւն էր, թե՞…

    -Միանշանակորեն՝ դա  իմ արմատները բացահայտող ճամփորդություն էր, նույնիսկ եթե իմ ընտանիքը ներկա Հայաստանի տարածքից չէ: Դա մի աներեւակայելիորեն փոխակերպող ուղեւորություն էր, որի ալիքները շարունակում են ազդել ինձ վրա: Մի վայրից, որտեղ հայերենը հիմնականում անհայտ է, անցա մի վայր, որտեղ այն ամենուր էր: Սյուրռեալիստական էր: Այս մասին ես խոսում եմ «Սիրանույշ»-ում, թե ինչպես առաջին երկու օրերին զգում էի ինձ համար ստեղծված տարօրինակ երկրի դիսնեյլենդային մի տարբերակում: Այնքա՜ն անսովոր էր՝ լինել մի վայրում, որտեղ ստիպված չէի շատ ջանքեր թափել իմ էթնիկ պատկանելությունը «լինելու» համար. ես պարզապես այն էի, ինչ որ եմ: Եվ ես բոլորի նման էի: Եվ, իհարկե, Հայաստանն այն վայրն էր, որտեղ ես բացահայտեցի Սիրանույշին եւ նրա պատմությունը: Կարող է սովորական թվալ, բայց նրա համառությունն ու արտիստականությունը շարունակում են ոգեշնչել ինձ ամեն օր:

    Ո՞ր փուլում է այժմ «Սիրանույշը»:

    -Ես ոգեւորված եմ հայտարարելու, որ «Սիրանույշն» առաջին փուլից հետո կվերադառնա բեմ հաջորդ տարվա հոկտեմբերին Թորոնթոյում կայանալիք «Նեքսթ սթեյջ» փառատոնում: Ես նաեւ ակտիվորեն զբաղվում եմ նրա հյուրախաղերի հարցով, քանի որ բեմադրության հանդեպ հետաքրքրությունը մեծ է: Թեեւ այն միայն հայ հանդիսատեսի համար չէ, մեր համայնքի շատ անդամներ հարցնում էին, թե երբ եմ այն ցուցադրելու Լոս Անջելեսում՝ փոքր Հայաստանում: Եվ այն շատ եմ ուզում ներկայացնել Հայաստանում:

    Հայաստանին եւ հայությանն առնչվող այլ ծրագրեր ունե՞ս:

    -Թեեւ այս պահին կոնկրետ հայության հետ կապված ոչինչ չեմ գրում, բայց զգում եմ, որ սփյուռքահայ արվեստագետի իմ ինքնությունը միշտ դրսեւորվում է իմ աշխատանքում. դա այն ոսպնյակն է, որի միջով ես տեսնում եմ ամեն ինչ: Վերջերս ես գրել եւ բեմադրել եմ ֆրանսերեն մի պիես՝ միջինարեւելքցի մի ընտանիքի մասին, որն իմ «դիմահարդարման» շերտերից մեկն է՝ որպես բազմալեզու հայ արվեստագետ: Այնքա՜ն շատ դռներ կան, որոնց միջով կարող են մուտք գործել հայ արվեստագետները՝ բացահայտելու մեր անընդհատ զարգացող ինքնության (ինքնությունների) տարբեր կողմերը…

    ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

  • Փաշինյանը Մոսկվայում: Խորքայի՞ն, թե՞ մակերեսային տարաձայնություններ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա որոշ հետաքրքրական երանգներ էր պարունակում իր մեջ: Փաշինյանը չմասնակցեց մայիսի 7-ին կայացած Վլադիմիր Պուտինի երդմնառության հանդիսավոր արարողությանը` մատնանշելով հրավերի բացակայությունը: Բայց հաջորդ օրը, մայիսի 8-ին, նա մասնակցեց ԵԱՏՄ առաջնորդների հավաքին եւ մայիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձավ Երեւան` առանց մասնակցելու Կարմիր հրապարակում ծրագրված 1941-45 թթ. Հայրենական Մեծ պատերազմի (Երկրորդ համաշխարհային) շքերթին, որին ներկա էին այլ պետությունների նախագահները կամ ղեկավարները:

    Մոսկվայում գտնվելու ժամանակ Փաշինյանը նախագահեց ԵԱՏՄ ընդհանուր հավաքին մաս կազմող այդ կազմակերպության Գերագույն մարմնի նիստը, որից անմիջապես հետո, նա առանձնազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հաշվի առնելով Երեւանի եւ Մոսկվայի միջեւ վերջին շրջանի հարաբերությունների լարվածությունը, կարելի է ասել, որ այդ հանդիպումը ամենակրիտիկականն էր:

    Համաձայն ՀՀ կառավարության պաշտոնական կայքի հաղորդագրության, երկու կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային անցուդարձերի կարեւորագույն խնդիրները:

    Ռուսաստանի նախագահի պաշտոնական հաղորդագրությունը քիչ թե շատ նման էր հայկականին: Սակայն դրանք միայն պաշտոնական կողմն էին ներկայացնում, իսկ հարաբերությունների բարդությունը մղում էր մարդկանց, հատկապես հայերին, իմանալ մանրամասնություններ այդ հանդիպման մասին:

    Ըստ փաշինյանամետ լրատվության, վարչապետը Մոսկվայում պնդել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշում, Սյունիքում, Վայոց Ձորում եւ հայկական այլ շրջաններում տեղակայված ռուսական բոլոր զորքերը դուրս բերվեն այդ վայրերից: Նա նաեւ պնդել է, որ ռուսական անձնակազմը հեռանա Զվարթնոցի միջազգային օդանավակայանի տարածքից:

    Որոշ ժամանակ անց, Ռուսաստանի նախագահ Պուտինի մամլո խոսնակը անդրադառնալով հանդիպմանը նշել է, որ «հակառակ պայմանների փոփոխությանը, Փաշինյանն ու Պուտինը համաձայնել են վերոնշյալ հարցերի շուրջ»: Պեսկովը նաեւ ավելացրել է, որ հայկական կողմի խնդրանքով ռուսական սահմանային զորքերը կշարունակեն մնալ ռուս-իրանական եւ ռուս-թուրքական սահմաններում իրենց զբաղեցրած դիրքերում:

    Պետք է հստակ նշել, որ հակառակ բանավոր լարված արտահայտություններին եւ տարաձայնություններին, Հայաստանը ցարդ որեւէ քայլ չի կատարել Ռուսաստան կամ ռուսական շահերի դեմ: Հակառակ Ռուսաստանի ղեկավարությամբ ստեղծված ՀԱՊԿ-ից հրաժարվելու նախնական քննարկումներին, Հայաստանը ցարդ պաշտոնապես չի հայտարարել դուրս գալու մասին, ինչը պահանջում է կատարել 6-ամսյա նախազգուշացումից հետո:

    Երեւանը ակնարկել է անդամակցության ժամանակավոր սառեցման մասին, սակայն ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ սառեցման մասին խոսք չկա: Նման գործընթաց չի նախատեսվում: Հայաստանը նաեւ հայտարարել է, որ չի վճարելու ՀԱՊԿ-ի անդամակցության սակագինը, որը վարչական փոքր գումար է ֆինանսավորելու ՀԱՊԿ-ի անձնակազմին:

    Ինչ վերաբերում է հարաբերությունների տնտեսական ոլորտին, աճն ակնհայտ է: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերը: Հայ-ռուսական եւ հայ-ԵԱՏՄ առեւտրաշրջանառությունը եւ համագործակցությունը վերջերս ավելի մեծ թափ է ստացել, ինչպես գոհունակությամբ նշել են երկու կողմերի առաջնորդները:

    Ակնհայտ է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ոչ մի մտադրություն չունի, չնայած այդ մասին քննարկումները շարունակվում են հայաստանյան մամուլի էջերում: ԵԱՏՄ-ի դեպքում Հայաստանից պահանջվում է նախազգուշացնել մեկ տարի առաջ, ինչը մինչ օրս Հայաստանը չի կատարել:

    Հակառակ նկատելի արտաքին լարվածության, Հայաստանը իրականում կարծես պատրաստ չէ, կամ ի վիճակի չէ դուրս գալու Ռուսաստանի անմիջական ազդեցության գոտուց:

    ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

    Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

    Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

    (The Armenian Mirror-Spectator)

  • Գիտագործնական ուսանողական գիտաժողով

    Գիտագործնական ուսանողական գիտաժողով

    Վերջերս Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտության համալսարանի Երեւանյան մասնաճյուղում տեղի ունեցավ «Տնտեսության թվայնացում. նախադրյալներ, միտումներ, հեռանկարներ» գիտագործնական ուսանողական կոնֆերանսը, որին մասնակցում էին բակալավրիատի եւ քոլեջի ուսանողները:

    Երեւանի մասնաճյուղի տնօրեն Թ. Վարդանյանը ընդգծեց համաժողովի նպատակը՝ թվային տրանսֆորմացիայի ոլորտում ուսանողների ներգրավման կարեւորությունը ժամանակակից տնտեսության զարգացման համար եւ բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման անհրաժեշտությունը, որոնք ունակ են արդյունավետ աշխատելու թվայնացման պայմաններում:

    Համաժողովի ընթացքում ուսանողները ներկայացրեցին զեկույցներ նորարար կառավարման, կառավարման եւ կադրերի զարգացման ժամանակակից մեթոդների, թվային տնտեսության եւ արհեստական   ինտելեկտի վերաբերյալ:

    Համաժողովի բոլոր մասնակիցներին կտրվեն էլեկտրոնային վկայականներ: Որախալի է, որ ուսանողները ակտիվ մասնակցություն են ունենում գիտագործնական գիտաժողովին եւ բարձրացնում իրենց գիտելիքներն այս բնագավառում:

    ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ