Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան 

Ուռայի մոգականությունը

Այս անգամ հաղթանակը երաշխավորող հայկական «ուռան» մեզ չփրկեց: Պատերազմի ժամանակ երկմտանքով արտասանած մեր «ուռայի» ցածր տեմբրը   չկարողացավ  խլացնել թշնամու ականջը: Դա էր պատճառը, որ  կորցրեցինք  հնգանիշ  բնական թվերով արտահայտված հայկական պետականությանը «հակադրվող»  Հայրենիքի մի մասը:   Հիմա էլ մեր սրտերի մեջ կորուսյալ մեծ Հայրենիքը սահմանագծելու մասին ենք մտածում եւ խորհում, որ միգուցե  բանակի կանոնադրության մեջ «Ուռա»-ն   «Կեցցե»-ով փոխարինելու դեպքում մեզ կհաջովղի ավելի բարձր տեմբրով  առոգանել մեր հոգու  ճիչը:

Խորհրդային բանակից «ուռան»  փոխառված լինելու փաստը, համաձայն եմ, անհերքելի է, բայց այդ կոչականի ոռւսերեն ծագումը խիստ կասկածելի եմ համարում: Չգիտեմ էլ,  ոգեշնչող այդ   բացականչությունը որտեղի՞ց է գալիս: Բայց հաստատ գիտեմ,  Ռուսիայից չի գալիս:

«Ուռա» բառի ծագումնաբանության ու իմաստային փոփոխությունների մասին  որոշ աղբյուրներից գիտենք, որ այն առաջացել է  սանսկրիտերեն «haur» բառից, որն  «արեգակ» իմաստն է արտահայտում: Հայտնի է նաեւ, որ հայերեն «ՀՈՒՐ» բառը դրա ժառանգներից է:  Այն նաեւ օշարակի տեսակ է, որն   ըստ զրադաշտականների սուրբ գրքի,  մատուցվել է միայն առաքինի մարդկանց:

Ըստ «Դեհխոդա» հանրագիտարանային բառարանի, «հուռան» ավեստերեն ծագում ունի,  եւ հնում իրանցիները հաղթանակների ու տոնակատարությունների  ժամանակ այդ հիացական բացականչությունով  արտահայտել են իրենց ցնծությունն ու հրճվանքը:
 Նույն արմատից առաջացած «հուռան», համաձայն վկայակոչված աղբյուրի,   քրդերեն  նշանակում է «աղմուկ-աղաղակ», իսկ ավեստերեն՝  «ոգելից ըմպելիք»:

 «Ուռայի» եւ արեւմտյան բարքերի  մասին է աղաղակում դանիացի գեղանկարիչ  Պեդեր Սեւերին Կրոյերի՝ 1888 թվականին վրձնած  «Հիպ-հիպ հուռա» (ռուսերեն՝ гип-гип-ура) խորագրով կտավը, որտեղ պատկերված է դանիական Սկագեն քաղաքում  գինարբուքի ժամանակ   «ուռա» բացականչող  մի խումբ դանիացի նկարիչների հավաքույթը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ