Կիրակի, հուլիսի 21-ը հիշարժան օր էր Ռուսեի հայ համայնքի համար։ Հայոց «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում տեղի ունեցավ նորակերտ խաչքարի օծման արարողություն ձեռամբ Գերշ. Տ․ Տաթև եպսկ. Հակոբյանի՝ Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ:
Արարողությանը ներկա էին Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը, մարզպետ Դրագոմիր Դրագանովը, քաղաքապետի տեղակալ Դիմիտար Նեդևը, Արթուր Հովհաննիսյանը՝ օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար, բարերար, հասարակական գործիչ Արտակ Սերգոյանը, դոկտոր Պողոս Կարժարյանը՝ ՀԲԸՄ Ռուսեի մասնաճյուղի ատենապետ, ինչպես նաև Բուլղարական ուղղափառ եկեղեցու և Ռուսեի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ։
Մարզպետ Դրագանովը նշեց, որ խաչքարի զետեղումը հիշարժան իրադարձություն է Ռուսեի հանրության համար։ «Շնորհակալ եմ հայ համայնքին Ռուսեի հանրությանը տրված այս նվերի համար և հավատում եմ, որ խաչքարը կպաշտպանի քաղաքն ու շրջանը»,- մատնանշեց մարզպետը։ «Ռուսեն միշտ եղել է էթնիկ հանդուրժողականության օրինակ հանդիսացող քաղաք։ Այս իրադարձությունը կմնա Ռուսեի տարեգրության մեջ»,- հավելեց նա։
«Հայ եկեղեցին միշտ հայապահպանման դարբնոց է հանդիսացած։ Այս քարը մեր հաղթանակի խորհրդանիշն է: Մենք ունենք մոտ 5000 տարվա պատմություն աշխարհում և 2000 տարվա հարուստ պատմություն՝ որպես քրիստոնյաներ։ Այս 2000 տարում, ինչպես մեր Փրկիչը, մենք էլ խաչվեցինք։ Մենք միշտ հետևել ենք Քրիստոսին: Եթե մենք քրիստոնյա չլինեինք, գուցե 60 միլիոն հայ լինեինք ամբողջ աշխարհում, բայց մենք ընտրեցինք քրիստոնյա լինելը։ Մենք ընտրեցինք քրիստոնյա մնալ, քանի որ Քրիստոսի միջոցով ապահովեցինք մեր ներկայությունը այս Տիեզերքում: Կարևոր չէ երկրի չափը և մարդկանց թիվը, կարևորը հավատքն է և մշակույթը, այսինքն. դեմքը, ազգի կերպարը»,- ասաց Սրբազան Հայրը։
«Այսօր աշխարհի 162 երկրներում հայկական համայնքներ կան։ Ուր էլ գնաս, ցանկացած երկրում, եթե ներկայանաս որպես հայ, քեզ կասեն, որ քեզ խորապես հարգում են։ Այս սերը, որ մենք ստանում ենք ամբողջ աշխարհի մարդկանցից, այն պատճառով է, որ մենք իսկապես նվիրվել ենք Քրիստոսին և խաչվել ենք ինչպես Փրկիչը: Մենք միշտ պատվաբեր ու լավ ժողովուրդ ենք եղել։ Մենք այս աշխարհում նման ենք ունիվերսալ ժողովրդի: Ուր էլ գնաս, հայ կգտնես, մենք այս աշխարհի աղն ենք։ Եկեք այսօր այս սուրբ հուշարձանի միջոցով ևս մեկ անգամ ուղղենք մեր մեջքը»,- հավելեց Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։
Նա աղոթեց առ Աստված, որ հայ ժողովրդին ավելի շատ հաղթանակներ պարգևի, իսկ հայերին ուժ ու հնարավորություն տա ապրելու Բուլղարիայում՝ նպաստելու երկրի զարգացմանը։
Իր հերթին փոխքաղաքապետ Դիմիտար Նեդևը շնորհակալություն է հայտնեց հայ համայնքի հետ համատեղ աշխատանքի համար և նշեց, որ Ռուսեի քաղաքապետարանի ջանքերն ուղղված են բոլոր համայնքներին։
«Մենք միասին ապրում և աշխատում ենք այս քաղաքում։ Այս հուշարձանը ոչ միայն ցեղասպանության, այլեւ հայ ժողովրդի հզորության ու մեծության խորհրդանիշն է։ Այս խաչքարի օծմամբ հարգվում է այս հնագույն ժողովրդի նախնիների ավանդույթներն ու հավատքը, ստեղծվում է կապ անցյալի, ներկայի ու ապագայի միջև։ Թող այս խաչքարը լինի խաղաղության, հույսի ու կարեկցանքի խորհրդանիշ»,- ասաց փոխքաղաքապետը։ «Պահպանեցեք ձեր հավատը և մաղթում եմ ձեզ քաջառողջություն և միասին աշխատելու շատ լավ օրեր»,- ասեց է Նեդևը։