Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Զինվորը ցանկացած շշուկից պետք է արթնանա, մինչդեռ օրվա ընթացքում նրան հոգնեցնում են բանակի մարտունակության բարձրացման հետ որևէ կապ չունեցող գործերից. ռազմական փորձագետ

Չկենտրոնանալով այն բանի վրա,  թե ինչու են ինժեներասակրավորային վաշտի կացարանում միայն ժամկետայիններ եղել կամ ինչու են նրանք փորձել բենզինով վառել վառարանը, պետք է առավել կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ բանակում գործող կանոնադրությունը չի համապատասխանում այսօր եղած մարտահրավերներին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Մենք առավոտվանից մինչև ուշ երեկո զինվորին հոգնեցնում ենք տարատեսակ գործողություններով, և երբ նա պառկում է քնելու, ամբողջությամբ «անջատվում է»։ Պատճառն այն է, որ զինվորը չափազանց հոգնած է լինում, և նույնիսկ եթե կողքին արկ էլ պայթի, չի զգա, որովհետետև օրվա ընթացքում հոգնել է բանակի մարտունակության բարձրացման հետ որևէ կապ չունեցող գործերից։

Այստեղ խնդիրն այն է, որ մենք պետք է կարողանանք զինվորի առօրյան այնպիսի կանոնակարգով կազմակերպել, որ անգամ քնած ժամանակ նա զգոն լինի, ցանկացած շշուկից արթնանա։ Բայց արդեն որերորդ դեպքն է տեղի ունենում, որ նման ողբերգական ավարտ է ունենում»,- ասաց ռազմական փորձագետը՝ հիշեցնելով, որ նույնիսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի գիշերը շատ զինվորներ զոհվել են քնած մնալու պատճառով։

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ եթե ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բոլորը քնած չլինեին, ապա միջադեպի հետևանքներն այսքան ողբերգական չէին լինի։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: