Չորեքշաբթի, 26 Օգոստոս, 2026

Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը

Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը։

Դատարանի դիմաց հավաքված ընդդիմադիր գործիչները վստահ են, որ դատաիրավական համակարգը քաղաքական պատվեր է կատարում՝ հաշվեհարդար, որը նաև Ալիևի սրտով է։

Հիշեցնենք, որ ռոբերտ քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, դատարանը 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Նույնիսկ քաղաքական իշխանության ներկայացուցիչներն են հաստատում, որ այստեղ քաղաքական բաղադրիչը կա․ Այ սա իսկապես անհանգստացնող երևույթ է. դատարանի բակում ասել է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։

Շուրջ 3 տարի անընդմեջ խոսում եմ ՔՊ-ի կոռուպցիայից, ցույց եմ տալիս, թե ինչ թալանի մեջ են, բայց այդ ամբողջ պրոցեսը որևէ ընթացք չի ստանում. դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցվող քրեական գործերին։

Նրա խոսքով՝ հենց իշխանությունները զգում են, որ որևէ ապօրինություն են անելու, անմիջապես կեղծ գործեր են հարուցում։

«Ռոբերտ Քոչարյանը բերվել է դատարան, գործը մակագրվել է Սարգիս Դադոյանին, դատը կքննվի 8:30, նյութերը նոր ենք ստացել, չենք հասցրել ծանոթանալ»,- լրագրողներին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը:

Երկրորդ նախագահը Հակակոռուպցիոն դատարան է տարվել հենց հիվանդանոցից, որտեղ գտնվում էր երեկվանից։ Քոչարյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր Հակակոռուպցիոն կոմիտեում, նա տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։ Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, տեղեկացրել էր, որ մոտ երկու շաբաթ առաջ երկրորդ նախագահը վիրահատվել էր, սրտի ստենտավորում է իրականացվել, և հենց բժիշկները թույլ չէին տվել երեկ նրան տանել դատարան։

Նշենք, որ Քոչարյան ընտանքիի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է օգոստոսի 24-ին, ԱԺ-ում Լևոն Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցից ժամեր անց՝ հաջորդ օրը։
Լևոն Քոչարյանը Փաշինյանին ասել է՝ ընդդիմությանը ձայն տված մարդիկ հարցնում են՝ «Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած այդ պիղծ դավաճանը ինչո՞ւ է մինչև հիմա կարողանում լինել այս պաշտոնին»։

Կիսվել