Չկենտրոնանալով այն բանի վրա, թե ինչու են ինժեներասակրավորային վաշտի կացարանում միայն ժամկետայիններ եղել կամ ինչու են նրանք փորձել բենզինով վառել վառարանը, պետք է առավել կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ բանակում գործող կանոնադրությունը չի համապատասխանում այսօր եղած մարտահրավերներին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Մենք առավոտվանից մինչև ուշ երեկո զինվորին հոգնեցնում ենք տարատեսակ գործողություններով, և երբ նա պառկում է քնելու, ամբողջությամբ «անջատվում է»։ Պատճառն այն է, որ զինվորը չափազանց հոգնած է լինում, և նույնիսկ եթե կողքին արկ էլ պայթի, չի զգա, որովհետետև օրվա ընթացքում հոգնել է բանակի մարտունակության բարձրացման հետ որևէ կապ չունեցող գործերից։
Այստեղ խնդիրն այն է, որ մենք պետք է կարողանանք զինվորի առօրյան այնպիսի կանոնակարգով կազմակերպել, որ անգամ քնած ժամանակ նա զգոն լինի, ցանկացած շշուկից արթնանա։ Բայց արդեն որերորդ դեպքն է տեղի ունենում, որ նման ողբերգական ավարտ է ունենում»,- ասաց ռազմական փորձագետը՝ հիշեցնելով, որ նույնիսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի գիշերը շատ զինվորներ զոհվել են քնած մնալու պատճառով։
Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ եթե ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բոլորը քնած չլինեին, ապա միջադեպի հետևանքներն այսքան ողբերգական չէին լինի։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:







