Ժամը 19:00-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 14-ի. հայտնում է Հհ Առողջապահության նախարարությունը։
«Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:
Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք,որ կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է բարձր ջերմաստիճանով (մինչեւ 40,5 °C), բերանի խոռոչի լորձաթաղանթի ու վերին շնչուղիների բորբոքմամբ, շաղկապենաբորբով ու մաշկի բծավոր բշտիկային ցանով։ Այս բոլոր ախտանիշներն ուղեկցվում են օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայով։