Կիրակի, 26 Հուլիս, 2026

7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքներ. խաղամոլությունը «կանխելու» հերթական շոուն

Ո՞վ է վերջապես հովանավորում 7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքների ընդունման բիզնեսը, և կարո՞ղ են  աղքատացող երկրի մոլախաղի մասնակիցները 2.5 մլրդ դոլարի խաղադրույքներ կատարել։

Հարցի վերաբերյալ կան մի քանի հանգույցներ։

Հանգույց N 1

1. Քպ վարչախմբի մի երիտասարդ բացառիկ ազգանվեր նախաձեռնություն է հանդես բերում և ԱԺ հանձնաժողովներում բուլդոզերային հանձնառությամբ սկսում է ակտիվ պայքար, որն ավարտվում է երկու արդյունքով։

Ա. Հայաստանում չգրանցված և չլիցենզավորված խաղային բիզնեսի արտասահմանյան օնլայն տնտեսվարողներին որոշում են խլացնել և փակել նրանց մուտքը Հայաստանի տարածք։

Բ. Հայաստանում գրանցված, լիցենզավորված խաղային չորս տնտեսվարողների հարկը որոշում են կամաց-կամաց բարձրացնել։

Առաջին հանգույցում բեմականությունը հստակ ավարտվում է, և ընդամենը մեկ սխալ է սպրդում դեպի հանրային դաշտ՝ մեկ կեղծ շահումի վերաբերյալ քպ պատգամավորի պնդումն էր, որն իր մեջ պարունակում էր ողջամիտ կասկածներ, թե ինչպես է բանկային գաղտնիքի առկայությամբ երկրում ինչ-որ մեկը իմացել կեղծ շահում ստացած քաղաքացու բանկային և վարկային շարժը։

Հանգույց N 2

2. Քպ առաջնորդը մեծագույն պաթոսով ԱԺ նիստի ընթացքում հայտարարում է, որ ինքը շատ բարձր է գնահատում երիտասարդ պատգամավորի ջանքերը և խոստովանում է,  որ ինքը տրամադրված է շատ ռադիկալ.  առաջին իսկ քննարկման ժամանակ որոշել է երկու ոտքը մի կոշիկի մեջ դնելու սկզբունքով արմատախիլ անել խաղային ինդուստրիան, որովհետև դա հանրային անվտանգությունը խաթարող չարիք է։ Ժողովրդի դարդով տապակվող քպ առաջնորդի խոսքն ավարտվում է հետևյալ երեք արդյունքով.

Ա. Խոստովանում է, որ իր ռադիկալ քայլը չեղարկվել է, որովհետև ինչ-որ քննարկումների արդյունքում ինքը հասկացել է, որ իր պատկերացրածը ճիշտ քայլ չէ։ Այսինքն՝ ինչ-որ քննարկման մասնակիցներ համոզել են նրան իբր չգնալ ռադիկալ քայլերի։ Հետաքրքիր է՝ ովքե՞ր են եղել այդ համոզողները։

Բ. Հայտարարում է ինչ-որ նորահայտ «օպերատոր» ստեղծելու մասին, որը պետք է համակարգի խաղային ինդուստրիայի տեղական չորս կազմակերպությունների գործունեությունը։ Փաստացի տեղական չորս կազմակերպությունների կողքին հայտնվում է ևս մեկը , որի անունը կլինի «Օպերատոր»։

Գ. Խոստանում է ամենադաժան կերպով պատժել «Օպերատոր»  կոչվածի դեմ լոբբինգ անողներին՝ չմանրամասնելով, թե ով կարող է պետական կարգավորման դեմ հանդես գալ և հակառակ լոբբինգ իրականացնել պետական համակարգում։

Ձեռքի հետ էլ խոստանում է անընդհատ բարձրացնել ներքին չորս խաղային գործունեություն ծավալողների հարկերը։

Իհարկե, զվարճալի այս հրատապ քննության նկատմամբ շատերը տարակուսանք ունեն՝ ովքեր են այս միջոցառման հիմնական շահառուները և ում դեմ է այն  ուղղված։ Վերջապես «ռադիկալ» տրամադրվածը ինչո՞ւ ռադիկալ չի դառնում:

Սկսենք արդյունքներից։

1. Խաղադրույքների ընդունման ներքին շուկան մենաշնորհվում է, և դրսի օնլայն կազմակերպությունները հեռացվում են։

2.Ստեղծվում է «Օպերատոր» կոչված մի ֆիլտր, որի օգնությամբ իշխանությունները համակարգային մոնիտորինգի գործիք են ձեռք բերում։ Իսկ ո՞վ է մոնիտորինգ անելու «Օպերատորին», հայտնի չէ և  չի էլ լինելու։

3. Հանրային անվտանգությունը վտանգի տակ դրած խաղային ինդուստրիան ոնց կար, նույն կերպ շարունակելու է իր գործունեությունը արդեն առանց ռադիկալ քայլերի սպառնալիքների։

Որպես վերջաբան։

Արդյոք կարելի՞ է պատկերացնել մի վիճակ, երբ Կոլումբիայի քաղաքացին հայկական օնլայն կազինոյում շահում է 1000 դրամ, և դա այն գումարն է, որը պարտվել է նույն կազինոյում, նույն օրը որևէ արատավոր քաղաքացի:

Այս ամենն ունի միայն մեկ լուծում՝ Հայաստանում խաղային ինդուստրիան պետք է արմատախիլ արվի և վերջնականապես դադարի գործել։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչ