Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

 Կարմրուկի 14 դեպք է արձանագրվել. վարակվածների վիճակը միջին ծանրության է

Ժամը 19:00-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 14-ի. հայտնում է Հհ Առողջապահության նախարարությունը։

«Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին  հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք,որ կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է բարձր ջերմաստիճանով (մինչեւ 40,5 °C), բերանի խոռոչի լորձաթաղանթի ու վերին շնչուղիների բորբոքմամբ, շաղկապենաբորբով ու մաշկի բծավոր բշտիկային ցանով։ Այս բոլոր ախտանիշներն ուղեկցվում են օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայով։