Երևանցիների շրջանում օրերս անցկացված հեռախոսային հարցման արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի բնակիչները Երևանի լուսավորությունը 1-5 բալային սանդղակով գնահատում են 4.1, տրանսպորտը և անվտանգությունը՝ 3.7, կանաչապատ տարածքները՝ 3.5, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ մայրաքաղաքի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել աղբահանության մասով՝ 3.4 բալ. հարցվածները Երևանի մաքրությունը գնահատել են 3.3 բալ. ամենացածր ցուցանիշը բաժին է ընկել մշակութային և սպորտային միջոցառումներին։
«Կոմունալ ծառայությունների գնահատման դեպքում ջրամատակարարումը գնահատվել է 3.5 բալ, ամենաբարձր գնահատականն ստացել է գազամատակարարումը՝ 4.4 բալ, ամենացածրը՝ էլեկտրաէներգիան՝ 3.3 բալ։
Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում Երևանի ճանապարհների վիճակը՝ մայրաքաղաքի բնակիչները պատասխանել են՝ ասֆալտապատումը՝ 2.9 բալ, փոսալցումները՝ 2.6, ամենացածր գնահատականին արժանացել է ջրահեռացումը։
Ինչ վերաբերում է Երևանում նոր շենքերի մեծածավալ շինթույլտվությունների տրամադրմանը, ապա հարցվածների 17.8 տոկոսը դրան լիովին դրական է վերաբերում, ավելի շուտ դրական՝ 25.1 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 18.6 տոկոսը և ընդհանրապես բացասական՝ 34.6 տոկոսը։
Գնահատելով սեփական վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետի աշխատանքը՝ երևանցիներն ամենաբարձր գնահատականը տվել են Քանաքեռ-Զեյթունի և Շենգավիթի վարչական ղեկավարներին՝ 3.9 բալ։ Ամենացածր գնահատականն ստացել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ 2.7 բալ։
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, գրեթե բոլորը նրա աշխատանքը վատ են գնահատել ՝ ընդամենը 2.5 բալ։ Սա այն դեպքում, երբ բոլոր վարչական շրջանների ղեկավարները՝ անգամ Կենտրոնի, նրանից բարձր գնահատականներ ունեն»,- նշեց Արամ Նավասարդյանը։
Անդրադառնալով Երևանի ավագանու աշխատանքին՝ բանախոսը շեշտեց, որ այստեղ առկա է տոտալ վատ վիճակ. բոլոր խմբակցությունները ցածր գնահատականներ են ստացել։ Քաղաքացիների մեծ մասն իր դժգոհությունն է հայտնել նաև կանաչ ծառերի հատման և դրանց տեղում սակուրաներ ու հուդայածառեր տնկելու պրակտիկայի առնչությամբ։
«Քանի որ այս հարցը հիմնականում վերաբերում է Կենտրոն վարչական շրջանին, ապա տեսնում ենք, որ այստեղ պատկերն ավելի վատ է։ 41.4 տոկոս հարցվածները նշել են, որ ծառերի փոխարինումը միանշանակ վատ է, ավելի շուտ վատ գնահատել է 13.1 տոկոսը. բացասական կարծիքները միասին կազմել են գրեթե 55 տոկոս։
Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի դրսևորման մակարդակին, դրանք միանշանակ բարձր է նշել հարցվածների 27.3, ավելի շուտ բարձր՝ 19.8 տոկոսը»,- նշեց բանախոսը։
Հարցին՝ Երևանի քաղաքապետը պե՞տք է շարունակի պաշտոնավարել, թե պետք է հրաժարական տա, 11.4 տոկոսը պատասխանել է, որ պետք է միանշանակ շարունակի պաշտոնավարել, միանշանակ հրաժարականի օգտին ձայն է տվել հարցվածների 32.6 տոկոսը, հարցվածների 17.3 տոկոսն էլ նշել է, որ գործող քաղաքապետը պետք է ավելի շուտ հրաժարական տա։ Այսպիսով՝ հարցվածների գրեթե 50 տոկոսը կողմ է, որ Տիգրան Ավինյանը դադարի զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը։
«Իսկ թե երևանցիներն ինչպես կգնահատեն իրենց վարչական շրջանբների օդի աղտոտվածությունը, 1-5 բալային սանդղակով (որտեղ 1-ն ընդհանրապես աղտոտված չէ, 5-ը՝ շատ աղտոտված է), ամենամաքուր օդը, ըստ մայրաքաղաքի բնակիչների, Ավան վարչական շրջանում է՝ 2.9 բալ, ամենաբարձր աղտոտվածությունը Շենգավիթում է՝ 3.7 բալ, Կենտրոնում՝ 3.5 բալ»,- ամփոփեց GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։