Լրագրող Անի Գևորգյանը տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանն իր բողոքը վարույթ չի ընդունել և դրամահավաք է իրականացնելու, որ Ալեն Սիմոնյանը կարողանա փաստաբանի փողը տալ։
Անին գրել է.
Հիմա հերթով։
Հիշում եք՝ 2021 թ-ի ապրիլի 14-ին իշխանական ողջ խմբակցությունն ու կառավարության անդամները խորհրդարանում հոտնկայս ծափահարում էին Նիկոլ Փաշինյանին այն հայտարարությունից հետո, թե «Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա»։
Ալեն Սիմոնյանը ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ, ինչը բավականին լարված էր անցել հատկապես ինձ հետ: Այս ճեպազրույցից հետո ֆեյքային արշավ էր սկսել իմ դեմ, որոշ օգտատերեր տարածել էին իմ ու իմ անչափահաս որդու լուսանկարները, ես ֆեյքային հարձակումը կապել էի Ալեն Սիմոնյանի հետ ու իմ հրապարակային հարցազրույցներում հայտնել, որ ներքին համոզմունք ունեմ՝ այդ ամենը կազմակերպվել է Ալեն Սիմոնյանի կողմից:
Ֆեյքային արշավի մասին փաստել էին լրագրողական կազմակերպությունները, ՄԻՊ-ը, քրեական գործ էր հարուցվել։ Իմ կարծիքը ներկայացրել էի նաև իրավապահներին, հետո գործը կարճել էին, պարզ էլ չէ, քննչական գործողություններ առհասարակ արվել էին թե ոչ։
Ալեն Սիմոնյանը դիմել էր դատարան ՝ պահանջելով պարտավորեցնել ինձ հերքել իր մասին իմ ներկայացրած ներքին համոզմունքը:
Սիմոնյանը 2 մլն դրամի նյութական պահանջ էր ներկայացրել։ Դատարանը հայցը բավարարել էր մասնակի՝ պարտավորեցնելով հերքել և վճարել 257 հազար դրամ։
Ես բողոքարեկել էի Վերաքննիչ դատարան, դատարանը վճիռը անփոփոխ էր թողել ՝միայն հերքման տեքստի հետ կապված որոշ փոփոխություն էր ավել։
Բողոքարկել էինք Վճռաբեկ դատարան, Վճռաբեկը այդպես էլ վարույթ չընդունեց ։
Հասկանալի է չէ՞ շղթան, իրավապահները ջրել էին քրեական գործը, որի օբյեկտիվ քննության պարագայում ես փաստական տվյալներ, ապացույցներ կունենայի։
Նշեմ, որ երեխայիս նկարը առաջինը տարածած անձի ֆեյսբուքյան էջում գրված էր, որ «հեղափոխության պահպաններից» է, այդ խմբակից մեկը հետագայում անցել էր Ալեն Սիմոնյանի մոտ գործի։
Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո ապացույցները մի րոպեում իրավապահները կգտնեն, դատարաններն էլ հաշվի կառնեն ներքին համոզմունք, կարծիք արտահայտելու իրավունքը։
Չնայած նրան, որ հիմա էլ նույն կարծիքին եմ, ներքին համոզմունք ունեմ, ստիպված եմ լինելու հերքել ՝ ապագայում արդեն անհերքելին։
Թող քաղաքացու վրա թքող, «ստահոդ տեղեկություն» տարածող այս պահին պաշտոնյան մի փոքր ուրախանա։
Ալեն Սիմոնյանը դատական նույն գործի վերաբերյալ տեղեկացրել է.
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատական 3 ատյանով անցած պատվին և արժանապատվությանը վերաբերող Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Անի Սեյրանի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության բավարարել է։ Դատարանի վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ Դատարանը պարտավորեցրել է Անի Սեյրանի Գևորգյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ ձևով՝ տեղադրել հայտարարություն www.news.am կայքում, իսկ անհնարինության դեպքում պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում «Հերքում» վերնագրով և հետևյալ բովանդակությամբ՝ «16.04.2021թ.-ին Յութուբ կայքի՝ «hayeli am» վերնագրով ալիքում, news.am և hayeli.am կայքերում տեղադրված տեսանյութում Անի Սեյրանի Գևորգյանիս կողմից Ալեն Սիմոնյանի վերաբերյալ կատարված այն արտահայտությունը, որ նա իմ նկատմամբ հանցագործություն և իմ մանկահասակ երեխայի թիրախավորում է պատվիրել, չի համապատասխանում իրականությանը»:
Դատարանը պարտավորեցրել է նաև Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության համար վնասի հատուցում, 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 7.000 ՀՀ դրամ՝ որպես հայցի բավարարված մասով նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հարգելի՛ գործընկերներ, Ալեն Սիմոնյանի համար կարևորը զրպարտություն պարունակող տեղեկատվության հերքումն է։ Հիշեցնենք, որ դատարան ներկայացված 11 գործերից արդեն երեքը բավարարվել են և հերքվել են զրպարտություն պարունակող տեղեկությունները, այժմ դատարանում քննվում է նրա կողմից ներկայացված 8 դատական հայց։