Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը 2004-ին է հրատարակել իր առաջին գիրքը՝ «Հայաստանը պատմական քարտեզներում» աշխատությունը։ Գրել է անգլերեն, որպեսզի օտարներին ցույց տա, որ հայերն այս տարածաշրջանում բնիկներ են, Հայաստանը հայի Հայրենիքն է։
Դրանից հետո նա ևս 7 գիրք է գրել։ Բոլորը պատմական ապացույցների, ուսումնասիրությունների վրա հիմնած հրատարակություններ են, որոնցում խոսում են հատկապես օտարազգի հեղինակների քարտեզները, պատմական վկայությունները։
Միջնադարում պարսիկ, անգամ օսմանցի պատմիչները վկայություններ են թողել, որ իրենց ժամանակներում՝ 14-րդ դարում, այս տարածաշրջանում հայեր են ապրել, իսկ եվրոպական քարտեզներում նշված է, որ շատ ավելի վաղ ժամանակներում՝ Ք.ա. 500-600 տարի առաջ այստեղ հայեր են բնակվել, ու նրանց երկիրը Հայաստանն է։
Ադրբեջանի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 1918 թվականից հետո։ Արհեստականորեն ստեղծված այդ երկրի բնակիչներն իրենց անվանել են թուրքեր կամ ուղղակի մուսուլմաններ, և միայն 1936 թվականին է Մոսկվայից հրաման եկել, որ նրանց պետք է անվանել ադրբեջանցի։ Ադրբեջանցի եզրույթն առաջին անգամ հանդիպում ենք Խորհրդային Սահմանադրության մեջ, 1936 թվականին։
Էթնոս չունեցող, ինչ-որ թյուրքական ցեղախմբերից առաջացած ադրբեջանցիները, սակայն, տարածում են, թե այս տարածաշրջանում, բացի թյուրքական ցեղերից, այլ ժողովուրդներ չեն ապրել ու իբր հայերը եկվորներ են, նրանց այստեղ է բերել ռուսական բանակը։
Հայաստանի տարածքից մաս-մաս նվիրվել է Ադրբեջանին, արհեստածին այդ պետությունը տիրել է Ատրպատականի հողին, ու դեռ հանդգնում է խոսել «պատմական անցյալից ու էթնիկ կենսագրությունից»։
Ռուբեն Գալչյանը մանմասանորեն ուսումնասիրել է այս ամբողջ պատմությունը, իզուր չէ, որ նա 40-50 տարի նվիրվել է քարտեզագիտությանը։
Նրա վերջին գիրքը 1918 թվականից հետո մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատմական անցքերի ուսումնասիրությունն է ու դրանց վկայությունը՝ քարտեզներով ապացուցված։
Ռուբեն Գալչյանը բազմիցս է հայտարարել, որ սահմանագծման ու սահմանազատման համար Հայաստանը պետք է սեղանին դնի 1920-26 թթ քարտեզները, որոնք միայն Մոսկվան ունի։ Դրանք հաստատվել են Գլխավոր շտաբի կողմից ու համարվում են պաշտոնական անվիճելի փաստաթուղթ։
Գիտնականը հիշեցնում է, որ 2 տարի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում էր՝ սահմանազատմանն ու սահմանագծմանը պետք է մասնակցի նաև Մոսկվան, որովհետև միայն նրա ձեռքի տակ է 1926 թվականի քարտեզը։ Ըստ այդ քարտեզի՝ անկլավներ գոյություն չունեն, Ալ լճերը, Իշխանասարը Հայաստանի պետական տարածքում են։
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ հանդիպում էր կազմակերպել Ռուբեն Գալչյանի հետ, որի ընթացքում գիտնականը ներկայացրեց 1918 թվականից հետո Հայաստանի հետ տեղի ունեցած պատմական դեպքերը՝ քարտեզներով։