2025 թվականի հունվարի 1-ից Լեհաստանը կստանձնի նախագահությունը Եվրոպական միության խորհրդում, և մեր գերակա խնդիրն է լինելու ձեռնարկել մեզ ուղղված բոլոր գործողությունները, այսինքն՝ երբ խոսում ենք վիզաների ազատականացման մասին, ապա դա նույնպես անմիջականորեն կապված է այն որոշումների հետ, որոնք կայացվում են ԵՄ մարմինների կողմից: Այդտեղ նույնպես Լեհաստանը հնարավորություն է ունենալու որոշումներ կայացնել. նման հայտարարություններ մենք հստակ ենք ներկայացրել: Այդ մասին Հայաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ներդրում կարող է ունենալ Լեհաստանը վիզաների ազատականացման գործընթացում, որն այս տարի պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի և Եվրամիության միջև:
«Խնդրում եմ նաև հիշել, որ ԵՄ-ն համընդհանուր միություն է, և վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ստանալ ԵՄ անդամների մեծամասնության հավանությունը: Իսկ այն, ինչի հանդեպ պարտավորվածություն ենք ունենալու, մենք, իհարկե, ամեն ջանք կգործադրենք իրականացնելու համար»,- ասաց նա:
Լեհաստանի նախագահն ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանը կարող է հույս դնել Լեհաստանի վրա միշտ և նախևառաջ այդ երկրի նախագահության ժամանակահատվածում:
«Շատ կարևոր հանգամանք կա, ավելի շուտ նորացման ընթացակարգ կա. մենք ուզում ենք վերականգնել արևելյան գործընկերության ֆորմատը: Իհարկե, այն մի փոքր կփոխվի: Դա ապագայի հարց է, բայց մենք ուզում ենք այդ քննարկումները սկսել և ուզում ենք մասնակցել այդ գործընթացին»,- ասաց Լեհաստանի նախագահը:
Անդրադառնալով Հայաստան-Լեհաստան հարաբերություններին՝ Անջեյ Դուդան հայտարարեց. «Մենք ընկերներ ենք, մենք Հայաստանի բարեկամն ենք, մենք շատ դրական վերաբերմունք ունենք հայ ժողովրդի, հայաստանյան իշխանությունների նկատմամբ:
Հայերը շատ մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի մեջ և քաղաքակրթության ոլորտում, և մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսզի Հայաստանին մոտեցնենք և ներգրավենք եվրոպական ընտանիք: Եթե հայկական կողմը մի փոքր հետաքրքրվածություն ներկայացնի իր կողմից, մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին, և ես այդ մասին վկայում եմ, այս վայրից հայտարարում եմ որպես Լեհաստանի նախագահ, որ ցանկացած խնդրանքի դեպքում մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին»: