ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում բարձր գնահատեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցը՝ այն բնութագրելով որպես պատմական և Հայաստանի համար նոր հնարավորություններ բացող իրադարձություն։
«Շնորհավորում եմ բոլորիս ձեռք բերված համաձայնությունների, պատմական այցի և այն հնարավորությունների համար, որոնք բացվեցին Հայաստանի համար։ Չեմ ուզում որևիցե բան առանձնացնել, բայց պետք է ասեմ, որ այցը Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացման մասին է և այն օրակարգի, որը մենք ի կատար ենք ածում։ Այսինքն՝ խաղաղության, որը մեկ-երկու տարվա չէ, այլ տասնամյակների»,- ասաց ԱԺ նախագահը։
Լրագրողի հարցին՝ շոշափելի արդյունքներ կա՞ն Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի առնչությամբ, Սիմոնյանը պատասխանեց, որ այս առումով մարտավարությունը չի փոխվել։
«Դուք հաճախ ինձ այդ հարցը տալիս եք։ Մենք ասում ենք, որ հրապարակային դրա մասին չենք խոսում, և գործն արվում է։ Որևէ բան այդ մարտավարության մեջ չի փոխվել։Մշտապես խոսվում է թե՛ գերիների մասին, թե՛ անհայտ կորածների ճակատագրի մասին, թե՛ բոլոր խնդիրների մասին։ Շատ դրական եմ գնահատում այն աշխատաոճը, ոը երկուստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ։ Կարծում եմ՝ եթե շարունակենք այս ճանապարհով առաջ ընթանալ, մոտ ապագայում մեր երկու երկրները որևիցե խնդիր չեն ունենա»,- ասաց Ալեն Սիմոնյանը։








