Մեկ դար առաջ՝ հունվարի 9-ին, Թբիլիսիում ծնվեց Սերգեյ Փարաջանովը։
Փարաջանովը 100 տարեկան է։
Հայրը հնավաճառ էր, հույս ուներ, որ որդին իր գործը կշարունակի։
Սերգեյը սիրում էր հին իրեր. որտեղ լիներ, շուկաներում հնավաճառների մոտ էր գնում, անասելի ոգևորությամբ նրանցից ջարդված կուժ ու հայելի, տիկնիկ ու հախճապակի գնում։
Մի օր էլ դրանք վերածվում էին կոլաժների։
Ինչպես Փարաջանովն էր ասում, կոլաժը խտացված ֆիլմ է։
Այդպես էր նա իրեն մխիթարում, միտքը զբաղեցնում՝ կոլաժներ էր պատրաստում, երբ արգելում էին ֆիլմեր նկարել։
***
Երբ Սերգեյը շատ վատացավ, ընկերները նրան Փարիզ տարան… Հույս ունեին, թե այնտեղի բժիշկներն ավելի լավն են: Բայց ոչ մի բժիշկ արդեն չէր կարող օգնել նրան:
Սկզբում զրկվեց խոսելու ունակությունից: Հետո սկսեց հանգչել հիշողությունը…
Տեսության եկած երիտասարդ ռեժիսոր ընկերոջը չճանաչեց: Իսկ գուցե ճանաչեց, բայց բոլոր խոսքերը մոռացվել էին: Երևի ճանաչեց: Որովհետև բռնեց հայրենակցի ձեռքը ու ամբողջ չորս ժամ պահում էր այն նույն բռնելաձևով:
Ընկերը նրան մեկնեց հասած նուռը… Մաեստրոյի հանգչող աչքերը կայծկլտացին ուրախությունից: Նա անլսելի ինչ-որ բան խնդրեց: Հայրենակիցը հասկացավ… Նուռը կախեց գլխավերևում, և այդ պահից սկսած Սերգեյը աչքը չէր կտրում նռից…
Բանտում Սերգեյ Փարաջանովը նկարում էր թերթերի լուսանցքներում: Նա մտածում էր, որ ինքն այդպես էլ մեռնելու է անազատության մեջ: Մի անգամ նկարեց իր դագաղը՝ Արարատի համայնապատկերի վրա:
Իսկ հետո ստեղծեց «Արտասվող Ջոկոնդան» կոլաժը: «Օգոնյոկ» ամսագրից կտրատեց վերատպված կտավի հատվածները և արեց այնպես, որ Ջոկոնդան արտասուքը սրբի: Հետո մակագրեց. «Եթե ես մեռնեմ, Ջոկոնդան ինձ կսգա»:
***
Կինոաշխարհին հայտնի է «Փարաջանովյան թալեր» խորհրդանշական մրցանակը, որը «Ոսկե ծիրան» փառատոնը նվիրում է համաշխարհային կինոյի մեծերին։
Սակայն Փարաջանովը ևս մի հիշատակ է թողել մեզ, որով նույնպես պարգատրվում են լավագույն ռեժիսորները։
Կեֆիրի շշի կափարիչի վրա Փարաջանովը մեխով փորագրել է Պուշկինի դիմանկարը, որը 10 տարի անց հայտնվել է Ֆեդերիկո Ֆելինիի ձեռքին։
Կափարիչի նմուշի օրինակով Ֆելինին ձուլում է արծաթադրամ, որով մինչև այսօր պարգևատրում են Իտալիայի Ռիմինիի փառատոնի լավագույն ֆիլմերը։
Խորհրդանշական ու հեղինակավոր մրցանակին է արժանացել նաև Փարաջանովի՝ ռեժիսուրայով զբաղվող միակ ազգականը՝ նրա զարմիկ Գեորգի Խաչատուրով-Փարաջանովը։ Նրա «Բոլորը գնացել են․․․» կարճամետրաժ ֆիլմը Ռիմինիի փառատոնում արժանանացել է մրցանակի՝ Ֆելինիի ձուլած արծաթադրամին։
Այն ստացել են Մաստրոյանին, Սոֆի Լորենը և Միլոշ Ֆորմանը։