Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

18 տարվա ընթացքում առաջին անգամ ամերիկյան բեմերում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել է 2023-24 համերգաշրջանը։

Այն 18-րդն է և առանձնանում է նոր ձեռքբերումներով. Սիմֆոնիկը 18 տարվա մեջ առաջին անգամ ելույթ է ունեցել ԱՄՆ-ում։

«Հունիսի 29-ին Լոս Անջելեսի շքեղ համերգով ամփոփեցինք մեր առաջին ամերիկյան համերգային շրջագայությունը։

Դժվար է խոսքերով փոխանցել այն հուզառատ էներգիան, որ ակնթարթորեն տարածվեց «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում և ուղեկցեց խաչատրյանական երաժշտությանը ամբողջ համերգի ընթացքում։

Մենակատար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կախարդական ներգործություն ունեցավ հազարավոր ամերիկացի և ամերիկահայ ունկնդիրների վրա, որն անգամ համերգից շատ անց չէր նվազում նրանց ջերմ արձագանքներում։

Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան շրջագայության երկրորդ համերգն ընթացավ «Քարնեգի հոլ» համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում, չդադարող ծափահարությունների ներքո»,- ամերիկյան համերգաշարի տպավորություններն է ներկայացնում սիմֆոնիկը։

Հունիսի 27-ին նվագախումբը ելույթ է ունեցել Նյու Յորքի «Քարնեգի հոլ» համերգասրահում։

Նվագախմբի ու մենակատար Սերգեյ Խաչատրյանի  կատարումներով Արամ  Խաչատրյանի երաժշտությունը նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր բեմերից մեկը։

Հունիսի 26-ին Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել «Բոստոն սիմֆոնի հոլ» համերգասրահում։

Նվագախմբի 18-րդ համերգաշրջանն սկսվել է անցյալ տարի՝ սեպտեմբերին և ավարտվել հուլիսի 21-ին՝ «Սիմֆոնիկ-Ջեքսով» համերգային ծրագրով։