Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում երկու օրակարգ կա. մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի հիման վրա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում, որ եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չկազմի, սեպտեմբերին պատերազմ կսկսվի։
«Մեկն ինչ-որ պահանջներ է հարևանների նկատմամբ, մյուսը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ է պայմանավորվածությունը, այլ օրակարգի, քաղաքական տեսլականի, քաղաքական դիրքորոշման մասին է։ Եթե դուք դա կենտրոնացնում եք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ապա այո՛, թող դա լինի այդպես, և Նիկոլ Փաշինյանը համարվի խաղաղության խորհրդանիշ։ Ես դրան ընդհանրապես դեմ չեմ»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ Փաշինյանը պատերազմի կոնկրետ ժամկետ է նշում ընթացիկ տարվա սեպտեմբեր ամիսը, ԱԺ նախագահն արձագանքեց.
«Քաղաքական գործիչները նաև կարողանում են քաղաքական վերլուծություններ անել և դրա իրավունքն ունեն, և վարչապետը, որպես առաջին քաղաքական գործիչներից մեկը Հայաստանի Հանրապետության, դրա իրավունքն ունի, և դա գնահատական է։ Ի դեպ, ասեմ, որ ընդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից էլ է նման բան բարձրաձայնվել և բարձրաձայնվել է ամեն տարի և ամիսով են ասել։ Մեր պատգամավորները Ազգային ժողովի ամբիոնից ասում էին՝ պատերազմ է, պատերազմ է։ Ընդ որում, խաղաղության պարագայում էին ասում պատերազմ է, ինչի՞ եք զարմանում ի՞նչն է այդտեղ տարօրինակ»։




