Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը «Զվարթնոց» օդանավակայանում՝ սպասելով ՀՀ իշխանությունների պատասխանին՝ ինչու է իր մուտքը Հայաստան արգելված։
Թեև նա համոզված է, որ արգելքը կապված է Ոսկեպարում իր գործունեության, իրադարձությունների ակտիվ լուսաբանման հետ, բայց սպասում է պաշտոնական պատասխանի։
Նրա փաստաբան Հայկ Ավագյանը դիմել է ԱԱԾ՝ պաշտոնական տեղեկություն ստանալու իր պաշտպանյալի` փաստորեն persona non grata լինելու հիմնավորման մասին։ Սակայն նրան տեղեկացրել են, որ պետական գաղտնիք է, չեն կարող հայտնել, թե Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան ինչու է արգելված։
Արդյունքում Լեո Նիկոլյանն արդեն 6 օր «Զվարթնոցում» է, նա հայտնեց, որ ջուր էլ չի խմում։
Բժիշկներն օրը 3 անգամ ճնշումն են չափում, ներարկումներ անում։
Լեոն դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոսությանը և այսպիսի պատասխան ստացել՝ եթե Ձեր վիճակը վատ է, խնդիրներ ունեք, վերադարձեք Ֆրանսիա։
Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանը ապրիլի 22-ին Ֆրանսիայից եկել է Հայաստան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է, իրենք դեպի Փարիզ ինքնաթիռի անվճար տոմս կտրամադրեն, որպեսզի նա վերադառնա Ֆրանսիա, սակայն Լեոն մերժել է՝ ասելով, որ ինքը հետ գնացողը չէ։
Լեո Նիկոլյանն Azg.am-ին է տրամադրել իր նկարահանած տեսանյութը՝ «Զվարթնոցից»։
Կարդացեք նաև՝ «ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսակցելու նպատակով»