Հիմա էլ ՀՀ պետական զինանշանը չի Փաշինյանի դուրը գալիս։ Ինչո՞ւ է առյուծ պատկերված, Հայաստանում հիմա առյուծներ չեն ապրում. ասաց նա։
Եկեք հիշենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշը, որը ստեղծվել է այս իշխանության օրոք։ Ի՞նչ է պատկերված. առյուծ՝ երախը բաց։
Ուրեմն ՀՀ պետական զինանշանի դեպքում առյուծն արդարացված չէ, քանի որ Հայաստանում վաղուց առյուծներ չեն ապրում, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանշանի դեպքում առյուծ կարելի է պատկերել, որովհետև Հայաստանում սկսել են առյուծնե՞ր ապրել։
Ի դեպ, առյուծը մի թաթով սնդուկի կափարիչն է բռնել։ Հիմա ո՞վ է սնդուկ օգտագործում, որ խորհրդանշանի վրա սնդուկ են նկարել։ Կամ առյուծի մյուս թաթի մեջ՝ թուր։ Հիմա թուր օգտագործող կա՞։ Ավելի նորաոճ չէ՞ր լինի, որ ԱԹՍ պատկերվեր։
Հիմա էլ ՀՀ պետական զինանշանն է անհանգստացնում Փաշինյանին։ Արարատ սարն է պատկերված, սարի վրա՝ Նոյյան տապան, այսօրվա Հայաստանը ջրհեղեղի ժամանակ ջրի տակ է եղել, հայկական 4 թագավարություններն են պատկերված… 12 մայրաքաղաքներից 6-ը այսօրվա Հայաստանում են, բայց ի՞նչ վիճակում են։ Ավերված. բարկացավ վարչապետը։ Դա էլ գցեց նախկինների «գրպանը»։ Նախկիններն ավերել են, ժողվարչապետը ավերակների վրա ինչպե՞ս «թագավորի»։
Որքա՞ն կարելի է հանդուրժել այս զավեշտ-խեղկատակությունը։
Արցախն ադրբեջնացվելուն վայրկյաններ են մնացել, Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժը տնավորվել է, ամեն օր կրակ է բացում հայ զինվորի ու հայ բնակիչների վրա, մեր սեփական երկրում տեղաշարժվելու իրավուքնից ենք զրկվել, տնվորի պես ենք ապրում, Ալիևն ու Էրդողանը, շրթունքները լպստելով, արդեն մտովի պատկերացնում են, թե Հայաստանն ինչպես են բաժան-բաժան անելու, ՀՀ պետական դրոշի օրը ադրբեջանցիները Հակարիի կամրջին՝ Հայաստանի տարածքում, փորձել են ադրբեջանական դրոշ տեղադրել։ Ու բոլորս գիտենք, որ նրանք դրա համար պատահական օր չեն ընտրել, ընտրել են հենց ՀՀ պետական դրոշի օրը, իսկ Փաշինյանը նույն այդ օրը քննադատում, անարգանքի սյունին է գամում Հայաստանի պետական խորհրդանիշ- զինանշանը՝ բառացիորեն ծաղրելով, նսեմացնելով այն։
Վերջում էլ գոչում է՝ ինձնից շատ ո՞վ է սիրում հայրենիքը… ոչ ոք։