Բացարձակ ծիծաղելի չէ, երբ ՔՊ-ական պատգամավորը հայտարարում է, որ ՌԴ նախագահը Հայաստան գալու դեպքում պետք է կալանավորվի։ Այս մարդը երբեք պատահական հայտարարություններ չի անում. նա վերևից հանձնարարական ունի հակառուսական հռետորաբանությամբ զբաղվել։ Նրա և նրա նմանների վերևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի աղմկահարույց հայտարարությանը։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն խոսքերին, որ «հայաստանյան իշխանություններն ուզում են փոխել հարաբերությունների որակը մի տարածաշրջանում, ուր մեզ համար այլևս անվտանգ չէ», Գագիկ Համբարյանը նկատեց.
«Նախ, ՀՀ իշխանությունները դիտավորյալ պատերազմ հրահրեցին։ Փաստը մնում է փաստ. Ադրբեջանի 2020 թվականի ագրեսիայի հեղինակը հենց Փաշինյանն է, ով դիտավորյալ 2019 թվականի օգոստոսին քանդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ընթացող բանակցությունները՝ Ստեփանակերտի հրապարակում հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։
Նա է լեգիտիմացրել Ադրբեջանի ապագա ագրեսիան, որովհետև եթե քեզ համար Արցախը Հայաստան է և վերջ, նշանակում է՝ ոչինչ չունես բանակցելու։ Մեխանիկորեն քանդելով ՄԽ ձևաչափը՝ Փաշինյանը լեգիտիմացրեց Ադրբեջանի ագրեսիան։
Հիմա, երբ ՔՊ-ականներն աջուձախ բողոքում են, թե միջազգային հանրությունը մեր կողքին չկանգնեց և չդատապարտեց Ադրբեջանին, հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ պետք է դատապարտեր, եթե Հայաստանն ինքն էր քանդում բանակցային գործընթացը։ Տարածաշրջանում ուժերի բալանսը խախտվել է ՀՀ թրքամետ իշխանությունների կողմից»,- ասաց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանը շեշտեց՝ ՀՀ երեք նախագահները բազմաթիվ անգամներ ապացուցել են՝ խաղալով տարածաշրջանի երկրների և գերտերությունների շահերի վրա՝ կարող են երկար ժամանակով ապահովել ստատուս քվոն, և ակնհայտ է, որ ստատուս քվոյի խախտումը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում։
«Եվ հիմա, երբ այդ ստատուս քվոն քանդված է, Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե մեր տարածաշրջանում Հայաստանի համար այլևս անվտանգ չէ։ Հետաքրքիր է՝ նա ընդհնարապես կարդացե՞լ է Թուրքիայի և Ադրբեջանի անվտանգային դոկտրինները, գիտի՞, թե դրանցում ինչ տեղ է զբաղեցնում Հայաստանը, ինչ քաղաքականություն են Բաքուն և Անկարան նախատեսում Հայաստանի նկատմամբ։ Նրանք չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը Հայաստանի Հանրապետությունը վերացնելն է։ Այդ դոկտրիններում Հայաստանն անվանվում է թշնամական երկիր, և պարզ է, որ պաշտոնական Բաքուն մեր դեմ վարելու է թշնամական քաղաքականություն։
Եթե Ալեն Սիմոնյանը մտածում է, որ Բաքվի ստորացուցիչ շանտաժ-նախապայմաններն ընդունելով՝ իրենք խաղաղություն են բերելու Հայաստանին, չարաչար սխալվում է։ Հայաստանում երբեք խաղաղ չի լինելու, քանի դեռ թուրք-ադրբեջանական տանդեմը պաշտոնական Երևանից հակազդեցություն չի ստանում»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։









