Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, «Ազատության»-ն ասել է խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը:
Զենքի խմբաքանակը, ըստ նրա, Հայաստան է հասել վերջերս:
Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում:
Օրերս Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրայինի եթերում, պատասխանելով հարցին, թե ռուսական զենքը ստանո՞ւմ է Հայաստանը, որը պատվիրված էր, ասել է՝ «ինչ-որ մասնաբաժնով այո»։
«Ինչ-որ բան տալիս են, էն ծավալով չէ, որ մենք ակնկալում ենք՝ մեր կնքած պայմանագրի ծավալի առումով, բայց դրանք ընթացքում կկարգավորվեն, համոզված եմ», – ասել է Քոչարյանը։
«Ազատության» հարցին, թե Հայաստանը ե՞րբ, ի՞նչ խմբաքանակ ի՞նչ զենք է ստացել Ռուսաստանից՝ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում, ՊՆ-ից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, նրանց թվում՝ վարչապետ Փաշինյանը պարբերաբար դժգոհել են, որ ռազմավարական դաշնակիցը սպառազինություն չի մատակարարում, թեև դրանց դիմաց հարյուրավոր միլիոններ են վճարվել։