ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տեղյակ չէ, որ երկու ռուս զինծառայող Սյունիքի մարզում ընկել են ադրբեջանցիների կրակահերթի տակ և գլխի շրջանում վիրավորում ստացել։
«Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ։ Բայց ես Ռուսաստանի զինծառայողի հետ ի՞նչ կապ ունեմ։ Եթե անկեղծ՝ Դուք զանգում էիք ինձ, ես քննարկման էի և նոր եմ դուրս եկել։ Չեմ էլ հասցրել հետևելու։ Կամ մի քիչ հետո պետք է զանգեք, կամ այլ մարդու, որը համապատասխան բանով է զբաղվում»,-, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա։
Դիտարկմանը, որ լուրն այսօր առավոտվանից շրջանառվում է ԶԼՄ-ներում, և ենթադրվում էր, որ ինքը տեղյակ կլինի դրան, իշխանական պատգամավորը պատասխանեց.
«Բան չասեցի։ Ես հենց նոր ավարտեցի ու վերցրեցի։ Դուք ասում եք ռուսների են խփել. ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ»։
Հիշեցնենք, որ երկու ռուս զինծառայող Սյունիքի մարզում ընկել են ադրբեջանցիների կրակահերթի տակ և գլխի շրջանում վիրավորում ստացել։
Ադրբեջանական կողմի հետ ունենալով նախնական պայմանավորվածություն՝ ռուս խաղաղապահներն անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածք, որպեսզի բանակցեն դիրքեր հաց տանող և գերեվարված հայ պայմանագրայինին հետ վերադարձնելու ուղղությամբ։ Սակայն ադրբեջանիցները կրակահերթ են բացել վերջիններիս ուղղությամբ։






