ՀՀ իշխանություններին ինչ-որ կերպ հասկանալը շատ դժվար է. նույնիսկ իրենք իրենց չեն հասկանում, և այս պայմաններում շատ դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունի ՀՀ ազգային ժողովի նախագահը, երբ հայտարարում է, որ «հայաստանյան իշխանություններն ուզում են փոխել հարաբերությունների որակը մի տարածաշրջանում, ուր մեզ համար այլևս անվտանգ չէ»։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ հավելելով, որ նույնը կարելի է ասել նաև ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի՝ ՌԴ նախագահին Հայաստանում կալանավորելու վերաբերյալ աղմկահարույց հայտարարության մասին։
«Այդ պատգամավորը բավականին թերուս անձնավորություն է, և նմանների քանակը գործող իշխանության պատգամավորների կազմում չափազանց շատ է։ Թեկուզ, հաշվի առնենք իրենց ֆրակցիայի նախկին ղեկավարին, որը հիմա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է։ Պատերազմից շաբաթներ առաջ նա ասում էր, որ Թուրքիան հայ-ադրբեջանական պատերազմում որևէ դերակատարություն չի կարող ունենալ»,- հիշեցրեց վերլուծաբանը։
Ստեփան Դանիելյանի խոսքով՝ փաստ է, որ այսօր հայ հասարակությունը գործ ունի նման որակի պատգամավորների հետ, և իշխանության ներկայացուցիչների տեսակետները փորձել հասկանալ չափազանց դժվար է։
«Այն, որ Հայաստանն իրոք վտանգի մեջ է, փաստ է։ Այդ վտանգն ունի շատ լուրջ պատճառներ՝ երկու ճամբարի միջև ամբողջ աշխարհում տեղի ունեցող մրցակցության ֆոնին։ Այդ մրցակցությունը պատերազմական գործողությունների է վերածվել Ուկրաինայում և սպառնում է պատերազմի վերածվել նաև մեր տարածաշրջանում։
Պետք է հաշվի առնել Իրանի գործոնը, ադրբեջանաիսրայելական ստրատեգիական դաշինքը, երբ Իսրայելն Ադրբնեջանին ուզում է օգտագործել Իրանի դեմ։ Հիմա ՀՀ ազգային ժողովի նախագահն այդ հարաբերություններում ի՞նչ որակ կարող է փոխել։ Նա ի՞նչ պետք է անի՝ Արևմուտքի, Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դրակա՞ն դարձնի կամ իսրայելաիրանական հակամարտությա՞նն ինչ-որ լուծում տա։
Աբսուրդի ժանրից է կարծել, որ Հայաստանից է կախված նման հարցերում իրավիճակ փոխելը։ ՀՀ իշխանությունների կողմից հնչող հայտարարություններն, իհարկե, աբսուրդային հայտարարություններ են, և դրանք ցույց են տալիս, որ այդ մարդիկ լավ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, և ինչ քաղաքականություն պետք է վարեն։
Իսկ իրենք պետք է ոչ թե ակտիվ, այլ հնարավորինս պասիվ քաղաքականություն վարեն։ Եթե կարծում են, որ Հռոմի ստատուտն ընդունելով՝ այն կարող են Ադրբեջանի դեմ օգտագործել, սխալվում են։
Դա, ըստ էության, դա քաղաքականացված կառույց է, և Ադրբեջանը հանդես է գալիս որպես Արևմուտքի հնարավոր ապագա դաշնակից։ ԵՄ-ից հիմա էլ հայտարարում են, որ Ադրբեջանն իրենց համար շատ կարևոր է։ Այս պարագայում ինչպե՞ս են պատկերացնում փաստաթուղթն օգտագործել՝ առանց հասկանալու, որ այն կարող է ճիշտ հակառակ ազդեցությունն ունենալ Հայաստանի համար»,- ամփոփեց Ստեփան Դանիելյանը։