Փետրվարի 22-ին Մոսկվայի «Ռուսաստանն այսօր» մուլտիմեդիա մամուլի կենտրոնի նախագահական դահլիճում տեղի է ունեցել շնորհանդես, որտեղ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը ներկայացրել է ետխորհրդային երկրների Ռուսաստանի հետ բարեկամության վարկանիշն ուսումնասիրող հետազոտության արդյունքները: Ուսումնասիրվել է 16 երկրների հետ 12 խումբ ցուցանիշների հիման վրա հաղորդակցության մակարդակը: Առաջին եռյակում են Հարավային Օսիան, Բելառուսը եւ Աբխազիան: Ադրբեջանը զբաղեցնում է 7-րդ տեղը, Հայաստանը 10-րդ տեղում եզրափակում է բարեկամ երկրների ցանկը: 11-րդ տեղում Վրաստանն է իբրեւ հարաբերականորեն բարեկամ/հարաբերականորեն ոչ բարեկամ երկիր: 12-ից 16-րդ տեղերում են Մոլդովան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Ուկրաինան իբրեւ ոչ բարեկամ երկրներ:
Արժե նշել, որ 2022թ. Հայաստանը 14 երկրների շարքում գրավում էր 5-րդ տեղը (որպես բարեկամ երկիր), իսկ 2021թ. երրորդ տեղում էր:
Շնորհանդեսում հատուկ նշվել է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը եւ թե՛ Վրաստանը գտնվում են տատանվող վիճակում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ եւ 2024թ. հնարավոր է նրանց անցումը ավելի ցածր հորիզոնականներ:
Հետազոտությանը մասնակցել են ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ետխորհրդային տարածքի մի քանի երկրներից 51 փորձագետներ:
Միջոցառմանը մասնակցել եւ ներկայացված վարկանիշային աղյուսակն ու հետազոտությունն ամբողջությամբ բարձր են գնահատել ՌԴ նախագահի աշխատակազմի, Դաշնային Խորհրդի, Պետական Դումայի բարձրաստիճան պաշտոնյաներ, խոշոր գիտական եւ փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչներ:
«Ազգ»-ի հաջորդ համարում ավելի հանգամանորեն կվերլուծենք Մոկվայում ներկայացված այս վարկանիշային աղյուսակը, դրա հնարավոր հետեւանքները եւ, ամբողջությամբ վերցրած, նշանակությունը հայ-ռուսական հարաբերությունների արդի վիճակի համար:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող