Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Հայաստանը եզրափակում է Ռուսաստանի հետ բարեկամ երկրների ցուցակը

Փետրվարի 22-ին Մոսկվայի «Ռուսաստանն այսօր» մուլտիմեդիա մամուլի կենտրոնի նախագահական դահլիճում տեղի է ունեցել շնորհանդես, որտեղ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը ներկայացրել է ետխորհրդային երկրների Ռուսաստանի հետ բարեկամության վարկանիշն ուսումնասիրող հետազոտության արդյունքները:  Ուսումնասիրվել է 16 երկրների հետ 12 խումբ ցուցանիշների հիման վրա հաղորդակցության մակարդակը:  Առաջին եռյակում են Հարավային Օսիան, Բելառուսը եւ Աբխազիան:  Ադրբեջանը զբաղեցնում է 7-րդ տեղը, Հայաստանը 10-րդ տեղում եզրափակում է բարեկամ երկրների ցանկը:  11-րդ տեղում Վրաստանն է իբրեւ հարաբերականորեն բարեկամ/հարաբերականորեն ոչ բարեկամ երկիր:  12-ից 16-րդ տեղերում են Մոլդովան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Ուկրաինան իբրեւ ոչ բարեկամ երկրներ:

Արժե նշել, որ 2022թ. Հայաստանը 14 երկրների շարքում գրավում էր 5-րդ տեղը (որպես բարեկամ երկիր), իսկ 2021թ. երրորդ տեղում էր:

Շնորհանդեսում հատուկ նշվել է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը եւ թե՛ Վրաստանը գտնվում են տատանվող վիճակում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ եւ 2024թ. հնարավոր է նրանց անցումը ավելի ցածր հորիզոնականներ:
Հետազոտությանը մասնակցել են ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ետխորհրդային տարածքի մի քանի երկրներից 51 փորձագետներ:

Միջոցառմանը մասնակցել եւ ներկայացված վարկանիշային աղյուսակն ու հետազոտությունն ամբողջությամբ բարձր են գնահատել ՌԴ նախագահի աշխատակազմի, Դաշնային Խորհրդի, Պետական Դումայի բարձրաստիճան պաշտոնյաներ, խոշոր գիտական եւ փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչներ:

«Ազգ»-ի հաջորդ համարում ավելի հանգամանորեն կվերլուծենք Մոկվայում ներկայացված այս վարկանիշային աղյուսակը, դրա հնարավոր հետեւանքները եւ, ամբողջությամբ վերցրած, նշանակությունը հայ-ռուսական հարաբերությունների արդի վիճակի համար:   

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող