Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ Ադրբեջանը նպատակ ունի մինչև ամռան վերջ հասնելու Արցախի նկատմամբ լիակատար վարչական իշխանության հաստատման, որին զուգահեռ՝ արցախահայ ազգաբնակչությունը պարտադրված կերպով կլքի սեփական հայրենիքը
«Չմոռանանք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից հետո Բերձորի միջանցքով մոտ երկու տարի երկկողմանի երթևեկություն իրականացվել է։ Բայց քանի որ Ադրբեջանը որոշել է արագացնել Արցախի մնացորդին վերջնականապես տիրելու գործընթացը, բնականաբար պետք է առավելագույնս սահմանափակի Հայաստանի հետ Արցախի կապը, մի քանի ամիս շրջափակման մեջ պահի Արցախը, որպեսզի հուսահատությունն ու խնդիրներն այն աստիճան գումարվեն, որ ճանապարհի կարճատև բացումները թույլ տան առավելագույն թվով արցախցիների արագորեն դուրս գալու Արցախից»,-Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Ըստ Ալեքսանդր Քանանյանի՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը տևական փակ պահելն անհրաժեշտ հոգեբանական նախադրյալներ է ստեղծում, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում Արցախից հնարավորինս շատ մարդ հեռանա։
«Բայց կա ևս մեկ տարբերակ. Ադրբեջանը չի կարող Արցախի մնացորդին տիրանալ առանց օջախային դիմադրությունների ճնշման, եթե, իհարկե, մինչ այդ ռուսական զորքը լքի Արցախը։
Արցախում ռուսական զորախմբի ներկայությունն Ադրբեջանին թույլ է տալու առանց հայերի դիմադրության հանդիպելու՝ ինչ-որ պահից վերջանական վերահսկողության տակ պահել և՛ բոլոր ճանապարհները, և՛ Ստեփանակերտը. ադրբեջանցիները համոզված են, որ ռուսական ստորաբաժանման՝ Արցախում գտնվելու պարագայում հայերը չեն հանդգնի կրակել ադրբեջանցիներին ուղեկցող ռուս զինվորականների վրա։ Իսկ եթե մի պահ ընդունենք, որ ռուս խաղաղապահներն Արցախում չեն, և արցախահայությունը լրիվ միայնակ հայտնվել է ադրբեջանական զորքի առջև, միանշանակ է, որ օջախային դիմադրություններ կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Քանանյանը համոզմունք հայտնեց՝ բոլոր հնարավոր լուծումներն այս կամ այն կերպ աշխատելու են Ադրբեջանի օգտին։
«Բոլոր դեպքերում, ռուսական կողմի պարտավորությունն այն է, որ նրանք ապահովեին Արցախից Գորիս անխափան երկկողմ երթևեկությունը, բայց խիստ սահմանափակ թվաքանակով քաղաքացիների դուրս բերելու գործողությունը խաղաղապահ մանդատի հանցավոր և ամենաբացահայտ ոտնահարում է»,- ամփոփեց Ալեքսանդր Քանանյանը։
Հիշեցնենք, որ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է՝ ԱՀ քաղաքացիներին հնարավոր ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու նպատակով այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, բնականաբար, ռուս խաղաղապահների միջոցով՝ բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելով և կենտրոնի թույլտվությամբ: