Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թագուհի Թովմասյանը երեկվա նիստի սղագրությունն ուղարկելու է միջազգային ատյաններ, նաև դիմելու է Գլխավոր դատախազին

«Մենք քննարկել ենք և առաջին քայլով Գլխավոր դատախազին գրություն ենք ուղարկելու և պահանջելու ենք քրեաիրավական բնույթի գնահատական, որովհետև կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, և նա պետք է պատժվի, որովհետև այն սպառնալիքների համար, որոնք նա անթաքույց հնչեցնում էր թեկնածուի հասցեին, այդ թվում՝ նաև իմ հասցեին, նա պետք է պատժվի:

Երկրորդ քայլը, որ անելու եմ, թարգմանելու եմ և միջազգային գործընկերներին ուղարկեմ հանձնաժողովի նիստի սղագրությունը, որ նրանք հասկանան՝ ժողովրդավարական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է առաջադրվում և մերժվում ընդդիմության թեկնածուն»,-Աժ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի երեկվա նիստի միջադեպերի մասին ասել է հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Տեղի ունեցածը պատգամավորը որակեց «պատմական խայտառակություն»։

Նրա կարծիքով՝ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ոտնահարեցին մյուս թեկնածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր նորմերը, սահմանափակեցին խոսքի ազատությունը»,- հավելել է Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության արտահերթ նիստին, որի ընթացքում ներկայացվում էր ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը, քպ-ականները ագրեսիվ վարքագիծ են դրսևորել։ Արթուր Հովհաննիսյանը մի քանի անգամ սպառնացել է Էդգար Ղազարյանին «ականջներն ու լոզուն կտրել»։ «Ռադ արեք դրան, թող գնա, ինչքան էլ սադրես, մենք քեզ չենք ծեծելու, այ անասուն». Ղազարյանի հասցեին ասել է Արթուր Հովհաննիսյանը։

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորներից ոչ ոչ նիստին ներկա չի եղել։