Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանը բացահայտ և նախանձելի հետևողականությամբ մեծացնում է իր ուղիղ վարչահրամայական ազդեցությունն Արցախի մնացորդի նկատմամբ. քաղաքագետ

Ադրբեջանը բացահայտ և նախանձելի հետևողականությամբ մեծացնում է իր ուղիղ վարչահրամայական ազդեցությունն Արցախի մնացորդի նկատմամբ, և այդ է պատճառը, որ ես սկզբունքորեն դեմ եմ «բանակցություն» եզրույթին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման արդյունքում բարձրավոլտ միակ էլեկտրագիծը և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածությանը։

Մեր զրուցակցի համոզմամբ բանակցությունը ենթադրում է կողմերի հավասարություն՝ առնվազն կարգավիճակի տեսանկյունից։

«Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումն ավելի շուտ հրահանգավորման հանդիպում է, երբ Ադրբեջանը ռուսական զորախմբի  ներկայությամբ պարզապես պայմաններ է առաջադրում։ Եվ քանի որ Ադրբեջանն է վերահսկում Լաչինի միջանցքը, նշանակում է՝ նա էլ հրահանգավորում է այն մարդկանց, որոնք համաձայնել են դառնալ Ալիևի հաճախորդը։

Ադրբեջանը, ի պատասխան Հաագայի դատարանի որոշման, կարող է «բարի կամք» ցուցաբերել և մի քանի օրով վերականգնել հոսանքի և գազի մատակարարումն Արցախ։ Բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը պատրաստվում է բացել Լաչինի միջանցքն այնտեղ մաքսատուն և հսկիչ անձնագրային կետ տեղադրելու պայմանով։ Ադրբեջանցին, որ մեկ անգամ կանգնել է Ստեփանակերտ տանող ճանապարհին, խաղաղ կերպով չի հեռանա այնտեղից»,- ասաց քաղաքագետը։

Ալեքսանդր Քանանյանի համոզմամբ՝ առաջին բանը, որի մուտքն Արցախ կարգելի Ադրբեջանը, կլինի հայկական դրամը՝ խաթարելու աշխատավարձերի, կենսաթոշակների վճարումը և կաթվածահար անելու տնտեսությունը։

«Բոլորս ականատես ենք լինելու, որ որոշ մարդիկ, արդեն ձևավորված սովորության համաձայն, պարբերաբար գլուխները կախ՝ գնալու են այդ հրահանգիչ ժողովներին և մի օր բերելու են միջանցքի բացման կեղծ ավետիսը՝ ադրբեջանական մաքստան դիմաց, մի ուրիշ օր՝ գազի և հոսանքի մատակարարման վերջնական կարգավորումը՝ Ադրբեջանի կողմից դրանք մատակարարելու դիմաց։

Կարճ ժամանակ անց կարող են գալ և ասել, որ որպես ժամանակավոր լուծում՝ արցախցիները ադրբեջանական մաքսատնով անցնելու համար պետք է ադրբեջանական անձնագրեր ունենան և այլն»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերջում Ալեքսանդր Քանանյանը հավելեց՝ Ադրբեջանն այսուհետ ևս շարունակելու է բացել-փակել դեպի Արցախ գնացող գազի փականը՝ կարծես այն իր ձեռքում խաղալիք լինի։

Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից «Արցախպրես»-ին հայտնել են, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագիծը և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ:

Պիտակ: