Վերջնարդյունքն սպասելի է. Ֆրանսիայի Սենատն, ամենայն հավանականությամբ, ձայների մեծամասնությամբ ընդունելու է նախանշված բանաձևը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատն այսօր՝ հունվարի 17-ին, քննարկելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող միջկուսակցական բանաձևը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և ՀՀ-ի դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»: Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
«Բանաձևը հենց այնպես չէ, որ քննարկվում է։ Նախ պետք է նշել, որ հետևողական աշխատանք է տանում Ֆրանսիան՝ առնվազն օրենսդարական նախաձեռնությունների մակարդակով։ Սա թվով երրորդ նմանօրինակ բանաձևն է լինելու, որը դատապարտում է Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան և ՀՀ տարածքային ամբողջականության օգտին է։
Այս հետևողական աշխատանքին նաև գումարվել է Ադրբեջանի լկտի պահվածքը։ Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի և այդ երկրի միջև խնդիրներ կան։
Ադրբեջանը նաև Ֆրանսիայի քաղաքացու է ձերբակալել և ապօրինի կերպով պահում է բանտում։ Այնպես որ, Ֆրանսիան հետևողականորեն շարունակելու է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Ես այլ քայլերի ևս սպասում եմ»,- ասաց քաղաքագետը։
Ըստ Դավիթ Ստեփանյանի՝ Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումն աստիճանաբար ավելանալու է՝ հնարավորության դեպքում Ֆրանսիան ընդհուպ պատժամիջոցներ կիրառելու ճանապարհով է գնալու՝ այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանն ընկրկի։
«Եթե Ադրբեջանը հրաժարվի առաջին հերթին Ֆրանսիայի, այնուհետ՝ Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունից, ճնշումների գործընթացը կարող է կանգնել։ Եթե ոչ, ճնշումները շարունակվելու են։
Առաջին և հիմնական թիրախն այն է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիայի չդիմի։ ԵՄ-ում զգում են, որ այդպիսի վտանգ կա, և այդ վտանգի հետևում առաջին հերթին կանգնած է Ռուսաստանը, դրդող ուժը Ռուսաստանն է։
Թուրքին այժմ նման գործընթացներից բավականին հեռու է և իր խնդիրներն է լուծում. այդ երկիրը տնտեսական լուրջ խնդիրներ ունի։ Այդ պատաճառով Ռուսաստանն է Ադրբեջանին դրդող հիմնական ուժը, և միանշանակ կարելի է ենթադրել, որ ԵՄ-ն կգնա համապատասխան քայլերի, եթե հանկարծ Ադրբեջանը փորձի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնել»,- ամփոփեց մեր զրուցակիցը։







