Ուրբաթ, 21 Օգոստոս, 2026

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր

Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Այս մասին գրված է  ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում։

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին հանդիպումն ու բանակցությունները հյուրընկալելու համար:

Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծում է, որ հնարավոր է խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Գերմանիան, նրա խոսքով, մտադիր է շարունակել աջակցել երկու կողմերին՝ հակամարտությունը կարգավորելու իրենց ջանքերում։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանմ այժմ հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության երկար տարիների ցավոտ հակամարտությունից հետո»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Բերբոքը Բեռլինում, որտեղ նա հանդիպել է երկու երկրների արտգործնախարարների հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության շենքում։

Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը խոսել է «համարձակ քայլերի» մասին, որոնք ձեռնարկում են երկու երկրները՝ իրենց հետևում թողնելու մեծ տառապանքներով և մարդկային կորուստներով լի անցյալը։ Առաջ շարժվելը, ըստ նրա, պահանջում է վճռականություն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են մնացած խնդիրները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, հավելել է նախարարը։ Գերմանիան վճռական է աջակցել երկու երկրներին, օրինակ՝ ընդունելով բանակցությունները, որոնք տեղի են ունեցել չորեքշաբթի և տեղի կունենան այս հինգշաբթի: