ՀՀ իշխանություններն առավել քան ուղիղ են հայտարարում, որ Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում. նրանք դա չեն էլ թաքցնում, օվերտոնի պատուհան են բացել և բացահայտ հայտարարում են, որ բանակցում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու ուղղությամբ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«ՀՀ իշխանությունները համաձայն են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում և չեն էլ քննարկում, թե ինչ կարգավիճակով։ ՀՀ իշխանություններն ասում են՝ ինչ կարգավիճակ էլ որ լինի, թող դա որոշեն արցախցիներն ու Ադրբեջանը։ Նրանք այստեղ էլ են գնացել կոմպրոմիսի, միայն թե Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններն ընթանան որևէ հեղինակավոր հարթակում»,- ասաց մեր զրուցակիցը։
Երվանդ Բոզոյանի համոզմամբ՝ Արցախի շուրջ բանակցությունները երկու բանի մասին են. նախ՝ ՀՀ իշխանությունները խնդրում են, որպեսզի Ադրբեջանը համաձայնի բանակցությունները վարել որևէ միջազգային հարթակում, ինչն Ադրբեջանը կտրականապես մերժում է։
«Եվ երկրորդ՝ նրանք ուզում են երաշխիք ունենալ՝ եթե Հայաստանը համաձայնի՝ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ադրբեջանցիները ճանաչեն ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ մոտավորապես Խորհրդային Հայաստանի սահմաններով։ Բայց Ադրբեջանը սրան էլ չի համաձայնում, այսինքն՝ մեծ հաշվով այդ երկիիրը տարածքային պահանջներն ունի Հայաստանից, և Նիկոլ Փաշինյանը գիտի դա։
Նա նույնիսկ խոստովանում է այդ մասին, պարզապես հայ հասարակությունը չի հասկանում նրա ասածը։ Հասարակությունը լուրջ չի վերաբերում նրա խոսքերին։ Մարդիկ չեն հասկանում, թե իրականում ինչ վտանգավոր պրոցեսներ են գնում»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ընդդիմությունը չի կարողանում կողմնորոշել և առկա վտանգները հանրամատչելի կերպով ներկայացնել հասարակությանը։
Ինչ վերաբերում է Բրյուսելում սպասվելիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը, Բոզոյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը վախենում է որևէ փաստաթուղթ ստորագրել, քանի որ այն փաստացի կնշանակի արցախահայության ցեղասպանության թույլտվության փաստաթուղթ։
«Փաշինյանին Հայաստանում կքառատեն։ Նա բառացիորեն իր կաշվի և սեփական իշխանության փրկության համար այդ քայլին չի դիմի։
Երկրորդ՝ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչն ավելի վտանգավոր է։ Ստացվում է, որ Հայաստանը գնացել է բոլոր հնարավոր զիջումներին՝ մտածելով, որ դրանց դիմաց Ադրբեջանը կհամակերպվի ՀՀ տարածքային ամբողջականության հետ։ Բայց ոչ։ Նիկոլ Փաշինյանը սա փաստացի խոստովանում է, բայց զգուշորեն»,- ասաց քաղաքագետը։