Այսօր՝ ապրիլի 30-ին ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի ընթացքում ի թիվս շվեյցարացի օրենսդիրների ելույթ կունենան օրեր առաջ Բեռն ժամանած ԼՂ ներկայացուցիչները՝ Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԼՂ հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային իրավունքի մասնագետներ, Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ: «Ազգում» գրել ենք, որ 2025 թվականի մարտի 18-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց №24.4259 նախագիծը՝ «ԼՂ- ի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով օրենսդիրը հորդորում էր Շվեյցարիայի կառավարությանը հարթակ ապահովել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Նախաձեռնության հիմնական նպատակն է Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հայրենիք ապահովելը։ Կանտոնների խորհրդի որոշումը հաջորդում էր Ազգային խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի նույն առաջարկի ընդունմանը, որը կայացել էր 2024 թ. դեկտեմբերի 17-ին։ Երկու պալատների հավանությամբ №24.4259 նախագիծը ստացել է օրենքի ուժ: Մեկ տարի անց ֆորումը դեռ չի գումարվել: Ապրիլի 30-ի նիստին կանդրադառնանք «Ազգի» առաջիկա համարում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա









