Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Մինչև ռազմական գործողություններն են փոքր քանակով ԱԹՍ–ներ մատակարարվել ՌԴ–ին․ Աբդոլլահիան

Իրանը փոքր քանակությամբ անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ռուսաստան ռազմական գործողությունները սկսվելուց մի քանի ամիս առաջ։ Տեղեկությունը, Mehr գործակալության փոխանցմամբ, հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Այսպես է գերատեսչության ղեկավարը մեկնաբանել արևմտյան քաղաքական գործիչների, փորձագետների և ԶԼՄ-ների պնդումներն այն մասին, թե Ռուսաստանն իբր Ուկրաինայի դեմ Իրանից գնված անօդաչու թռչող սարքեր է կիրառում։

Աբդոլլահիանի խոսքով՝ այն տեղեկությունը, որ արևմտյան որոշ երկրներ բարձրաձայնում են Իրանի կողմից իբր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մասին, ճիշտ է միայն փոքր քանակությամբ անօդաչու թռչող սարքերի մասով, իսկ հրթիռների մասով չի համապատասխանում իրականությանը:

«Մենք Ռուսաստանին փոքր քանակությամբ անօդաչու թռչող սարքեր ենք տրամադրել Ուկրաինայում պատերազմը սկսվելուց մի քանի ամիս առաջ», – ասել է Աբդոլլահիանը:

Նրա խոսքով՝ Թեհրանն անտարբեր չի լինի, եթե ապացուցվի, որ Ռուսաստանն իրանական անօդաչու սարքեր է օգտագործել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում: Թեհրանի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները ու վերադառնալ բանակցություններին։ Նա վստահեցրել է, որ Իսլամական Հանրապետությունը մեծ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ։