Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերումից. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերումից՝ ընդ որում տարբեր երկրներից։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այո՛, մենք անհանգստացած ենք, դրա համար էլ անում ենք ծրագրեր, որոնք կկանխեն Ադրբեջանի ցանկացած ցանկություն»,- ասաց բանախոսը։

Նրա խոսքով, Ադրբեջանն իր հերթին անհանգստացած է, որովհետև Հայաստանի կառավարությունը և զինված ուժերը լայնածավալ ծրագրեր են իրականացնում՝ երկրի անվտանգության մակարդակը «մի քանի աստիճան» բարձրացնելու համար։

«Մեր խնդիրը մեր անվտանգությունը բարձրացնելն է՝ նոր սպառազինությամբ, կրթված անձնակազմով և այն կառույցներով, որոնք մեզ ավելի վստահ կդարձնեն խաղաղության օրակարգին հասնելու համար։ Ադրբեջանն անհանգստացած է, և  սա շատ բնական բան է»,- ասաց Քոչարյանը։

Միաժամանակ հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Հայաստանն իր հերթին մտահոգված է, որ Ադրբեջանը շարունակում է զենք գնել տարբեր երկրներից, և մեծ քանակությամբ: