«Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը ակնկալվում է առաջընթաց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Ճիշտ է, նման հույս կար մինչև անցյալ տարվա վերջ, բայց այս անգամ գործը շատ ավելի լուրջ է»,- ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարությունը «վերջապես լուրջ է վերաբերվել այս հարցին»։
«Ամենայն հավանականությամբ, տեղի ունեցած հանդիպումներում բանակցություններ են ընթանում փաստաթղթերի ստորագրման շուրջը։ Որոշ վիճելի կետեր դեռ կան։ Եթե այս օրերին իրականացվող բանակցությունները հաջողությամբ պսակվեն, մեկ-երկու ամսվա ընթացքում արդյունքի կհասնենք»,-ասել է Շաֆիևը։
Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը պաշտոնական Երևանը ստորագրել է փաստաթղթեր։ Շաֆիևն ընդգծել է, որ չնայած դրան՝ Հայաստանը խուսափել է իր պարտավորությունների կատարումից։
Խոսելով Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հետ սահմանային անցակետի տեղադրման մասին՝ նա կարծիք է հայտնել, որ այդ հարցը բանակցությունների առարկա չի դառնա։
Նշենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում եռակողմ հանդիպում է կայացել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև։ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն մի քանի օր։