Իրանագետ Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ Իրանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող բարեկամ երկիր է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ երկրի հետ մեր հարաբերություններն էլ ավելի զարգացնենք։
«Հանուն արդարության՝ ՀՀ բոլոր իշխանությունները գիտակցել են Իրանի կարևոր դերն ու նշանակությունը։
Իրանն իր հերթին հրաշալի գիտակցում է Հայաստանի կարևորությունը, և խիստ ողջունելի է, որ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հայտարարում է՝ իրենք ցանկանում են Հայաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ ունենալ»,-Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ հայ-իրանական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, բավականին բարձր մակարդակի վրա են։ Վերջին շրջանում դրական ազդակներ են ստացվել հատկապես ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից հետո, և այս փաստաթուղթը ենթադրում է, որ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալներն ավելի կմեծանան։
«Բնական է, որ Իրանը Հայաստանի հետ լավ հարաբերությունների է ձգտում՝ նախևառաջ սեփական շահերից ելնելով։ Իհարկե, այդ երկիրը լավ հարաբերություններ ունի նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց Հայաստանն Իրանի համար կարևոր է այն առումով, որ եթե թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունը՝ «Զանգեզուրի միջանցքը» իրականություն դառնա, դրանից ոչ միայն Հայաստանն է տուժելու, այլ նաև Իրանը։ Մասնավորապես, այդ երկիրը հյուսիսում կախվածության մեջ է հայտնվելու թուրք-ադրբեջանական տանդեմից։
Եվ բնականաբար, Իրանի մոտ այս առնչությամբ անհանգստություն կա, հետևաբար այդ երկիրն անում է ամեն ինչ՝զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները։ Այս համատեքստում պատահական չէ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը։
Կրկնում եմ՝ Իրանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը կարևոր երկիր է և ամեն ինչ անում է, որպեսզի երկկողմ հարաբերությունները զարգանան»,- նշեց Արմեն Վարդանյանը։
Իրանագետը միաժամանակ հավելեց՝ Հայաստանի և Իրանի միջև չիրացված հսկայական պոտենցիալ կա, և միշտ էլ կարելի է համատեղ ավելի լայնածավալ ծրագրեր իրականացնել և ավելի մեծ արդյունքների ձգտել։
«Իհարկե, կան ծրագրեր, որոնք չեն իրագործվել՝ շատ դեպքերում Իրանի, շատ դեպքերում՝ Հայաստանի պատճառով։ Բայց չեմ կարծում, որ այստեղ մեր մեղքը շատ մեծ է. կան օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներ»,- նկատեց Վարդանյանը։
Վերջում իրանագետը շեշտեց՝ Իրանը և Արևմուտքը զսպող ուժ են Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ թույլ չտալու, որպեսզի վերջիններս ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններ կատարեն։
«Իրանից եկող համապատասխան ազդակները դրսևորեվել են և՛ Ադրբեջանի հետ սահմանին լայնածավալ զորավաժությունների տեսքով, և՛ քաղաքական հայտարարություններով։ Իրանի կոշտ դիրքորոշումը կարևոր դեր խաղաց Ադրբեջանի նկրտումները Հայաստանի տարածքի նկատմամբ զսպելու հարցում։ Այնպես որ, Իրանին արհամարհել և անտեսել չի կարելի»,- ամփոփեց Արմեն Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին այսօր խորհրդարանում ասել է՝ Հայաստանն այսօր գտնվում է պատմության զգայուն ոլորաններում։
Նա ընդգծել է նաև տնտեսական համագործակցության առաջնահերթությունը՝ նշելով, որ քաղաքական հարաբերությունները պետք է հարթեն տնտեսական հարաբերությունների ճանապարհը: Դեսպանը կարևորել է ենթակառուցվածքների ճիշտ գործարկումը:
«Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ»,- նշել է դեսպան Մեհդի Սոբհանին: