Ինչպե՞ս են Հայաստանի երկաթուղիները կապվելու աշխարհի հետ՝ առանց Ռուսաստանի երկաթուղիներին միանալու. Օվերչուկի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

Երևանը պաշտոնապես չի դիմել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի դադարեցման համար: Ռուսաստանը կողմ է, որ այն դրա շարունակվի, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը. հայտնում է TASS-ը։
«Մենք որևէ պաշտոնական հարցում չենք ստացել կոնցեսիայի դադարեցման վերաբերյալ։ Սակայն մենք անընդհատ լսում ենք հանրային մեկնաբանություններ դրա մասին, և կան առաջարկներ առանձին հատվածների վերաբերյալ, որոնք հայկական երկաթուղային համակարգի անբաժանելի մասն են։ Ինչպե՞ս կարելի է մեկ օղակը բաժանել մյուսից։ Նման խոսակցություններ են շրջանառվում», – ասել է նա լրագրողներին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում։
Ռուսաստանի փոխվարչապետը հիշեցրել է, որ դեռևս 2026 թվականի հունվարին որոշումներ են կայացվել աջակցելու հայկական երկաթուղու երկու փոքր հատվածների վերակառուցմանը։
«Հետաքրքիր է, որ հենց որ Ռուսաստանը հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ մասնակցելու այդ երկաթուղային հատվածների վերականգնմանը, որոնք իսկապես կապ են ապահովում հայկական երկաթուղիների հետ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, բառացիորեն հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիային, իբր, զրկում է Հայաստանին երկաթուղու զարգացման առումով ցանկացած մրցակցային առավելությունից», – նշել է նա։
Օվերչուկի խոսքով՝ շատ դժվար է գնահատել, թե ինչպես են Հայաստանի երկաթուղիները կապված լինելու աշխարհի մնացած մասի հետ՝ առանց Ռուսաստանի երկաթուղիներին միանալու։
