Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Անվտանգության խորհրդի նիստերում երբևէ չի քննարկվել, թե ՀՀ իշխանություններն ինչ են մտածում, երբ ասում են՝ ԱՀ նշաձողն իջեցնել. Արտակ Բեգլարյան

«Մեկ տարի առանց Արցախի» խորագրով կոնֆերանսի ժամանակ ԱՀ նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հիշեցրեց 2022 ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի՝ ԱՀ նշաձողն իջեցնելու մասին  հայտարարությունը։

«Հենց այդ օրը ես ու Մարդու իրավունքների պաշտպանը Նախագահի հանձնարարությամբ ՀՀ-ում հանդիպում էինք ունենում մի արևմտյան դիվանագետի հետ, դրանից մեկ շաբաթ հետո հաջորդ արևմտյան դիվանագետի հետ ենք հանդիպել: Եվ իրենց մեսիջներն էլ, հատկապես՝ երկրորդինը, վերաբերում էին նրան, որ ՀՀ իշխանությունների՝ նշաձողն իջեցնելու առաջարկը պետք է դուք ընդունեք, ես հիմա անուններ չեմ տա: Մենք մեր հակափաստարկներն ունեինք, թե դա ինչ է նշանակում: Իսկ մեզ մոտ, այսինքն՝ Անվտանգության խորհրդի նիստերում, այդ թվում՝ նախագահի կողմից երբևէ նմանատիպ գաղափար չի քննարկվել, և չի քննարկվել, թե ՀՀ իշխանություններն ինչ առաջարկ ունեն, ինչ են մտածում, երբ ասում են՝ նշաձողն իջեցնել:

Հստակորեն որևէ բան չի ասվել, որ՝ եկեք իջեցնենք, քննարկենք, օրինակ, Ադրբեջանի կազմում ինքնավարություն: Ավելին, հոկտեմբերի 6-ի Պրահայի պայմանավորվածությունից առաջ, քանի որ արդեն միտումն առկա էր, որքան հիշում եմ, Նախագահի կողմից մեր Անվտանգության խորհրդի նիստերում էլ ներկայացվել էր, եթե ճիշտ եմ հիշում, հոկտեմբերի 3-ին հրապարակվեց Արցախի անվտանգության խորհրդի հայտարարությունը, որի պատրաստմանը ես բավականին մեծ մասնակցություն եմ ունեցել: Եվ այդ հայտարարությունը շատ հստակ էր՝ Արցախի մասով չպետք է զիջում լինի, և Արցախը չպետք է ճանաչել Ադրբեջանի կազմում: Սա ահազանգ էր Պրահայի հայտարարությունից առաջ»,- նշեց Բեգլարյանը՝ հավելելով, որ նմանատիպ այլ պրոցեսներ եղել են շրջափակման ժամանակ, բայց այդպիսի գաղափար և առաջարկ չի եղել, որ պետք է քննարկել Ադրբեջանի կազմում ինքնավարության հարցը: Ավելին, ըստ Բեգլարյանի, որևէ միջազգային միջնորդ Արցախի հետ նման հարց չի քննարկել:

«Երբ իրենք ասել են՝ պետք է նշաձողն իջեցնել, և մենք կոնկրետացումներ ենք ուզել՝ շրջափակումից առաջ և դրա ժամանակ, ուղիղ իրենք ասել են, որ Ադրբեջանի կազմում ուղղակի կունենաք մշակութային ինքնավարություն. ձեր հայերեն դպրոցը, ձեր համայնքները դուք կղեկավարեք: Բայց որպես առանձին միավոր՝ ինքնավարություն չեք ունենա»,- ասաց Արտակ Բեգլարյանը: