Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանային քաղաքականությանը։ Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ չափազանց կարևոր են, և մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ, այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պարոն Ստոլտենբերգին եմ ներկայացրել Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ՀՀ կառավարության տեսլականը և մոտեցումները։ Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա, այն է՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում Ալմաթայի հռչակագրի հիման վրա, համաձայն Ալմաթայի հռչակագրի՝ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատում՝վերականգնելու համար 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման պահին երկու հանրապետությունների միջև գոյություն ունեցած սահմանը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ներկայացվել է նաև «Խաղաղության խաչմերուկ նախագիծը»։
«Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հարկադրանքի և սպառնալիքի քաղաքականության միանշանակ մերժումը։
Գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ նաև 1991 թվականի Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնք մինչև օրս դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։










