Բաքուի իշխանութիւնները Ադրբեջանում հայ ռազմագերիներին վերաբերուում են որպէս ոչ այլ ինչ, քան քաղաքական խաղում ռազմավարական գործիքների՝ հնչեց Ժնեւում կազմակերպած ապօրինի կալանաւորած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան, հայ ռազմագերիների և գերեվարուած քաղաքացիական անձանց անյապաղ ազատ արձակելու միջազգային հանրութեան հետզհետէ աճող կոչերի ֆոնին ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդում կայացած միջոցառմանը:
Հայ ռազմագերիների և պատանդների ճակատագիրը մնում է չլուծուած։ Չկայ լուծման յստակ ճանապարհ։ Չկայ, քանի որ իրենք յայտնուել են աւելի լայն աշխարհաքաղաքական հակամարտութեան կենտրոնում և գտնուում են մի պետութեան ձեռքում, որը ձգտում է ոչ թէ արդարութեան, այլ իր քաղաքական շահի բաւարարմանը:
Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը վառ խորհրդանիշ է այն բանի, թէ հակամարտութեան մէջ քաղաքական մանիպուլյացիան որչափ հեռու կարող է գնալ։
«Բարդ է խօսել Ադրբեջանում հայ ռազմագերիների պահման պայմանների մասին, քանի որ մենք տեղեկութիւն ստանում ենք խիստ սահմանափակ աղբիւրներից»,- բացատրեց միջազգային իրաւաբան Արփի Աւետիսեանը՝ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդում, ելոյթ ունենալով «Մարդու իրաւունքները Ադրբեջանում» միջոցառմանը։
Յիշեցնենք, որ մարտի 18-ին Քրիստոնէական միջազգային համերաշխութեան կազմակերպութիւնը՝ ՔՄՀ (CSI) միջոցառում էր հրաւիրել՝ Ադրբեջանի կողմից անարդարացիօրէն ձերբակալուած հայերի կացութիւնը լուսաբանելու նպատակով: Իրաւունքի և արդարադատութեան եւրոպական կենտրոնի (ECLJ) հետ համատեղ կազմակերպուած իրաւապաշտպանների այս հաւաքն ընդգծեց հայ ռազմագերիները անյապաղ և անվերապահ ազատ արձակման հրամայականը:
Քննարկման մասնակիցների թուում ընդգրկուած էին իրաւապաշտպան և ականաւոր իրաւաբան Սիրանոյշ Սահակեանը, ով Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում հայ գերիների ընտանիքների պաշտպանն է և ղեկավարում է «ICLaw-Center Armenia»իրաւապաշտպանական կազմակերպությունը։ Քննարկման մէկ այլ մասնակից էր առաջատար իրաւաբան և միջազգային հանրային կապերի խորհրդատու, Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխաւոր քարտուղար Ֆիլիպ Կալֆայեանը, ինչպէս նաև ռազմավարական դատավարութեան հարցերով միջազգային փաստաբան Արփի Աւետիսեանը։
Լորդ Դեյվիդ Ալթոնը տեսաուղերձի միջոցով իր ձայնը փոխանցեց դատավարութեանը` յորդորելով ազատ արձակել ադրբեջանական կալանքի ներքոյ հիւծուող 23 հայերին: Միաւորած ազգերի կազմակերպութիւնում այս քննարկում ծառայեց որպէս պարզաբանում և ևս մի կոչ միջազգային հանրութեանը` արդարադատութեան վերականգնման համար կայուն դիւանագիտական ճնշման հրատապութիւնը շեշտելով։ Միջոցառման ամբողջական ձայնագրութիւնը հասանելի է առցանց:
«Էթնիկ հայերի դատավարութիւնն ու կալանաւորումը» թեմայով քննարկման ժամանակ Արփի Աւետիսեանը յայտարարեց, որ ոչ մի անկախ մարմին հայ բանտարկեալներին այցելելու հնարաւորութիւնն չի ունեցել, և ոչ էլ հնարաւորութիւնն է ունեցել ծանօթանալու նրանց պահման պայմաններին։ «Մեր պատկերը հիմնուած է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի տեղեկատուութեան վրայ։ Տեղեկատւութեան միւս աղբիւրը բանտարկեալների ընտանիքներն են։ Օրինակ, եթէ քննենք Ռուբէն Վարդանեանի կալանքի պայմանները, երբ նա հացադուլի մէջ էր, ապա, ըստ նրա ընտանիքի անդամների տեղեկութիւնների, նա պահուել է մեկուսացման մէջ, բուժզննում չի կատարուել, առողջական վիճակը վատացել է։ Հրապարակուած լուսանկարները փաստում են նրա նկատմամբ իրականացուած խոշտանգումների մասին։ Ադրբեջանի իշխանութիւնները պնդում են, որ ադրբեջանցի իրաւապաշտպանն այցելել է հայ բանտարկեալներին, սակայն մենք քաջատեղեակ ենք, որ նրան չի կարելի համարել որպէս անկախ մարմին, և չի կարելի վստահել իր տրամադրած տեղեկատւութեանը։ Եւրոպայի խորհրդի «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատուութիւնը նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման» կոմիտէի այցը մերժուել է, ինչը որ մտահոգիչ է»։
Ֆիլիպ Կալֆայեանը նշեց, թէ ինչ բացարձակ ստորութիւն է իրենից ներկայացնում, առկայ հանգամանքներում ընթացող, կեղծ արդարադատութիւնը: «Մարդիկ, որ ժամանակին նստած էին բանակցութիւնների սեղանի շուրջ՝ որպէս միջազգայնօրէն թոյլատրուած դիւանագիտական գործընթացի անբաժանելի մաս, այժմ մեղադրուում են ահաբեկչութեան մէջ», – նշեց նա։ Ֆիլիպ Կալֆայեանը պնդեց, որ վերջիններիս միակ օրինազանցութիւնը եղել է դիմադրութեան ոգին մարմնաւորելը` ձգտելով պաշտպանել Արցախի Հանրապետութեան գոյութիւնը:
2023 թ սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկել էր լայնածաւալ ռազմական ներխուժում, որի գագաթնակէտն էր Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնեայ բնակչութեան զանգուածային արտաքսումը, որը որ աւարտուեց եռամեայ էթնիկ զտումներով: Երկու մեծածաւալ ռազմական յարձակումները և իննամսեայ անողոք շրջափակումը Արցախի բնակիչներին զրկեց հիմնական սննդամթերքից, այդ թուում՝ դեղամիջոցներից:
Ադրբեջանն ընդունել է այս գործողութիւնների ընթացքում ձերբակալուած 23 հայ տղամարդու կալանաւորումը, որոնց թուում է գտնուում նաև յայտնի բարերար, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը։ Տագնապալի է, որ մօտ 80 այլ անձինք, որոնց վերջին անգամ տեսել են ադրբեջանական բանտում, այժմ դասակարգուում են որպէս բռնի անհետացածներ:
23 ձերբակալուածներից 16-ը ներկայումս Ադրբեջանում ենթարկուում են դատական գործընթացի։ Սիրանոյշ Սահակեանը պարզաբանեց այս դատավարութիւններում տիրող պատշաճ դատավարութեան բազմաթիւ խախտումներ՝ պնդելով, որ ադրբեջանական դատական համակարգը համարուում է աշխարհում ամենաստրկամիտներից մէկը։
«Երևակայելի չի մի արենար, երբ արմատացած հակահայկական տրամադրութիւնների միջավայրում նախագահող ադրբեջանցի դատաւորը կարող է անաչառ արդարադատութիւն իրականացնել», – ասաց նա :
Արփի Աւետիսեանը, իր հերթին, ի ցոյց դրեց հայ բանտարկեալների ճակատագիրը խաղաղ բանակցութիւններում Հայաստանի Հանրապետութիւնից պահանջած քաղաքական զիջումների հետ կապելու Ադրբեջանի ցինիկ մանեւրը։ «Ըստ էութեան, նրանք բոլորն էլ պատանդ են», – ասաց նա։
Արփի Աւետիսեանը յաւելեց, որ հայ բանտարկեալները բանտարկեալ են, որոնց օգտագործում են Բաքուի իշխանութիւնները։ «Ցաւօք, մենք տեսնում ենք, որ բանակցութիւնները ձգձգուում են, և որևէ լուծում չի գտնուել։ Այդ մարդիկ գործիքներ են Բաքուի իշխանութիւնների ձեռքում»։
Ժնեւում ՔՄՀ-ի (CSI) կողմից ՄԱԿ-ում կազմակերպած միջոցառումը կայացաւ ապօրինի կալանաւորած ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարութեան, ռազմագերի և գերեվարուած քաղաքացիական անձանց անյապաղ ազատ արձակելու միջազգային հանրութեան հետզհետէ աճող կոչերի ֆոնին: Մարտի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատար Ֆոլքեր Թյուրքը միանշանակօրէն յայտարարել է, որ «Ադրբեջանում կամայականօրէն ձերբակալուած բոլոր անձինք, ներառեալ էթնիկ հայերը, պէտք է անյապաղ ազատ արձակուեն, և խստագոյնս պէտք է յարգուեն արդար դատավարութեան նրանց հիմնարար իրաւունքները» :
Միացեալ Նահանգների ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Մայքլ Ուոլց պատմեց դիւանագիտական մի նախաձեռնութեան մասին, որի ընթացքում հայ գերիներին ազատագրելու անհրաժեշտութեանը հարցով ուղղակիօրէն դիմել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտօնեայ Հիքմեթ Հաջիևին:
Չնայած արցախահայութեան պաշտպանութեանն ուղղուած միջազգային հանրութեան աճող հրատապ կոչերին, Ադրբեջանի իշխանութիւններն իրենց հերթին խնդիրը համարում են լուծուած. Ադրբեջանի իշխանութիւնների տեսանկիւնից նոյնիսկ Կարմիր Խաչի կոմիտէի տեղական մասնաճիւղի գործունէութեան կարիքը այսուհետև չկայ։ Ըստ ադրբեջանական կառավարութեան, այլևս գոյութիւն չունեն այն պատճառները, որոնք նախկինում պահանջում էին, որպէսզի ԿԽՄԿ-ն ուղղակիօրէն գործունութիւնն ծաւալի Ադրբեջանում: Ադրբեջանական ARA լրատուական գործակալութիւնը « յիշեցնում է », որ նախկինում որոշակի խնդիրներ են եղել Ադրբեջանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտէի միջև։ Այսպիսով, 2020-ականների սկզբին ԿԽՄԿ-ն գրասենեակ էր բացել Ստեփանակերտում՝ առանց «ադրբեջանական իշխանութիւններին ծանուցելու»։ Բաքուն մարդասիրական կազմակերպութեանը նաև մեղադրել է, մասնաւորապէս, «մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու համար մարդկանց տարհանման համար նախատեսուած շտապօգնութեան մեքենաների օգտագործման» մէջ։ Այնինչ, ամիսը մէկ անգամ ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելում են հայ գերիներին, շփուում նրանց հետ և հնարաւորութիւնն տալիս կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա Բաքուն վերանայում է այդ միջազգային կազմակերպութեան հետ իր համագործակցութեան առաջնահերթութիւնները՝ հաշուի առնելով առկայ «նոր իրողութիւնները»։ Այդ մասին վերջերս յայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այսօրինակ «նոր իրողութիւններ» նա անուանեց 2020 թ Հայաստանի հետ ղարաբաղեան երկրորդ պատերազմում յաղթանակը և այն, որ «Ադրբեջանն այժմ կարող է հոգ տանել իր մասին և նոյնիսկ լինել բարերար»։ Բայրամովը պարզաբանել է, որ «թերևս ՄԱԿ-ի առանձին գործակալութիւնների հետ համատեղ համագործակցութեան մեխանիզմի միջոցով որոշակի գործընկերութիւն կարող է շարունակուել՝ համաձայն [Ադրբեջանի] ազգային առաջնահերթութիւնների»: Այնուհետև, իրենց իսկ աղբիւրներին յղում կատարելով, մի շարք ադրբեջանական լրատուամիջոցներ յայտնել են, որ պաշտօնական Բաքուն ցանկանում է փակել Ադրբեջանում ՄԱԿ-ի չորս գրասենեակ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Բնակչութեան հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարը (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF):
Նշենք, որ Ադրբեջանի իշխանութիւնները նախկինում կասեցրել են BBC-ի և այլ արտասահմանման լրատուամիջոցների գործունէութիւնը իրենց տարածքում։ Իսկ Եւրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2020 թ բանաձեւում Ադրբեջանը կոչուել է « լրագրողների համար ամենաթշնամական երկրներից մէկը»։ Դա տեղի է ունեցել Ադրբեջանում լրագրողների զանգուածային ձերբակալութիւններից և ամբողջ խմբագրութիւնների փակումից երեք տարի առաջ, իսկ 2024 թ Վեհաժողովը դադարեցրել է մարդու իրաւունքների խախտումների համար ադրբեջանական պատուիրակութեան աշխատանքը։ Սակայն ադրբեջանական քարոզչութիւնը դրանից միայն ոգևորուում է՝ յայտարարելով, որ երկիրն այժմ կկարողանայ աւելի անկախ քաղաքականութիւն վարել։
Այնինչ, մինչ ռազմագերիները ենթարկուում են աներևակայելի խոշտանգումների, միջազգային հանրութիւնը չպէտք է աչքաթող անի այն փաստը, որ դա որպէս պետական քաղաքականութեան գործիք մարդկային կեանքի օգտագործում է: Դա ոչ միայն բարոյական անարգանք է, այլեւ միջազգային իրաւունքի և մարդկային արժանապատուութեան սկզբունքների բացայայտ խախտում։ Հետևաբար հարցն այն է, թէ արդեօք կարելի է արդարադատութիւն հաստատել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան, հայ ռազմագերի և գերեվարուած քաղաքացիական անձանց նկատմամբ, և որքանով է միջազգային հանրութիւնը վճռական պատասխանատուութեան ենթարկելու Ադրբեջանին վերջինիս գործողութիւնների համար:
Հիմնական աղբյուրը՝ https://azg.am/news/կարևորը/5-լեզուներով-ադրբեջանական-իշխանությո/
Մարիամ Խաթլամաջյան