Հայաստանի Հանրապետությունը Լաչինի միջանցքը դե ֆակտո զիջել է ադրբեջանցիներին և այժմ նրանց ասում է՝ քանի որ արդեն գնացել եմ կտրուկ զիջումների, «Զանգեզուրյան միջանցք» չեք ունենա։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ մեկնաբանելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այն հավաստիացումը, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներում նման հարց ուղղակի չի քննարկվի։
«Եթե նույնիսկ միջանցք չլինի, միևնույն է՝ մենք Լաչինի միջանցքը կորցրել ենք։ Օրերս Մոսկվայում կայացած ԵԱՏՄ նիստում Ադրբեջանի բռնապետը ՀՀ վարչապետին փաստացի մեղադրեց Լաչինի միջանցքը փակելու մեջ՝ հիշեցնելով, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է ոչ թե երեկ կամ երեկ չէ առաջին օրը, այլ նախորդ տարի՝ Պրահայում՝ իր բելոր հետևանքներով»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը փաստել է, որ Լաչինի միջանցք գոյություն ունենալ չի կարող։
Գագիկ Համբարյանի խոսքով՝ որքան էլ ՀՀ իշխանությունները շարունակեն հավաստիացնել, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, նրանց խոստումներին հավատ ընծայել պետք չէ։
«Ես, որպես ՀՀ քաղաքացի, գործող ռեժիմի որևէ հավաստիացման չեմ հավատում։ Ցավով պետք է արձանագրեմ, որ 44-օրյա պատերազմն այն կարմիր գիծն էր, որը ՀՀ իշխանությունները լկտիաբար հատեցին՝ հասարակությանը կերակրելով հաղթելու վերաբերյալ 100 տոկոսով սուտ և կեղծ տեղեկություններով։
Հիմա այդ նույն իշխանությունները բարոյական որևէ իրավունք չունեն վիրավորվելու այն փաստից, որ ես, որպես ՀՀ քաղաքացի, իրենց որևէ ներկայացուցչի չեմ հավատում։ Իսկ Մհեր Գրիգորանն այս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներից մեկն է։ Հետևաբար, նրա հավաստիացումներն ինձ համար առ ոչինչ են։
Այս պարագայում ես ավելի շատ հետևելու եմ ադրբեջանական լրատվամիջոցներին՝ տեղեկություններ ստանալու և վերլուծության արդյունքում հանգելու իրականությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, խոսելով Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, լրագրողների հետ զրույցում ասել է՝ միշտ եղել է մի եզր, երբ միջանցքը շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։