Արտաքին ուժերի աջակցությունն իշխանություններին մեզ համար հարցադրումներ է առաջացնում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը։
«Հատկապես արևմտյան ուժերին եմ ասում՝ իրենք կո՞ղմ են շարժմանը, դե՞մ են, գաղափարների՞ն են դեմ, կողմ՝ կարևոր չէ։ Տեղի ունեցած դեպքին արձանագրում պետք է կատարեն. խուսափել չունեն դրանից։ Հատկապես ամերիկյան դեսպանատունը, կամ ամերիկյան կողմը, որովհետև իրենց կողմից են տեղի ունենում ոստիկանական բարեփոխումները։ Մի՞թե այսպիսի բարեփումներ էին ակնկալում. վստահ եմ, որ ոչ։ Իրենք պետք է արձագանքեն, ստիպված են արձագանքել հունիսի 12-ի արյունահեղությանը»,-ասաց նա։
Սրբազանը նշեց, որ չեզոք շատ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, նաև հայկական իրավապաշտպան միություններ արձագանքել են, ընդ որում՝ ամենախիստ բնորոշումներով։
«Եթե իրենք կարծում են, որ այսպիսի տեսք ունի ժողովրդավարությունը, մաղթում եմ իրենց երկրում այդ ժողովրդավարությունը լինի»,- ասաց նա։
Բագրատ Սրբազանը նշեց, որ իրենց դիվանագիտական խումբը տարբեր հանդիպումներ է ունեցել և ունենում։
«Պետք է ասեմ, որ իշխանության ղեկին նստածներն այն աստիճանի ապատեղեկատվութամբ են լցրել հատկապես արևմտյան աշխարհը, որ աննկարագրելի է։ Այդ պատնեշը քանդելը մեր գործն է։ Ես որևէ կերպ նեղացած չեմ, շատ լավ հասկանում եմ, թե աշխարհն ինչ մոտիվներ ունի։ Մենք մեր խնդիրները մեր տան մեջ պետք է լուծենք. սա հայկական օրակարգով, հոգևոր բովանդակությամբ մաքուր, զուլալ շարժում է։
Առաջիկայում մենք լինելու եք ամենուր. մեր գործունեությունը կերևա և՛ հրապարակներում, և՛ համացանցային տիրույթում»,-ասաց նա։






