Բացարձակ զարմանալ պետք չէ այն մարդու արարքներից, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր՝ ուղղակիորեն լիզում է թուրքերի կոշիկները։ Բայց հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանի հեղինակած գիրքը հրճվանքով կրծքին սեղմելուց ամենազարմացածը հենց Էրդողանն էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Էրդողանը զարմացած արձագանքում էր Նիկոլ Փաշինյանի հրճվանքին։ Նրա քմծիծաղի մեջ զարմանք կար՝ լավ այդ ի՞նչ եմ տվել, որ այս արարածն այսքան ուրախացել է։ Թուրք-ադրբեջանական մամուլը ևս զարմանքով և ծաղրանքով է արձագանքել Փաշինյանի այդ հրճվանքին և Էրդողանի հեղինակած գիրքը կրծքին սեղմելուն։ Նույնիսկ ադրբեջանական կայքերից մեկը գրել էր՝ հասկացանք, որ գործակալ ես, բայց գոնե մի բացահայտիր, որ գործակալ ես։
Այս ամբողջի մեջ ուշադրության արժանի էր նաև այն հանգամանքը, որ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպում էր ոչ թե նեյտրալ, այլ Էրդողանի տարածքում։ Նա հյուրընկալվել էր «Թուրքական տուն» երկանքերում, որտեղ գտնվում են Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը Նյու Յորքում և ՄԱԿ-ին կից Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը»,- ասաց Գագիկ Համբարյանը։
Քաղաքագետը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հերթական տարելիցի նախաշեմին Թուրքիայի նախագահից նվեր է ընդունում մի գիրք, որտեղ վերջինս ներկայացրել է իր պատկերացումները ապագա աշխարհի վերաբերյալ, գիրք, որտեղ տեղ են գտել հակահայկական բազմաթիվ թեզեր։
«Ինչ վերաբերում Փաշինյանի տիկնոջ՝ Էմինե Էրդոանի հետ ջերմ շփմանը, ապա չպետք է մոռանալ, որ Թուրքիայի առաջին տիկինն էր գրավված Արցախում Իլհամ Ալիևին կոչ անում հայ գերիներին վերադարձնել փուլ առ փուլ՝ Հայաստանից կորզվող տարբեր զիջումների դիմաց։
Բայց խնդիրն այլևս այդքան Փաշինյանի և իր տիկնոջ մեջ չէ, որքան հայաստանյան հասարակության ամորֆ արձագանքի մեջ։ Մեր խնդիրն այդ երկու անձանց՝ թուրքական տանդեմին բացահայտ ծառայելը չէ. խնդիրը, կրկնում եմ, հայ հասարակության ամորֆ արձագանքն է, և եթե որևէ մեկը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունն այս տեմպերով պահպանելու է իր ինքնիշխանությունը և անկախությունը, ապա չարաչար սխալվում է։
Եթե Հայաստանը հայերին պետք չէ, ապա ոչ մեկին էլ պետք չէ։ Եթե անգամ ուրիշներին պետք է՝ պետք է առանց հայերի»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։