Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ռեժիմը համարում է չարյաց փոքրագույնը, երբ մարդը հանիրավի կալանքի տակ է գտնվում։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
«Արմեն Աշոտյանը քաղաքականության մեջ բարձր տրամաչափի գործիչ է, և կարծում եմ՝ նման գործչների նկատմամբ այդ հնարքները կիրառելն անօգուտ է։ Դա ավելի շատ անձնական վնասարարության, քան թե քաղաքական խոսքի կամ պայքարի եղանակ եմ համարում։
Այս տարի նա իմ բախտակից ընկերն է. առաջ եթե գործուղումներում, բրյուսելներում էինք հանդիպում, հիմա հանդիպում ենք, կներեք բանտային սլենգով ասեմ, «վոռոնյոկներում» և դատարաններում»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։
Հիշեցնենք, որ որ դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի դեմ դատավարությունը կշարունակվի տնային կալանքի պայմաններում։ Վերջինիս խափանման միջոցը երեկ փոխարինվել է տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ։








