Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
-Պարո՛ն Համբարյան, Ադրբեջանը առանց որևէ բացատրության հրաժարվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև օգոստոսի 1-ին Բրատիսլավայում կայանալիք հանդիպումից, մյուս կողմից Բաքուն սպառնում է առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 20 տարվա ազատազրկման կամ ցմահ բանտարկության, հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարների մուտքն էլԱրցախ շարունակում է արգելված մնալ։ Այս ամենից դատելով՝ կարելի է ասել, որ Ադրբեջանը նոր՝ առավել կոշտ խաղ է սկսել։
-Ադրբեջանն ուժային մեթոդներով սպառնում է հայկական կողմին, և բոլորովին պարտադիր չէ, որ ուժի սպառնալիքը միայն զենքով լինի. ուժի սպառնալիք է 120 արցախահայերին սովամահ անելը, մարդկանց առևանգելը, Արցախին այսպես կոչված «ինտեգրացիա» պարտադրելը։
Ցավով արձանագրենք, որ այս ամենին ակտիվորեն մասնակցում են Արցախի և Հայաստանի գործող իշխանությունները։ Ես բացարձակապես չեմ հավատում ո՛չ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, ո՛չ նրա պետնախարարին, ո՛չ էլ այդ թիմի որևէ այլ անդամի։ Նրանք բոլորն էլ իրենց ուղնուծուծով նիկոլական են և ենթարկվում են ՀՀ գործող իշխանություններին։ Այնպես որ, Արցախի միակ փրկությունն Արայիկ Հարությունյանի և նրա թիմի ամբողջական հեռացումն է իշխանությունից, ինչպես նաև իշխանափոխությունը Հայաստանում։
-Ի՞նչ կարող է լինել, եթե Ձեր մատնանշած սցենարը չհաջողի։
-Այլ տարբերակի պարագայում Արցախն ամբողջությամբ շատ կարճ ժամանակահատվածում կհայաթափվի, որովհետև որևէ նորմալ հայ Արցախում չի ցանկանա ապրել՝ հատկապես ադրբեջանցիների կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո։ Ինչո՞ւ. որովհետև Արցախի՝ 1975-76 թթ ծնված գրեթե բոլոր քաղաքացիները դատապարտված են ձերբակալման, քանի որ նրանք մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին։ Չի բացառվում, որ ադրբեջանական կողմն ունի ՀՀ իշխանությունների կողմից տրամադրված ցուցակներ, որտեղ կան նաև արցախյան երկրորդ պատերազմին ակտիվորեն մասնակցած քաղաքացիների տվյալները։ Այնպես որ, Ադրբեջանը շատ պարզ և բացահայտ է գործում՝ արհամարհելով բոլոր տեսակի ճնշումները։
Ցավոք, պետք է արձանագրել, որ Հայաստանի և Արցախի քաղաքացիները շարունակում են ուտոպիստական գործողությունները՝ գնալ այս կամ այն օտարերկրյան դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների գրասենյակների դիմաց և պահանջներ ներկայացնել։ Պետք է արձանագրել, որ երբեմն հենց այդ պետությունները և կազմակերպությունները բացահայտ համագործակցում են Ադրբեջանի իշխանությունների հետ՝ այդ ամենն արցախահայության դեմ կազմակերպելու համար։
-Պարո՛ն Համբարյան, ո՞րն է այդ դեպքում իրավիճակից դուրս գալու ելքը։
-Ճանապարհը մեկն է՝ ուժեղ և մարտունակ բանակը. վերջ, մենք այլ տարբերակ չունենք։ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը, որը նա առաջ է տանում արդեն մոտ երեք տարի, բացահայտ ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն ոչ թե արհամարհած, այլ թքած ունի այդ խաղաղության օրակարգի վրա։ Ադրբեջանն ունի սեփական օրակարգը, որը կործանարար է լինելու ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար։
Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր զորքերը դուրս չի բերում Հայաստանի օկուպացված տարածքներից, և Նիկոլ Փաշինյանն էլ իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ բացահայտ ստում է՝ ասելով, որ պաշտոնական Բաքուն չի հայտարարել, որ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, արդեն բավական է։
Պաշտոնական Բաքուն շատ պարզ ասում է՝ ինչ որ գրավել եմ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից, հետ չեմ տալու։ Հետաքրքիր է՝ է՞լ ինչ կերպ պետք է ասի, որ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։
Երկրորդ, ըստ հավաստի լուրերի, որոնք, ի դեպ, ՀՀ իշխանությունները որևէ մակարդակով չեն հերքում, Սյունիքի մարզում պետք է վերաբնակեցվի 130 հազար ադրբեջանցի։ Այսինքն՝ եթե Սյունիքի մարզի բնակչությունը մոտավորապես հենց այդքան է (2021 թվ. հունվարի 1-ի դրությամբ Սյունիքի մարզի մշտական բնակչության թվաքանակը կազմում է 135.8 հազար մարդ՝ խմբ.), այդքան էլ ադրբեջանցի գա, պատկերացրեք՝ Բաքուն ինչպես է դեմոգրաֆիկան պատկերի կոնկրետ փոփոխությամբ գրավելու Սյունիքի մարզը։ Ինչպես տեսնում ենք, պաշտոնական Բաքուն իրականացնում է իր ծրագիրը, ինչը վաղը բերելու է ՀՀ հարավային շրջանների օտարացմանը և Ադրբեջանի կազմ մտնելուն։
Եվ չզարմանաք, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահպանելու համար ընդամենը մեկ-մեկուկես տարի հետո կյանքի կոչի իր «խաղաղության ծրագիրը» և լկտի, ցինիկ հայացքով հայտարարի՝ Սյունիքի մարզի պատճառով պիտի «փո՞ւռը տանք» Հայաստանը։ Եվ այդպես նա ամեն բան շարունակաբար տալու է։
Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմի դրածոն է Հայաստանի Հանրապետությունում, և նրանից որևէ լավ բան սպասել պետք չէ։ Պատերազմից անցել է մոտ երեք տարի, և բոլոր փաստերը վկայում են, որ Փաշինյանը ոչ միայն տապալել է իր խաղաղության օրակարգը՝ դիտավորյալ չզինելով հայկական բանակը, չկահավորելով ՀՀ սահմանները, քանդելով հայկական զինուժը, այլև Ադրբեջանն ավելի մեծ եռանդով է անցել հարձակումների։ Պատճառն այն է, որ Ալիևը տեսավ՝ Հայաստանն այլևս բանակ չունի, այն կազմաքանդվել է Նիկոլ Փաշինյանի ձեռամբ՝ 44-օրյա պատերազմի օրոք։
-Եվ վերջում, պարո՛ն Համբարյան, իրատեսական համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը վերադարձնի Հակարիի կամրջից առևանգած 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին։
-Բացառվում է։ Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները կարող են վերադարձնել միայն մեկ տարբերակով՝ եթե նրան Բաքվում սպանեն։ Նրա դին կվերադարձնեն, ինչպես ադրբեջանցիներն արել են շատ դեպքերում հայ գերիների հետ։