Չեմ կարծում, որ ԱՄՆ Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ ներկայացրած բանաձևը գործնական որևէ օգուտ ունենա Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) հաղորդմամբ՝ հայամետ կոնգրեսականը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս՝ Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ։
«Ամերիկահայ համայնքը վերջին շրջանում դժգոհություն է հայտնում Ադամ Շիֆի գործունեությունից՝ նշելով, որ նա միայն անունով է հայամետ կոնգրեսական, և որ վերջինիս գործունեությունից հայ համայնքը ոչինչ չի շահում, հայանպաստ որևէ հարց չի լուծվում։
Իմ կարծիքով՝ Ադամ Շիֆն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ նման բանաձև ներկայացնում է զուտ ներքին լսարանի՝ տեղի հայ համայնքի համար՝ հաշվի առնելով, որ առջևում ընտրություններ են։
Նա իր այս քայլով ցանկանում է հերթական անգամ հիշեցնել, որ իբր ինքը շատ մեծ աշխատանք է տանում և արժանի է գալիք ընտրություններին կրկին ստանալու ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացիների քվեները»,- ասաց միջազգայնագետը։
Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների վերադարձի մասին բանաձևի արտաքին ազդեցությանը, ըստ Գրիգոր Բալասանյանի՝ վաղուց ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանը թքած ունի նմանօրինակ բանաձևերի և հայտարարությունների վրա։
«Ադրբեջանն անգամ չկատարեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ ապաշրջափակելու Լաչինի միջանցքը։ Հիմա բնական է, որ ԱՄՆ կոնգրեսականի կոչն այդ երկրի համար՝ ձայն բարբառո հանապատի։ Դրա համար չեմ կարծում, որ Ադամ Շիֆի նախաձեռնությունը կարող է որևիցե օգուտ ունենալ»,- ամփոփեց միջազգայնագետը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսականի ներկայացրած բանաձևը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար: Այն կրկնում է նաև Ադրբեջանին ԱՄՆ ռազմական և անվտանգության աջակցության վերաբերյալ 907-րդ հոդվածի կիրառումը սահմանափակելու մասին Կոնգրեսի կոչերը։