Ապրիլի 5-ին, Ստեփանակերտում տեղի կունենա 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի 106 հայ հերոսների ծառուղու բացման արարողությունը։
Ծառուղում կտնկվի կեչու 106 տնկի։ Միջոցառման կազմակերպիչներն են Մարշալ Բաղրամյանի անվան ռազմահայրենասիրական երիտասարդական շարժումը և «Հաղթանակի հերոսներ» պատմահայրենասիրական նախագիծը։
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է ավելի քան 600 հազար հայ։ Նրանցից ավելի քան 250 հազարը չի վերադարձել ռազմաճակատից։ Պատերազմի ժամանակ սխրագործությունների համար 106 հայ զինծառայող արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
Մարշալ Հովհաննես Բաղրամյանը և գվարդիայի լեգենդար օդաչու, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը երկու անգամ արժանացել են «Հերոսի ոսկե աստղի»:
Հայ ժողովուրդը Խորհրդային Միությանը տվել է 4 մարշալ, մեկ ծովակալ և 10 փոխադմիրալ։ 148 հայ ռազմական գործիչ ստացել է գեներալի կոչում, 26-ը՝ Փառքի շքանշանի բոլոր երեք աստիճանների ասպետ։
Մարշալներ Համազասպ Բաբաջանյանը և Հովհաննես Բաղրամյանն Արցախի Չարդախլու գյուղից են։ Սովետական Միության պատմության մեջ չկա մի դեպք, երբ երկու մարշալ ծնունդով նույն գյուղից լինեն։






