Իշխանությունները հերթական անգամ ցանկանում են քաղաքական հետապնդումը քողարկել ստանդարտ հոդվածներով՝ փողերի լվացում, հարկերից խուսափում և այլն։ Այսպես է Արմեն Չարչյանի, Սամվել Կարապետյանի և մնացածների դեպքում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր առավոտից «Իզմիրլյան» ԲԿ-ում շարունակվող խուզարկություններին։
«Եթե ուրիշ բան չեն կարողանում հնարել՝ ասում են փողերի լվացում։ Հիմա հերթական անգամ այս դրվագն Արմեն Չարչյանի հետ է կապված. աընդհատ քրեական գործեր, դատարան… հիմա նորից նույն պրոցեսն է, էլ չեմ ասում, թե որքան է այս ամենը վնասում նրա բուժառուներին։
Ես, իմանալով Արմեն Չարչյանին, համարում եմ, որ այս ամենը նրա հետ առնչություն չունի, և քանի որ «Իզմիրլյնա» ԲԿ-ն ուղղակիորեն փոխկապակցված է Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառի հետ, բնական է, որ ԲԿ-ի և նրա ղեկավարության շուրջ տեղի ունեցողն ուղղակիորեն Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների վարած արշավի բաղկացուցիչ մասն է»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը հիշեցրեց հատկապես ԽՍՀՄ շրջանում գործածելի մի արտահայտություն՝ «Եթե մարդը կա, քրեական հոդված էլ կգտնվի»։
«Այսօր մոտավորապես նույն բանն է. ակնհայտ է, որ սա Եկեղեցու և Վեհափառի դեմ արշավի շարունակությունն է։ Ավելի վաղ բռնում էին Գարեգին Բ-ի բարեկամներին (նկատի ունի Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր և նրա որդու ձերբակալությունները՝ խմբ.), իսկ հիմա ճնշում է գործադրվում նաև Եկեղեցու հետ կապված ինստիտուտների, այս դեպքում՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի վրա։ Եթե, օրինակ, խոսք գնար գրադարանի կամ հացի գործարանի մասին, այդ մասով ևս գործեր կբացվեին։
Քանի որ Առաքելական եկեղեցու դեմ արշավը դարձել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական կամպանիայի հիմնական կոնցեպցիաներից մեկը, կարծում եմ՝ Եկեղեցու դեմ հարձակումների փորձ անընդհատ արվելու է. փորձ է արվելու ճնշումների ներքո ինչ-ինչ հարցեր լուծել։ Քանի որ այլ ճանապարհ չի երևում, և զանգվածներ չի հաջողվում հավաքել, մնում է միայն ճնշում գործադրել Վեհափառին վրա, որպեսզի նա ինքնակամ զիջումների գնա։ Միայն այս ճանապարհն է մնում, և Փաշինյանն այս ճանապարհն ակտիվորեն օգտագործում է։ Փորձ է արվում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի մերձավորների միջոցով ազդեն Վեհափառի վրա»,- ասաց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով՝ամեն բան կախված է նրանից, թե Գարգին Բ-ն որքան ամուր կմնա իր դիրքերում։
Վերջում քաղտեխնոլոգը շեշտեց՝ եթե Վեհափառը տեղի չտա իշխանությունների ճնշումներին, ապա Փաշինյանը որևէ հեռանկար չի կարող ունենալ՝ որքան էլ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և նա շտապում է։
«Հիմա պատային իրավիճակ է. ուժերի բալանսը մոտավորապես նույնն է, հավասար է, իսկ Նիկոլ Փաշինյանը հավասարն ընկալում է որպես սեփական պարտություն»,- ամփոփեց մեր զրուցակիցը։







