Իսպանացի կենսաքիմիկոսները միզապարկի քաղցկեղի բուժման համար նանոռոբոտներ են ստեղծել եւ փորձարկել։ Գիտնականները փորձն իրականացրել են լաբորատոր մկների վրա եւ կարողացել հասնել հիվանդ կրծողի միզապարկի ուռուցքի ծավալի 90 տոկոս կրճատման։ Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է «Nature Nanotechnology» ամսագրում։
Կատալոնիայի Բիոինժեներիայի եւ Բարսելոնայի Կենսաբժշկության ինստիտուտի, ինչպես նաեւ Բարսելոնայի համալսարանի գիտնականները սիլիցիումի հենքի վրա մշակել եւ ստեղծել են «կենսաբանական ռոբոտներ»։ Դրանք պարունակում են յոդի ռադիոակտիվ իզոտոպ, որն օգտագործվում է քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար։ Բացի այդ, նանոռոբոտները պատված են ուրեազի մասնիկներով։ Այս ֆերմենտը «շարժիչի» դեր է կատրարում, փոխազդում է միզանյութի մոլեկուլների վրա, ինչից հետո «կենսաբանական ռոբոտները» տարածվում են ամբողջ միզապարկով, ու սկսում պայքարել գոյացության դեմ։
Գիտնականների ստեղծած գնդաձեւ ռոբոտների տրամագիծը 450 նանոմետր է․ այն մարդու մազից մոտ 200 անգամ բարակ է։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ գիտական նորույթը, գոնե որոշակիորեն, կհեշտացնի կամ կարզեցնի միզապարկի քաղցկեղի բուժումը: Մասնավորապես, կարող է կրճատել պացիենտի՝ հիվանդանոցում մնալու տեւողությունը, հետեւաբար՝ նաեւ ծախսերը։
Գիտնականները հուսով են, որ առայժմ միայն մկների վրա իրականացված գիտափորձը մոտ ապագայում կարող են տեղայնացնել նաեւ քաղցկեղով հիվանդ մարդկանց վրա։
Ս․Վ